[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՎՐՈՊԱ ԴՈՆՆԱ ԱՐՄԵՆԻԱ՚-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Անվճար խորհրդատվություններ  և վիրահատություններ

 Արդեն երկրորդ անգամ ՙԵվրոպա Դոննա Արմենիա՚ կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի բժիշկներն այցելեցին Արցախ: Այս անգամ նույնպես կառույցի մասնագետները խորհրդատվություններ ու հետազոտություններ իրականացրին Արցախի շրջաններում։ Նոյեմբերի 22-30-ը Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջանային բուժմիավորումներում նշյալ բժիշկները կատարեցին կրծքագեղձի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություններ, ուռուցքաբանի, էնդոկրինոլոգի խորհրդատվություններ և ցուցումներ: Այցի շրջանակներում նշյալ բժիշկները Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ևս կազմակերպեցին ՙԲաց դռների օր՚  զինծառայողների ընտանիքների անդամների և կին զինծառայողների համար: 

ՙԵվրոպա Դոննա Արմենիա՚-ն առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը հանդիսանում է ՙԵվրոպա Դոննա՚ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող եվրոպական կազմակերպության բացառիկ ներկայացուցիչը: Կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2015թ. հունվարին, որի նպատակն է պայքարել կրծքագեղձի քաղցկեղի դեմ, բարձրացնել իրազեկվածությունը ախտի նկատմամբ, բարձրաձայնել դրա վաղ հայտնաբերման առավելությունների մասին, իրականացնել տարբեր տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ։ 

Կառույցի ղեկավար Նվարդ Քոչարյանին դեկտեմբերի 1-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը: Նախարարին ներկայացնելով առաքելության նպատակը` Ն. Քոչարյանը նշել է, որ Արցախի կանայք պետք է հնարավորություն ունենան պարբերաբար ու լիարժեք հետազոտվել՝ ժամանակին կանխարգելելու քաղցկեղածին հիվանդությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հարցերը: Կ. Աթայանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ղեկավարին՝ Արցախում իրենց կողմից իրականացվող աշխատանքների համար, և հույս հայտնեց, որ նման ձևաչափով համագործակցությունը կշարունակվի ի նպաստ Արցախի ազգաբնակչության: Ն. Քոչարյանի հավաստմամբ՝ հաջորդ այցն Արցախ նախատեսվում է գարնանը:

ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում հետազոտվել է շուրջ 400 կին, էնդոկրինոլոգի խորհրդատվություն են ստացել նաև տղամարդիկ: 

ՙԵվրոպա Դոննա Արմենիա՚  հայաստանյան մասնաճյուղի նախագահը շնորհակալություն հայտնեց  ԱՀ առողջապահության նախարար Կ. Աթայանին և ԱԺ պատգամավոր Արարատ Օհանջանյանին՝ ծրագրին մշտապես աջակցելու համար։ ՙԱրցախ աշխարհը յուրօրինակ ձգողականություն ունի: Մեկ անգամ այստեղ լինելուց հետո միշտ ցանկանում ես կրկին գալ, զգալ այս հողի ուժը և փոքր-ինչ օգտակար լինել սիրելի արցախցիներին: Ի ուրախություն մեզ` գտնվեցին բարի մարդիկ, ովքեր աջակցեցին ծրագրի իրականացմանը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին կատարեցին, հիրավի, բարի գործ: Լիահույս եմ, որ մեր հաջորդ այցն Արցախ կլինի 6 ամիս հետո՚,- հավելեց Ն. Քոչարյանը: 

Նույն ժամանակաընթացքում ԱՀ ԱՆ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ուրոլոգ, ՙԱրաբկիր՚ բժշկական համալիրի տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Սերգեյ Բաբլոյանն անվճար կատարեց ուրոլոգիական բարդ վիրահատություններ։ Այդ  ընթացքում  բժիշկն իրականացրել է 6   բարդ  վիրահատություն  և  40  խորհրդատվություն։ Ի դեպ, առաջին  անգամ կատարվել   է  միզապարկ-միզածորանային  երկկողմանի   ռեֆլյուքս   վիրահատություն:

Բոլոր վիրահատական միջամտությունները  կատարվել   են  տեղի բժիշկների մասնակցությամբ։ Այցի նպատակն էր նաև ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման  ուրոլոգիական ծառայության  բժիշկների հետ կիսվել մասնագիտական փորձով, ոլորտի վերջին մոտեցումներով։ Համագործակցությունը կրելու  է  շարունակական  բնույթ:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ