[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԴՐԻՆ` ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Եվրոպա Դոննա Արմենիա՚ կազմակերպությունը հանդիսանում է եվրոպական (հիմնադրվել է Իտալիայում) կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող  ՙԵվրոպա Դոննա՚ կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում։ 

 Աշխարհի 47 երկրներում գործող բժշկական կազմակերպության նպատակը հասարակության շրջանում կրծքագեղձի քաղցկեղի խնդրի տեղեկացվածության բարձրացումն է, դրա վաղ հայտնաբերումը։ Հայաստանյան կազմակերպությունը, որն ստեղծվել է 2015 թվականին, արդեն լայն գործունեություն է ծավալել ՀՀ-ում և Արցախում։ 

Նոյեմբերի 27-ին կազմակերպությունը Բերձորի շրջանային բուժմիավորումում իրականացրեց բժշկական զննում և օգնություն կանանց շրջանում։ Կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը տեղեկացրեց, որ երկրորդ անգամ են այցելում Արցախ։ Նման բուժզննում արդեն կատարել են Հադրութի, Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Այս անգամ այցելել են Ասկերան և Քաշաթաղ։ Նրա խոսքով` տարբեր բուժհաստատությունների համապատասխան մասնագետ-բժիշկներ են իրականացնում այս առաքելությունը՝ օրական ընդունելով 50-60 այցելուի։ Արցախյան այցերն իրականանում են ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ 

Կեսօրին սոնոգրաֆիստ Մարգարիտա Բարեղամյանը, էնդոկրինոլոգ Սոֆյա Հովհաննիսյանը և մամոլոգ Մետաքսյա Մկրտչյանը 20-ից ավելի այցելուների էին զննել։ Ն. Քոչարյանը նաև նշեց. իրենց կազմակերպությունը կանանց անվճար բժշկական և իրավաբանական խորհուրդներ է տալիս։ 

Այցելուները  կարևորեցին նման միջոցառումները, շնորհակալություն հայտնեցին կազմակերպությանը, բժիշկներին, որ իրենց բնակավայրում կարողացան բժշկական օգնություն ստանալ։ Քաշաթաղի բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը ևս բարձր գնահատեց բժիշկների այցը։ Մեր բնակիչները կարողացան տեղում զննվել, ստանալ բժշկական օգնություն, խորհրդատվություն։ Նա ուրախությամբ  նաև իրազեկեց, որ այս օրերին վերսկսվել է շրջանային բուժմիավորման նոր շենքի շինարարությունը, և հույս կա 2018-ին ունենալ հիվանդանոցի նոր, բարեկարգ և սարքավորումներով հագեցված շենք։ 

                                                       

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր