[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԼՈՒՍԱՁՈՐՈՒՄ

Վերջին մի քանի տարիներին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրերը գերազանցապես ուղղված են բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։  Հիմնադրամի միջոցներով Արցախի Հանրապետությունում բազմազավակ շատ ընտանիքներ արդեն իսկ իրենց  սեփական տանիքն ունեցան։

Ներկայում շրջանում կառույցի միջոցներով Նորագյուղ, Իվանյան, Խնձրիստան և Քռասնի համայնքներում կառուցվում են համայնքային կենտրոններ, իսկ Ուղտասար համայնքում` դպրոցական շենք։ 

Հիմնադրամի միջոցներով աստիճանաբար լուծվում են նաև բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրները։ Օրերս` տարեմուտի նախաշեմին, լուծվեց ևս մեկ բազմազավակ ընտանիքի ամենացավոտ հարցը։  Այս անգամ ծրագրի հասցեատերը Լուսաձորի համայնքի բազմազավակ ընտանիքներից մեկն էր` Գարիկ և Էվելինա Պետրոսյանները` ամուսիններ, ովքեր մեծ հանդիսավորությամբ նշեցին իրենց բնակարանամուտը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, լուսաձորցիներ, ովքեր եկել էին կիսելու իրենց համագյուղացու ուրախությունն ու բերկրանքը։ 

Լիիրավ տանտիրոջ իրավունքով կարմիր ժապավենը կտրեց ընտանիքի հայրը՝ Գագիկ Պետրոսյանը, ում շուրջը ուրախ թռչկոտում էին հինգ երեխաները` րոպե առաջ ոտք դնելու նորակառույց ու հարմարավետ բնակարանը։ Հնչում են շնորհակալության ու երախտիքի խոսքեր Տորոնտոյի Կարպիս Նորյան ընտանիքին, ում հովանավորչությամբ կառուցվել է բնակարանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին` նոր տարվա նախօրեին անփոխարինելի նվեր մատուցելու համար։ 

Ինչպես նշեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, այս ծրագիրը շարունակվելու է, և նրանք նպատակ ունեն օգնության ձեռք մեկնել դժվար կացության մեջ գտնվող բազմազավակ ընտանիքներին։

-Շփվելով նման ընտանիքների հետ` հասկանում և համոզվում ես, թե որքան կարևոր է բնակարանային խնդրի լուծումը. նրանք, իրոք, արժանի են ապրելու բարեկեցիկ պայմաններում։ Սա Արցախում շահագործման հանձնված 25-րդ տունն է, իսկ 10 տան շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են,- ասաց Ա. Վարդանյանը։

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը  նշեց այն հանգամանքը, որ սփյուռքահայ մեր բարերարները, ապրելով մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու, մտահոգված են արցախահայության կենսակերպով։ Արցախի կառավարությունն ու ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն էլ իրենց հերթին անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի բազմազավակ ընտանիքների երեխաները մեծանան, դաստիարակվեն բնականոն պայմաններում։  Քաղաքաշինության նախարարի խոսքով` հանրապետությունում  բնակարանային խնդիր ունեցող ընտանիքները բազմաթիվ են, որոնցից 228-ը բնակարանային լուրջ խնդիրներ ունեն։

Ինչպես նշեցինք, Պետրոսյանների բազմազավակ ընտանիքում հինգ երեխա է մեծանում` երեք տղա, երկու աղջիկ։ Զավակներից ավագը 12, իսկ կրտսերը 2 տարեկան է։ Նման բնակարանի կարիք բազմազավակ ընտանիքը վաղուց ուներ։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց։ Բարերարները լուծել են նաև բնակարանը կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու հարցը։ Ընտանիքի մայրը` Էվելինան, հուզմունքը մի կերպ զսպելով, արդեն անցյալով է խոսում ետևում թողած ծանր ու դժվարին տարիների մասին, երբ ստիպված էին ապրել մեկսենյականոց բնակարանում։ Առավել հուզված ու երջանիկ էին աղջիկները, ովքեր երազում էին իրենց սեփական սենյակն ունենալ։ Եվ այսօր, տեսնելով կահավորված առանձնասենյակը, ուրախությունից նրանց աչքերից արցունքներ են գլորվում։ 

Գարիկ Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով բարերարներին, նշում է, որ արդեն որոշակի ծրագիր ունի տնամերձ 1200 քառակուսի մետր տարածքի համար։ Նրա խոսքվ՝ տարածքը շատ հարմար է այգի հիմնելու համար։ 

Ողջունելի է, որ մեր հանրապետությունում պետական մակարդակով իրականացվում է 6 և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարանային պայմաններով ապահովելու ծրագիրը։ 2016-ից սկսած բնակարաններ սկսեցին կառուցվել նաև 5 երեխա ունեցող ընտանիքների համար։ Հուսով ենք, ծրագիրը շարունակական բնույթ կկրի, իսկ Արցախում կավելանա բազմազավակ ընտանիքների թիվը։ Քանզի գիտակցումը, որ քո թիկունքին համայն հայությունն է կանգնած, ոգևորում, միաժամանակ հուսադրում է, որ բազմազավակ ընտանիքները միայնակ չեն իրենց հոգսերի հետ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան