Logo
Print this page

ՁՄՌԱՆԸ` ԱՆԽԱՓԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

2017- 2018թթ.  ձմռանը պատշաճ  կերպով  նախապատրաստվելու  նպատակով Հադրութի շրջանի բյուջետային հիմնարկների, տնտեսվարող սուբյեկտների և  համայնքների ղեկավարները, ըստ  բնագավառների և բնակավայրերի, քննության են   առել  ձմռան նախապատրաստական  աշխատանքների  ընթացքը,  մշակել ծրագրեր  վառելափայտի  ձեռքբերման,  էլեկտրաապահովման, ջրամատակարարման, կոյուղային  համակարգերի  նորոգման, ճանապարհների  անվտանգ  երթևեկության  ապահովման  ուղղությամբ:

Կատարված աշխատանքների վերաբերյալ նոյեմբերի 1-ին ընդունվել է շրջվարչակազմի ղեկավարի ՙ2017-2018թթ. ձմռան նախապատրաստման ուղղությամբ շրջանում կատարված աշխատանքների մասին՚ որոշումը:

Արդեն  մթերվել և դպրոցներ է տեղափոխվել  1264 խոր/մ  վառելափայտ: Դպրոցներն ապահովված են վառարաններով: 2017-2018թթ.  ձմռանը  Հադրութի, Տողի, Դրախտիկի, Քյուրաթաղի, Հակակուի, Արևշատի, Առաջամուղի, Բանաձորի, Առաքելի, Ուխտաձորի, Ազոխի դպրոցների, Դրախտիկի, Ազոխի, Տողի  մանկապարտեզների  ջեռուցումն  իրականացվելու է  կենտրոնացված ձևով: Շրջանի  դպրոցները  ենթարկվել են  ընթացիկ  վերանորոգումների, որի  համար տրամադրվել են անհրաժեշտ  միջոցներ:  

Շրջանի  բուժական  համակարգում  նույնպես  որոշակի  աշխատանքներ են  տարվել  ձմռան  նախապատրաստման  ուղղությամբ: Հադրութի բուժմիավորման մասնաշենքերը կջեռուցվեն կենտրոնացված  կարգով: Արտակարգ իրավիճակներում աշխատելու նպատակով ՙՀադրութի բուժմիավորում՚ ՓԲԸ-ն մթերել է ևս 20 խոր/մ վառելափայտ: Շրջանի 26 բուժական մանկաբարձական կետերը և 4 գյուղական ամբուլատորիաները լրիվությամբ ապահովված են վառելափայտով: 

Շրջկենտրոնում  գործող և  կենտրոնացված  ջեռուցումից  չօգտվող հիմնարկ-ձեռնարկությունները, ՊՈԱԿ-ները ևս  ապահովված են վառելափայտով: Շրջանի 30 համայնքներից  25-ի աշխատակազմերը և ակումբները ձմռան ժամանակաշրջանում ջեռուցումը կիրականացնեն վառելափայտի միջոցով: Այդ նպատակին պլանով նախատեսված  գումարները դեռևս լրիվությամբ չեն հատկացվել: Ֆինանսավորման բացակայության պատճառով հոկտեմբերի 31-ի դրությամբ վառելափայտ չեն մթերել Հադրութ, Ազոխ, Առաքել, Առաջամուղ, Տումի, Պլեթանց համայնքները։

Ըստ  հաստատված  ծրագրի` ՙԱրցախէներգո՚  ՓԲԸ-ի Հադրութում գործող ՙԴիզակ՚  մասնաճյուղը  շրջանում  էլեկտրաէներգիայի  անխափան  մատակարարումն ապահովելու  նպատակով  իրականացնում է  մի  շարք  միջոցառումներ:  2017 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել 10կՎտ և 0,4 կՎտ էլեկտրական գծերի  հենասյուների փոխման, ծառերի հատման, էլեկտրագծերի ձգման, 10կՎտ ենթակայանների բաժանիչների կարգավորման, ուժային ենթակայանների պարպիչների փոխման ուղղությամբ:  Գործընթացում կարևորվում է նաև  ջրամատակարարման  և  ջրահեռացման  համակարգի  անխափան   աշխատանքը: Աշխատանքներ  պետք է  տարվեն  նաև  ջրահեռացման  համակարգն անխափան  գործարկելու  ուղղությամբ. կարճ  ժամանակում  պետք է  մաքրվեն  ջրահեռացման  ուղիները  և  վերանորոգվեն  կոյուղիների  հավանական  վթարների  ենթակա  հատվածները: ՙԱրցախգազ՚  ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի կողմից աշխատանքներ են իրականացվել անխափան գազամատակարարում ապահովելու ուղղությամբ: Գազատար օդային խողովակների շուրջ իրականացվել են ծառահատման աշխատանքներ, վերանորոգվել են գազաբախշիչ կետերը։

Ձմռան  ժամանակաշրջանում   տեղական  նշանակության  ճանապարհների  անխափան  շահագործումն  ապահովելու համար ասֆալտապատվել է է Հյուսիս-հարավ մայրուղու մոտ 3 կմ հատվածը:   Վերանորոգման աշխատանքներ են տարվել  Խծաբերդ տանող ճանապարհի վրա:     Վերանորոգվել է խճուղի-Մելիքաշեն-Պլեթանց-Ակնաղբյուր ճանապարհահատվածը: Վերանորոգվել է   Տող-Թաղուտ-Հակակու ճանապարհը: Մոխրենես համայնքը կապող ճանապարհը ևս վերանորոգվել է: Ձմռան  շրջանում  ճանապարհների  մերկասառույցի  դեմ  պայքար  կազմակերպելու  համար        ՙԱրցախուղի՚ ՓԲԸ  Հադրութի տեղամասն  անհրաժեշտ քանակի տեխնիկական  աղի  պաշարներ է  ձեռք  բերել  և  ճանապարհների  եզրերին ավազ  և  խիճ կուտակել:   

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.