Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՅՔԱՐԻ ՍՐԲԱԶԱՆ ՈՒԽՏԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Ազատամարտիկ Արման Ստեփանյանի ծննդյան 35-ամյակին նվիրված հուշ¬ցերեկույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան հ 10 հիմնական դպրոցում։

Այն մեկնարկեց Արցախյան պատերազմի նահատակ սաների հիշատակը հավերժացնող Փառքի սրահում ծաղիկների խոնարհմամբ։ Այնուհետև ներկաները մասնակցեցին դպրոցի շրջանավարտ Արման Ստեփանյանի անվամբ 1-ին ՙե՚ դասարանի անվանակոչման արարողությանը։ Շուրջ երեք տասնյակ դպրոցականներ երդվեցին հավատարիմ լինել հայրենիքի նվիրյալների սուրբ պատգամին:

Հանդիսավոր միջոցառմանը բացման իր խոսքում դպրոցի փոխտնօրեն, միջոցառման կազմակերպիչ Անահիտ Սարգսյանն ասաց, որ Արմանը հայրենիքի համար կատարեց զինվորի իր պարտականությունը` մինչև վերջ հավատարիմ մնալով պայքարի սրբազան ուխտին։

Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանն իր ելույթում նշեց. հայ ժողովուրդը վառ անհատականությունների պակաս երբեք չի զգացել։ Նրանցից շատերն անհուն կարոտով ձուլվեցին մայր հողին, մենք ապրում ենք նրանց կերտած նոր կյանքով, ապրում նաև նրանց փոխարեն, որ չդարձան մարտից` որպես կյանքի ու անմահության անխորտակ վկա: Դպրոցի սաներն ու Ն զորամասի շարքայիններ Գագիկ Հարությունյանն ու Մարատ Աբրահամյանը ռազմահայրենասիրական բնույթի հայտնի ու անհայտ բանաստեղծություններից ու երգերից մի գեղեցիկ շարք էին հյուսել՝ մեծարելով հավերժության ճամփան բռնած հերոս նահատակներին։  Միջոցառման մասնակիցները սիրով ունկնդրեցին շարքային Գագիկ Հարությունյանի հեղինակած ՙՈրերորդ անգամ՚ երգը (խոսքերի հեղինակ` Հերմինե Ավագյան)՝ նվիրված Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին։ Ներկաները ոտքի վրա ունկնդրեցին Արման Ստեփանյանի կենսագրությունը։ Ասվեց, որ մերօրյա հերոսը, ավարտելով դպրոցը, ժամկետային զինվորական ծառայության է անցել հրետանային զորամասում։ 2014թ. հոկտեմբերին, իր իսկ խնդրանքով, տեղափոխվել է 7-րդ պաշտպանական շրջան նշանակվել զորամասի սպա¬հոգեբանի պաշտոնին։ Ծառայության մեջ իրեն դրսևորել է որպես խելացի, կարգապահ և կազմակերպչական ընդունակություններով օժտված սպա։ Մշտապես գտնվում էր շարքային զինվորների կողքին՝ մարտական  դիրքերում։ Իր առջև դրված մարտական խնդիրներն Արմանն իրականացնում էր պատասխանատվությամբ ու մեծ նվիրումով։ 2015թ. սեպտեմբերի 4-ին, ծառայողական խնդիրը կատարելու ժամանակ, դիվերսանտի արձակած կրակոցներից ընկավ ավագ լեյտենանտ Արման Ստեփանյանը: 

Օրվա հերոսի հայրը՝ Վաչագան Ստեփանյանը, ով նույնպես Արցախյան պատերազմի նվիրյալներից է, իր խոսքում ասաց, որ Արմանի մանկությունը համընկել է Արցախյան պատերազմի հետ, և քանի որ ինքը մշտապես դիրքերում էր, տան ողջ հոգսն ընկած էր դպրոցական Արմանի ուսերին։ Նա անտառից վառելափայտ էր բերում, հեռվում գտնվող աղբյուրից ջուր կրում և միաժամանակ օգնում հարևաններին։ Նա իր աստվածաշնորհ կյանքի 33 տարիներից 16-ը անց է կացրել Պաշտպանության բանակի շարքերում։ Վ. Ստեփանյանի հավաստմամբ, չնայած իր ցավը խորն ու անբուժելի է, բայց, մյուս կողմից, հպարտ է, որ որդին ընկել է մարտական դիրքերում, մարտական խնդիր կատարելիս։ Նա մեծ երազներ ուներ երկու որդիների ու դստեր հետ կապված, սակայն չհասցրեց ի կատար ածել։ Երեխաներին ամենայն հոգածությամբ խնամում ու դաստիարակում է Արմանի կինը՝ Հելենը, ով հայուհուն վայել արժանապատվությամբ է կրում իր խաչը։

ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահի տեղակալ Ռոման Բաբայանը, գլուխ խոնարհելով հերոսներ ծնած մայրերի առջև, ասաց. թող այսուհետ հայ մոր աչքն արցունք չտեսնի, այսուհետ հավաքվեն միմիայն կենդանի հերոսներին մեծարելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց դպրոցի ողջ կոլեկտիվին` հերոսներին մեծարելու համար և դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության բարձր դրվածքի համար դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանին պարգևատրեց կազմակերպության մեդալով։ Իր հերթին դպրոցի տնօրենը սերտ համագործակցության համար պատվոգրով պարգևատրեց Ն զորամասի շարքայիններ Գագիկ Հարությունյանին ու Մարատ Աբրահամյանին։  Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը բարձր գնահատեց բոլոր նրանց ներդրումը, ովքեր պատվով են հաղթահարել դժվարին ու քարքարոտ ճանապարհը։ Ըստ Կ. Մարգարյանի, մի բան պարզ է. այն ժողովուրդը, որն ունի նման որդիներ, նման սերունդ  միշտ անպարտելի է։ Նրա բնութագրմամբ` օրվա գրական¬գեղարվեստական ցերեկույթը յուրօրինակ խոսք է ու յուրօրինակ միջոցառում ոչ միայն նահատակների հիշատակին, այլ նաև ուղերձ է նրանց հարազատներին: Այն մեծարանքի խոսք է նրանց, ովքեր այսօր հայրենիքի սահմաններին կանգնած են խրոխտ ու աներեր, և շնորհիվ նրանց կարողանում են սերունդ դաստիարակել։ 

Միջոցառումն ավարտվեց կրթօջախի սաների հաղթական պարով։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ