ԵՐԲ Է ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ

Փոքր կենսաթոշակ ու բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ. մեր օրերում թերևս այսպես կարճ ու խիստ իրենց վիճակը կներկայացնեն տարեց թոշակառուները, իսկ առավել տեղեկացվածները ցավով իրենց կհամեմատեն եվրոպական զարգացած երկրներում բնակվող տարեկիցների հետ, ովքեր միայն թոշակի անցնելուց հետո են սկսում իսկապես ապրել ՙիրենց համար՚:

Մի կողմ թողնենք եվրոպացի տարեցների երանելի առօրյան (չմոռանանք միայն նշել, որ այն ապահովելու համար նրանք երկար տասնամյակներ  զգալի հատկացումներ են անում սեփական աշխատավարձից) և մեկ անգամ ևս փաստենք, որ  մեզ մոտ, իրոք,  չի կարելի ասել, որ աշխատանքային թոշակը քիչ-ինչ նախադրյալներ է ապահովում բարեկեցիկ ծերության համար:

Կենսաթոշակառուների մեծամասնությունն ստանում է նվազագույն աշխատավարձի չափից էլ փոքր գումար, որը կհերիքի միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու համար: Թերևս այս իրողությունը հաշվի առնելով` տարեցների համար  տարբեր ուղղություններով ստեղծվել են արտոնությունների հնարավորություններ, իսկ քանի որ վերջիններս ավելի շատ խնդիրներ ունենում են առողջության հետ կապված, բնականաբար, առողջապահության ոլորտը պետք է այդ ցուցակում առաջին դիրքեր լինի: 

Ինչպես հայտնի է, առաջնային բուժսպասարկումը մեր հանրապետությունում անվճար է, ինչը հաստատված է Սահմանադրությամբ և կառավարության համապատասխան որոշմամբ: Չնայած դրան` կենսաթոշակառուները հենց այս ծառայությունից օգտվելիս են բախվում տարբեր` հաճախ անհեթեթության հասնող խոչընդոտների: Գաղտնիք չէ, որ տարիներ ի վեր տարբեր հետազոտություններ և համեմատաբար ճշգրիտ ախտորոշում ստանալու համար ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա է դիմում ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության շրջանների բնակչությունը: Այս իրողությամբ են բացատրվում բուժհաստատության հետազոտություններ և ախտորոշում իրականացնող տարբեր կաբինետների առջև, հատկապես առավոտյան ժամերին, գոյացող  հերթերը` տարեցների մեծամասնությամբ: Այդ հերթերին կողքից հետևելիս կարելի է արձանագրել գյուղական բնակավայրերից եկած հիվանդների անթաքույց դժգոհությունը: Բանն այն է, որ եթե տարիներ առաջ բուժհաստատությունում թոշակառուի գրանցման վայրն այնքան էլ ուշադրության չէր արժանանում, և հետազոտությունների հիմնական մասն անվճար էր իրականացվում, ապա ներկայում այստեղ առաջին հերթին պահանջում են մայրաքաղաքի գրանցում` լաբորատոր հետազոտություններն անվճար իրականացնելու համար: Պետք է ասել, որ միայն  հետազոտությունների համար տրվելիք գումարը զգալի ճեղքվածք է առաջացնում նրանցից շատերի ամսական միակ եկամուտի` կենսաթոշակի մեջ, փաստ, որն ավելի է խորացնում  դժգոհություններն ու նրանց առողջության հետ կապված բողոքները: 

Խնդրի պարզաբանումների նպատակով դիմեցինք բուժհաստատության նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանին:  Նա տեղեկացրեց, որ դեռևս մի քանի տարի առաջ պոլիկլինիկայում ստեղծվել է շրջաններից եկած հիվանդներին սպասարկող կաբինետ, և անհետաձգելի դեպքերում տվյալ հիվանդներն անհրաժեշտ օգնությունն անվճար հիմունքներով են ստանում:  Ա. Խաչատրյանը համաձայնեց, որ այստեղ կանոնակարգման և հստակեցման անհրաժեշտություն կա և խոստացավ խնդրի լուծման տարբերակներ առաջարկել Առողջապահության նախարարությանը: 

ԱՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության համակարգող Կարինե Ալեքսանյանի պարզաբանմամբ` եթե հիվանդը Ստեփանակերտ է հասնում` ունենալով շրջանի բուժհիմնարկի ուղեգիրը, ապա,  անկախ նրանից` սոցիալական որևէ խմբի ներկայացուցիչ է նա, թե ոչ, նախատեսված բոլոր լաբորատոր  հետազոտություններն անվճար են կատարվում, մնացած բոլոր դեպքերում հիվանդը պարտավոր է վճարել բոլոր հետազոտությունների համար: Կ. Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ հանրապետության յուրաքանչյուր շրջանային բուժհիմնարկին ամեն տարի հատկացվում է որոշակի գումար` բնակչության առաջնային բուժսպասարկումն ապահովելու, այդ թվում`  լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար:  Ըստ մեր զրուցակցի` մայրաքաղաքի բուժհաստատություններում բուժօգնություն կազմակերպելիս, որպես ուղեցույց, ծառայում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության  հաստատված համապատասխան չափորոշիչները, ըստ որոնց` ամբուլատոր նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունն ապահովելու նպատակով անհետաձգելի դեպքերում մայրաքաղաքի բուժհաստատության պատասխանատու բժշկի ուղեգրմամբ անվճար հիմունքներով կազմակերպվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություն, նեղ մասնագետի խորհրդատվություն և բուժում: ՙՄենք համեմատաբար խոշոր գյուղական բնակավայրերում ունենք նաև գյուղական բժշկական ամբուլատորիաներ, որոնք գործում են և հնարավորության սահմաններում ոչ միայն կարող են ցույց տալ առաջին բուժօգնությունը, այլև առավել տագնապահարույց դեպքերում հիվանդին տրամադրել ուղեգիր` մայրաքաղաքի պոլիկլինիկայում հետագա հետազոտություն անցնելու համար՚,- ասաց նա:  Կ. Ալեքսանյանի խոսքով` ԱՆ պատասխանատուներին տարիներ ի վեր ևս մտահոգում է կենսաթոշակառուներին հուզող այդ խնդիրը: Ժամանակին որպես տարբերակ առաջարկվել է  նաև շրջանային հիվանդանոցների առաջնային բուժօգնության համար նախատեսված գումարը հատկացնել  մայրաքաղաքի պոլիկլինիկային: Հանրապետությունում քիչ չեն  գյուղերը, որոնք ավելի մոտ են տեղակայված մայրաքաղաքին, քան շրջկենտրոնին, և ուղեգիր ստանալու համար հիվանդներն ստիպված են կրկնակի ծախս կատարել` մայրաքաղաքում նեղ մասնագիտական ախտորոշում և բուժում ստանալու համար:  Գաղտնիք չէ նաև, որ շրջանների բուժհիմնարկները թե՜ բուժսարքավորումների, թե՜ բուժանձնակազմի և  թե՜ հիվանդանոցի թողունակության խնդիր ունեն, ինչը թույլ է տալիս  ենթադրել, որ ապագայում ևս հիվանդները շարունակելու են նախընտրել մայրաքաղաքի ամբուլատոր ծառայությունը, որն իրենց համար գերազանցապես վճարովի է: 

Խնդիրը, որը մտահոգում է ոչ միայն տարեցներին, առկախ է, այդ պատճառով հետագայում ևս կփորձենք կրկին անդրադառնալ այդ թեմային` ներգրավելով շրջանային բուժհաստատությունների պատասխանատուներին ևս:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ