[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության գործակալության առաջատար մասնագետի պաշտոնակատար Դավիթ Գաբրիելյանից, ԱՀ կառավարության 2017թ. ապրիլի 26-ի որոշմամբ իրականացվում է նոր` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիր:

 Ծրագիրն իրականացվում է ԱՀ կառավարության պետական բյուջեի, մասնավորապես` ՙՊետական աջակցություն գործազուրկներին՚ ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը չի գերազանցում երկու միլիոն դրամը: Կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց մեկ աշխատանքային օրվա համար առավելագույնը վճարվում է 6330 դրամ` ներառյալ եկամտային հարկը: Գումարը հատկացվում է ամենամսյա հայտի հիման վրա:

Համայնքի ղեկավարն ապահովում է չհաշվառված, գործազուրկի կարգավիճակ չստացած անձանց հաշվառումը գործակալությունում: Նա, գնահատելով համայնքում հասարակական աշխատանքների իրականացման կարիքը, երեք օրինակից կազմում է հասարակական աշխատանքների ծրագիր, որում նշվում են դրանց իրականացման նպատակը, կատարման ենթակա աշխատանքների ժամանակահատվածը, բնույթը, ծավալը, աշխատողների թվաքանակը, օրերի թիվը, անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, աղբահանության և այլ ծախսերի համար նախատեսվող գումարի հարաբերակցությունը ծրագրի ընդհանուր արժեքի նկատմամբ: Ծրագիրը ներկայացվում է շրջվարչակազմ: Վերջինս երկշաբաթյա ժամկետում նախարարության հետ համաձայնեցնում և հաստատում է ծրագիրը, որի իրականացման հերթականությունը որոշում է նախարարությունը:

Մարտունու շրջանում ծրագրի մեկնարկը տրվել է 2017թ. հոկտեմբերի 1-ին` Գիշիում: Համայնքին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 897610 դրամ:

Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետն երեք ամիս է, այնինչ համայնքի ղեկավարը ներկայացրել է մեկամսյա ժամկետ: Աշխատանքներին համայնքից ընդգրկված է 7 գործազուրկ:

Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 1-ից Սարգսաշենում սկսվել են համայնքի գերեզմանոցի տարածքի սանմաքրման, բարեկարգման աշխատանքները, որոնցում ընդգրկված է 5 գործազուրկ:

Ծրագրից օգտվելու համար հայտ են ներկայացրել նաև Սպիտակաշեն և Զարդանաշեն համայնքները: Հայտերը գտնվում են քննարկման փուլում:

Նշենք, որ 2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործակալությունում պաշտոնապես գրանցված աշխատանք փնտրողների թիվը հասնում է 152-ի, գործազուրկների թիվը` 145-ի  (101 կին, 44 տղամարդ), որից 62-ը 19-30 տարեկան  երիտասարդներ են:

Այս և պետության կողմից կյանքի կոչվող մյուս ծրագրերը միտված են զբաղվածության խնդրի ժամանակավոր լուծմանը:

 

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ 

ք. Մարտունի