[ARM]     [RUS]     [ENG]

ՙԷԿՈՍԵՆՍ՚ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

Գիտաժողով Հանրապետական բժշկական կենտրոնում

 ՀՀ ՙԷկոՍենս՚ ախտորոշիչ կենտրոնի մասնագետները նոյեմբերի 27-28-ը հերթական անգամ Ստեփանակերտի ՙԴենտեքս Դենտալ Գրուպ՚ ՍՊԸ-ում կազմակերպված ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում իրականացրին անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։ Դրան զուգահեռ ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում հայաստանյան մասնագետների կողմից կազմակերպվեց գիտաժողով՝ վահանաձև գեղձի համալիր բուժման, կանացի օրգանների ժամանակակից հետազոտությունների, ներարգանդային վարակների պատճառով հղիության ընդհատման թեմաներով։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը, ոլորտի պատասխանատուներ և բուժաշխատողներ։ ՙԷկոՍենս՚ ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Ինեսա Նազարյանի պարզաբանմամբ՝ հերթական այցի նպատակն էր ներկայացնել տեղի բուժաշխատողներին բժշկագիտության ոլորտի ժամանակակից հետազոտությունների ծավալը, ինչպես նաև Կենտրոնի կողմից իրականացվող վերջին ախտորոշիչ մոտեցումները, ու տեղում անվճար անցկացնել գինեկոլոգի, ռևմատոլոգի, ուռուցքաբանի, սրտաբանի խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բիոպսիա։ ՙՄենք ունենք բարի ավանդույթ, համաձայն որի` բոլոր այն նորամուծություններն ու ժամանակակից հետազոտությունները, որոնք արդեն կիրառվում են ՀՀ-ում, ձգտում ենք հասանելի դարձնել նաև Արցախում, որպեսզի տեղի հիվանդները չմեկնեն Երևան, հետազոտվեն, ախտորոշվեն և բուժվեն Ստեփանակերտում։ Իմ խորին համոզմամբ, ամեն մեկս պարտավոր ենք մեր լուման ներդնել Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում, նման ծրագրերով փորձում ենք Արցախն էլ մասնակից դարձնել ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին՚,-նշեց Ի. Նազարյանը։ 

ՙՇենգավիթ՚ և ՙԷկոՍենս՚  բժշկական կենտրոնների  բժիշկ-գինեկոլոգ,  բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը գիտաժողովին ներկայացավ կանացի օրգանների, մասնավորապես` արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների ախտորոշման նոր մեթոդների թեմայով։ Նրա պարզաբանմամբ՝ ՙԷկոՍենսը՚ ներկայացնում է ՀՀ-ում բջջաբանական հետազոտությունների լավագույն տարբերակները, որոնք իրականացվում են նորարարական տեխնոլոգիաներով` որակի միջազգային չափանիշներին համապատասխան: Վիճակագրական տվյալներով՝ կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերն աճել են, ուստի անհրաժեշտ է այդ հիվանդություններն ախտորոշել առավել վաղ շրջանում ու կանխարգելել բարդությունները, որոնք տանում են մահվան։ Ռ. Վարդանյանի խոսքով՝ նման գիտաժողովներն էլ նպաստում են կանանց առողջության բարելավման խնդիրների պարզաբանմանը։ Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ՙԷկոՍենս՚ ախտորոշիչ կենտրոնի փոխտնօրեն Նարեկ Պապանյանը, Հայկական հակաուռուցքային լիգայի փոխնախագահ, բ.գ.թ. Արամ Բադալյանը։ 

ՙԷկոՍենս՚-ի  բժշկական լաբորատորիան ՀՀ-ում լաբորատոր ախտորոշման մեջ առաջատար դիրք է գրավում: Այն համագործակցության վստահելի կապեր ունի ախտորոշիչ սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների հետ, և հետազոտություններն իրականացվում են լավագույն լաբորատոր սարքավորումներ արտադրող ընկերությունների մեքենայացված անալիզատորներով (Siemens, Roche, Quiagen, Sysmex և այլն), որոնք հնարավորություն են տալիս կենսանմուշների մեծ ծավալները հետազոտել օպերատիվ և բարձր որակով:

ՙԷկոՍենս՚-ի ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանի պարզաբանմամբ՝ ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում հետազոտված հիվանդների շրջանում առկա էին բորբոքային և ոչ բորբոքային, ինչպես նաև աղերի կուտակումով հիվանդություններ։ Հիվանդները ստացել են համապատասխան խորհրդատվություն և բուժում։ Իսկ բարձր որակավորում ունեցող սրտաբան Զարուհի Հովսեփյանը նշեց, որ, խորհրդատվություններին զուգահեռ, համարյա բոլոր հիվանդները հետազոտվել են էլեկտրասրտագրության սարքով և ստացել անհրաժեշտ ցուցումներ։ Զննումները փաստում են, որ հիվանդներն ունեն արտահայտված իշեմիկ կարդիոմիոպատիա, առիթմիա, սրտի փականային խնդիրներ, լայնացած խոռոչներ, զարկերակային գերճնշում։ Սրտաբանը կարգավորել է նշյալ հիվանդների կողմից ընդունվող դեղորայքի չափաբաժինները կամ էլ դրանք փոխել։ ՙԱյս կարճ հետազոտությունների ընթացքում հնարավորություն չկար իրականացնել Հոլտեր մոնիտորինգ (էլեկտրասրտագրության 24-ժամյա գրանցում), բայց մարդկանց խորհուրդ է տրվել անցնել այդ հետազոտությունը, որպեսզի ի հայտ եկած խնդրի աստիճանը որոշվի և նշանակվի համապատասխան բուժում։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ գոնե տարին մեկ անգամ պարտադիր պետք է հետազոտվի էլեկտրասրտագրության սարքով, որպեսզի շեղումների դեպքում սրտաբանի ուղղորդմամբ շարունակի հետազոտությունը` բարդությունները կանխարգելելու նպատակով՚,- ասաց Զ. Հովսեփյանը։ Սրտաբանը բնակչությանը խորհուրդ տվեց հետևել սրտի աշխատանքի ծանրաբեռնվածությանը, հատկապես ովքեր պարապում են տարբեր մարզաձևերով, պարբերաբար պետք է ստուգեն իրենց սրտի վիճակը։ Բացի դրանից, վերջերս ՀՀ-ում և ԱՀ-ում տարածվել են վահանաձև գեղձի հիվանդությունները, որոնք նույնպես բերում են սրտի ռիթմի խանգարումների։ Ուստի մասնագետը հորդորեց հետազոտվել, որպեսզի այլ հիվանդությունների ազդեցությունների հետևանքով սիրտը չախտահարվի։ 

Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում սրտաբանի կողմից հետազոտվեց 58, գինեկոլոգի՝ 27, ռևմատոլոգի՝ 55, ուռուցքաբանի՝ 50 և սոնոգրաֆիստի (ուլտրաձայնային հետազոտություն) կողմից` 70 հոգի։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ