[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵՎԱՆԻԿՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՈՒՂՏԱՍԱՐ

Օրերս ՙԹևանիկ՚ բարեգործական ծրագրի պատասխանատուները կրկին Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում էին։

Բարեգործներին ուղեկցում էր ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ Ուղտասարցիները մեծ խանդավառությամբ ու տոնական բարձր տրամադրությամբ ընդունեցին իրանահայ բարերարներին, ովքեր եկել էին հերթական բարեգործական ծրագրով։ Թևանիկցիների հերթական ծրագիրն ընդգրկեց դպրոցն ու նրա աշակերտներին։ Այս անգամ նվիրատուները դպրոցի համար համակարգիչներ և մարզական գույք էին բերել, իսկ դպրոցականների համար` մարզական հագուստ։

Ողջունելով հայրենակիցներին` Ա. Գաբրիելյանը նշեց, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի գործունեությունը միշտ ուղղված է լինելու մեր պետականության ամրապնդմանը։ Նա  ներկայացրեց ՙԹևանիկ՚ բարեգործական ծրագրի նպատակներն ու նախաձեռնողների մտահղացումները։ Ներկաներին սրտի խոսք ասաց ծրագրի համակարգող Անահիտ Բեգլարյանը։ Նրա խոսքով` կազմակերպության նպատակն ու գաղափարն է ունենալ համահայկական մտածողություն, քանզի, ապրելով Իրանում, նրանք ամեն առիթ օգտագործում են` լինելու Արցախում և Հայաստանում բնակվող և իրենց աջակցության կարիքը զգացող հայրենակիցների կողքին։ 

ՙՀաշվի առնելով Արցախի ներկայիս յուրահատուկ իրավիճակը, մեր ուշադրությունը սևեռում ենք արցախյան սահմանամերձ բնակավայրերի վրա։ Անում ենք մեր հնարավորությունների առավելագույնը` փորձելով ընդլայնել կատարվող բարեգործական ծրագրերի շրջանակը՚,-ասաց տիկին Անահիտը։ 

Ուղտասարի հիմնական դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանը երախտագիտությունը հայտնեց բարերարներին, որոնք շատ կարճ ժամանակամիջոցում արձագանքեցին իրենց խնդրանքին։ ՙՀասկանալի պատճառներով մեր դպրոցը տարիներ շարունակ զրկված է եղել կարևոր այս պիտույքներից, և այսօր շնորհիվ ձեզ մեր երազանքն իրականություն դարձավ։ Տա Աստված, Արցախ աշխարհի համար ձեր ներդրումները լինեն միմիայն կրթության և տնտեսության զարգացման համար՚,- ասաց դպրոցի տնօրենը։

Ինչպես նշեց դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Գլեբ Սահակյանը, չնայած աշխարհագրորեն իրարից հեռու, սակայն մտքով ու սրտով միասին ենք, և այսօր թևանիկցիներն անձնվեր գործ են կատարում համայն հայության և դժվար կացության մեջ գտնվող մյուս հայրենակիցների համար։ 

Բարերարներին համագյուղացիների անունից շնորհակալության և երախտագիտության  խոսք ասաց համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը, որը ՙԹևանիկ՚ բարեգործական ծրագրի պատասխանատուների ներկայությունն ու օժանդակությունը կրկնակի օգնություն է համարում։ Գյուղը, իհարկե, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, որոնք ընթացքավորելու հարցում կրկին ակնկալում են թևանիկցիների ուշադրությունն ու օգնությունը։

-Այս հանդիպումը նաև դաստիարակչական բնույթ է կրում, այն միասնականության և հայրենասիրության ուղերձ է մատաղ սերնդին։ Միայն այսկերպ կարող ենք շենացնել մեր սիրելի Արցախը։ Հուսով ենք` այսուհետ ևս մեր գյուղը ընդգրկված կլինի ՙԹևանիկի՚ ծրագրերում,- ասաց համայնքի ղեկավարը։

Ալյոշա Գաբրիելյանի խոսքով` Արցախի կառավարության ուշադրությունը ևս սևեռված է վերաբնակեցվող բնակավայրերի հիմնախնդիրների վրա։ 

ՙԹևանիկ՚ բարեգործական ծրագրի առանցքում առանձնահատուկ տեղ ունեն կրթամշակութային խնդիրները, որոնց ուղղությամբ կազմակերպության գործունեության շուրջ 5 տարիների ընթացքում բավականին ծրագրեր են կյանքի կոչվել։ Ուղտասարի համայնքին և միջնակարգ դպրոցին բարեգործների ուշադրությունը սևեռելու հարցում մեծ է հատկապես Ասկերանի շրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի, ինչպես և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի դերը։ Ու ինչպես հանդիպմանը հավաստիացրեց Ա. Գաբրիելյանը, նրանք միշտ անելու են հնարավոր ամեն ինչ` ամրապնդելու մեր պետականության հիմքերը։

-Ժամանակն ավելի քան անարդար է եղել մեր ազգի հանդեպ։ Մեր մեծ Հայրենիքից մի կտոր է մնացել, այն էլ եռահատված` Հայաստան, Սփյուռք, Արցախ։ Հայաստանը մեր հպարտությունն է, Սփյուռքը` մեր խիղճն ու պատիվը, իսկ Արցախը մեր վերքն է։ Եվ այժմ Հայաստանն ու Սփյուռքը մտածում և գործում են մի ուղղությամբ. ինչպե՞ս ապավեն կանգնել ու բուժել վերքը: Իսկ վերքն ապաքինվում է մեր միասնականության, ազգասիրության, մեր միացյալ մտածելակերպով, որի վառ դրսևորմանն ականատես ենք լինում այսօր։ Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում, փաստն այս հանդիպումն է,- ասաց  Ասկերանի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը: 

Նա ուրախությամբ նշեց, որ Ուղտասարի դպրոցը, աշակերտների թվի աճի հետ կապված, հիմնականից անցել է միջնակարգի կարգավիճակի։ Իսկ նոր ուսումնականն աշակերտները կդիմավորեն հարմարավետ ու նորակառույց դպրոցական շենքում։

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Կամո Բարսեղյանը դաշնակցության անունից շնորհակալություն հայտնեց բարեգործներին։

-Դաշնակցության գործունեության հիմքում պատմական Հայրենիքի սահմանների վերականգնումն ու հայրենասիրական դաստիարակության գաղափարախոսությունն է,-ասաց Կ. Բարսեղյանը։-Մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում ՙԹևանիկ՚ կազմակերպությանը` ազգամետ դաստիարակություն իրականացնելու  համար։ Այս հայանպաստ քաղաքականության շնորհիվ, համոզված ենք, երեխաներն ավելի շատ կտոգորվեն հայրենասիրության վսեմ գաղափարներով, իսկ ուղտասարցիներն ավելի լավատես կդառնան վաղվա օրվա հանդեպ։ 

Բարերարների ձեռքից դպրոցականներն ստացան իրենց հասանելիք մարզական հագուստը։ Քանի որ առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, բարերարները դպրոցի համար նաև տոնածառ և խաղալիքներ էին բերել։ Դպրոցականների հետ միասին նրանք զարդարեցին այն` խանդավառվելով երեխաների անկեղծ ուրախությունից, մի պահ մանկանալով նրանց հետ։

Յուրօրինակ հանդիպմանը ջերմություն և ուրախ տրամադրություն պարգևեցին դպրոցականները, որոնց հայրենասիրական արտասանություններն ու երգերը հուզմունք առաջարցրին իրանահայ մեր բարեկամների մոտ, ինչպես նաև հույս ներշնչեցին, որ Արցախում իրոք մեծանում, հասակ է առնում հայրենասեր սերունդ։  

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան