[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԻՆՏԵԳՐԵԼՆ Է

 

 

 

ՙԳթության մայր՚ մշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականին։ Կազմակերպության նպատակն է նպաստել հանրապետության մշակութային կյանքի զարգացմանը, դրա համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու պահպանմանը, Արցախի տարածքում մշակութային հիմնախնդիրների լուծմանը հնարավորինս օժանդակելը։

Այս ամենի շրջանակներում կառույցը տարբեր ժամանակներում տարբեր ծրագրեր իրականացրել, բայց ավելի շատ ուշադրության կենտրոնում է պահել հաշմանդամ երեխաներին. նման կարգավիճակ ունեցող, ինչպես նաև սակավակարող ընտանիքների երեխաների համար ճամբարներ ու հոգևոր դասեր է կազմակերպում, կարիքավորներին օգնություն տրամադրում և այլն։

ՙԳթության մայր՚ կազմակերպության նախաձեռնած հերթական միջոցառումը, որ նվիրված էր Հաշմանդամների միջազգային օրվան, տեղի ունեցավ Ստեփանակերտի ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահում՝ դեկտեմբերի 3-ին։ Վայրը պատահական չէր ընտրված. միջոցառման հովանավորը ՙՆադեժդա՚-ի տնօրեն Կամո Գրիգորյանն էր, ով մեկ անգամ չէ ձեռք մեկնել ինչպես առանձին անհատների, այնպես էլ տարբեր հասարակական կառույցների։ Կազմակերպության անդամներն ու սրահի տնօրինությունը ջանք ու եռանդ չեն խնայել միջոցառման մասնակիցների՝ մանկուց հաշմանդամ մոտ 50 երեխաների օրն ինչ-որ ձևով տոնական դարձնելու համար։ 

Օրվա կապակցությամբ երեխաներին ուղղված խոսքում ՙԳթության մայր՚ կազմակերպության նախագահ Իրինա Քեշիշյանն ուրախ ժամանց մաղթելով՝ խոսեց հաշմանդամների բազմատեսակ խնդիրների, նրանց շահերի պաշտպանության և առկա ձեռքբերումների մասին։ ՙՄեր նպատակը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելն է՚,- ասաց նա։

Միջոցառումը վարող՝ լրագրող Հունան Թադևոսյանն իր հերթին ձգտում էր միջոցառումը հետաքրքիր և գունավոր դարձնել՝ կազմակերպելով մատչելի խաղեր, վիկտորինաներ, իհարկե, հաշվի առնելով երեխաների ֆիզիկական և մտավոր  կարողությունները։ 

Երգ-երաժշտությունը նույնպես ապահովել էր Հանդիսությունների սրահի տնօրինությունը։ Երաժշտական հետաքրքիր համարներով՝ երգ ու պարով, ինչպես նաև արտասանությամբ հանդես եկան ՙԳթության մայր՚ կազմակերպության անդամների զավակները.  

Ծնողների անունից Գայանե Ուլուբաբյանը շնորհակալություն հայտնեց Իրինա Քեշիշյանին և Կամո Գրիգորյանին՝ օրը միասնական նախաձեռնությամբ հիշարժան դարձնելու, իրենց երեխաներին փոքրիշատե ուրախություն պարգևելու համար։

Հուրախություն երեխաների՝ ամեն ինչ սպասվածից էլ լավ ստացվեց, և տարվա այս մի հատիկ օրը նրանք էին ուշադրության կենտրոնում, ինչին ի պատասխան երեխաները թախծոտ ժպտում էին, հնարավորինս շփվում հյուրերի հետ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ