ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ՇՈՒՆՉՆ ԱՐԴԵՆ ԶԳԱՑՎՈՒՄ Է
Մայրաքաղաք Ստեփանակերտում ամենուրեք զգացվում է Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների շունչը:
Ինչպես միշտ, այս տարի ևս Ստեփանակերտի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` պատշաճ կերպով անցկացնելու ամանորյա տոները, ինչի համար ստեղծված է միջոցառումների անցկացման հանձնաժողով, որում ընդգրկված են Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների պետերը, ենթակա ծառայությունների տնօրենները, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի պետը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի տեղակալը, Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների բաժնի պետը և ՙՎեգաս՚ դիզայներական ընկերության տնօրենը: Հանձնաժողովի նախագահը Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանն է:
Ըստ Ա. Հակոբյանի, տոնական միջոցառումների ծրագիրը հաստատված է, մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն էլ սկսված են: Քաղաքապետարանը դիմել է բոլոր պետական և հասարակական կառույցներին` իրենց և հարակից տարածքները զարդարելու համար: Մոտ օրերս կավարտվեն մի շարք կենտրոնական փողոցների, պետական հաստատությունների և հասարակական օբյեկտների ու հարակից տարածքների լուսային էֆեկտներով ձևավորումները: Վերածննդի հրապարակում սկսված է գլխավոր տոնածառի տեղադրումը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի մշակույթի տան ուժերով կազմակերպված համերգով: Տոնածառներ կտեղադրվեն և կձևավորվեն նաև Հաղթանակի հրապարակում և Շահումյանի անվան պուրակում:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 18-31-ը Վերածննդի հրապարակում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ: Այդ օրերին սպասվում են նաև Ամանորյա անակնկալներ:
Ծրագրի շրջանակներում նախադպրոցական տարիքի երեխաների համար մայրաքաղաքի հ. 1, 5, 8 և 10 դպրոցներում Ստեփանակերտի մշակույթի տան ուժերով դեկտեմբերի 26-29-ը կկազմակերպվեն ամանորյա շոու-հանդեսներ, որտեղ Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը երեխաներին կմատուցեն անակնկալներ, կբաժանեն նվերներ: Շեշտենք, որ մանկապարտեզ այցելող երեխաների համար Նոր տարվա հանդեսներ կկազմակերպվեն մանկապարտեզներում: Դպրոցներում Ամանորյա նվերները կբաժանվեն ինչպես մանկապարտեզ չայցելող, այնպես էլ մինչև 4-րդ (ներառյալ) դասարանի երեխաներին: Ի դեպ, նշենք, որ հանդիսություններին մասնակցելու համար Չարենցի անվան թիվ 7 դպրոցում դեկտեմբերի 18-23-ը, ժամը 10:00-16:00-ը կանցկացվեն 2016թ. դեկտեմբերի 31-ին (ներառյալ) ծնվածների և նախադպրոցական երեխաների ու նրանց ծնողների փաստաթղթերի գրանցումը: Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը (բնօրինակը) և ծնողների կամ նրանց փոխարինողների անձանց անձնագրերը կամ անձնագրերի պատճենները:
Դեկտեմբերի 31-ի առավոտյան, հատուկ զարդարված մեքենայով, որտեղից կհնչեն ուրախ, տոնական երգեր, Ստեփանակերտի մշակույթի տան ներկայացուցիչները Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ մեկտեղ կշրջեն քաղաքով` տոնական տրամադրություն հաղորդելով, փոքրիկ անակնկալներ բաժանելով և շնորհավորելով քաղաքացիների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Երեկոյան ստեփանակերտցիներին լուսային սարքավորումներով և թվային էկրանով ձևավորված բեմից կողջունեն և իրենց արվեստը կներկայացնեն մշակութային օջախների սաները: Տոնական համերգից հետո երկինքը կլուսավորվի շքեղ հրավառությամբ:
Էմմա ԲԱԼԱՅԱՆ