[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ` ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Եվս մեկ շաբաթ, և իր իրավունքների մեջ կմտնի նոր տարին: Այդ առթիվ շատերն արդեն նախատոնական պատրաստությունների վազքի մեջ են:

Գաղտնիք չէ, որ Ամանորը հայերի համար շատ յուրահատուկ ու սպասված տոն է, ուստի դրան պատրաստվում են օրեր առաջ: Բազմապիսի  ուտեստներով ծանրաբեռնված սեղաններով պայմանավորելով գալիք տարվա հաջողությունը` մարդիկ գնումներ կատարելիս շատ դեպքերում ՙզսպաշապիկ չեն հագնում՚` կառավարելու իրենց անզուսպ պահանջները: Ամանորյա պատրաստությունների ցայտնոտը, գնաճը, ֆինանսական խնդիրներն ու դրանց հետ կապված հուզական ապրումները մարդկանց հասցնում են սթրեսային վիճակի: 

Մարտունու շրջբուժմիավորման հոգեբան-թերապևտ Վիոլետա ԱՎԱՆԵՍՅԱՆՆ  այս երևույթն անվանում է սթրեսի ախտանիշ: Ի՞նչ անել դրանից խուսափելու համար: 

Վ. Ավանեսյանի հավաստմամբ` ճիշտ պլանավորված գործողությունների արդյունքում կարելի է ոչ միայն խոսափել սթրեսից, այլև ընկղմվել նախատոնական հաճելի հոգսերի մեջ: ՙԵրբ մենք պլանավորում ենք մեր սպասելիքներն Ամանորից, նախապատրաստական աշխատանքները, պարզապես պետք է թուղթ ու գրիչ վերցնենք և գրենք այդ ամենի մասին, նաև` ում ենք ցանկանում տեսնել, ինչ տրամադրություն ենք ակնկալում: Ունենալով այդ ցուցակը` մենք կխուսափենք ամանորյա սթրեսից: Շատ կարևոր է նաև նվերներ պատրաստելու ճիշտ մեթոդը: Նվեր ընտրելիս պետք է կենտրոնանանք ոչ թե արժեքի վրա, այլ թե այն ինչ նշանակություն կունենա դիմացինի համար, իհարկե, հաշվի առնելով նաև սեփական ֆինանսական հնարավորությունները: Այնինչ, մենք չափից շատ ենք խուճապի մատնվում ժամանակի և ֆինանսի սղության պատճառով, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է սթրեսի՚,- մեկնաբանում է նա ու նկատում, որ եթե այս ամենն ամանորյա սթրեսի պատճառ է, ապա ամանորյա մրցակցությունն ու սեղանի լիությունն ապահովելու սևեռուն գաղափարին գերի դառնալն այդ սթրեսի հետևանքն են: 

Հոգեբանի խոսքով` կարևոր է նաև այն, թե մարդ ինչպես է ընդունում Ամանորը: Որպես մասնագետ, նա առաջարկում է այն դիմավորել դրական լիցքերով ու բարձր տրամադրությամբ, որովհետև ամեն ինչ կախված է մեզանից` կկարողանա՞նք այն դարձնել առանձնահատուկ, տարբերվող ու անմոռանալի, թե` ոչ: ՙՀիշվում է ոչ թե այն, ինչն այդ օրը դրված էր սեղանին, այլ այն տրամադրությունը, այն ուրախությունը, որ կարող ենք ինքներս ստեղծել մեզ և մեր երեխաների համար: Առողջ մտածելակերպի շնորհիվ պետք է կարողանալ ստեղծել դրական տրամադրվածություն: Այն մեծ նշանակություն ունի ամեն բնագավառում: Հույժ կարևոր է մեր գիտակցությանը տալ նախատոնական, դրական տրամադրվածություն՚,- նշում է նա և ավելացնում, որ վատ տրամադրվածությունը մեզ զրկում է կյանքի գեղեցկությունն ըմբոշխնելու զգացումից: Բացի դրանից, մեզ զրկում ենք եռանդից, աշխատունակությունից, բազմազան գործեր չեն արվում, որովհետև անելու համար պարզապես ՙտրամադրություն չկա՚: Չարված գործերը կուտակվում են և ծանր բեռի պես ճնշում մեզ: Կան շատ ընտանիքներ, որոնք ունեն նմանատիպ և տարբեր խնդիրներ: 

Հոգեբան-թերապևտը մասնագիտական առաջարկություն արեց` բավարարվել քչով, հաճույք ստանալ եղածից, քանզի  քչով չբավարարվողը շատով էլ չի բավարարվի, և նշեց. ՙՄանդարինի, նարինջի բույրը, տոնածառի լույսերը, գույնզգույն խաղալիքները  պետք է ուրախության պատճառ դառնան և՜ մեծերի, և՜ փոքրերի համար: Հատկապես երեխաները շատ են ուրախանում Ձմեռ պապի գոյության գաղափարով, ուստի մեծերը պետք է փորձեն իրենց երեխաների հետ բացահայտել Ձմեռ պապի  գոյության առեղծվածը: Արդյունքում` երկուսի մոտ էլ կստեղծվի տոնական բարձր տրամադրություն՚:

Հոգեբանը նախատոնական սթրեսից ոչ պակաս կարևոր ու վտանգավոր է համարում հետտոնական սթրեսը: Մի կողմից` լարված նախատոնական պատրաստությունները, մյուս կողմից` տոներից հետո առաջացած ֆինանսական ՙմղձավանջը՚   մարդկանց մոտ հետտոնական սթրեսի պատճառ են դառնում: 

Նախատոնական ու հետտոնական սթրեսներից խուսափելու համար Վ. Ավանեսյանը խորհուրդ է տալիս Նոր տարին ուղղակի ընկալել որպես հաճելի, ընտանեկան տոն և մի քանի օր կտրվել առօրյա հոգսերից, փոքր-ինչ լիցքաթափվել` պարզաբանելով, որ Նոր տարվա գաղափարի մեջ դրված է նաև տարվա ամփոփման խորհուրդը: Դա կյանքի, անցյալի ու ապագայի միջև ինչ-որ մի ճամփաբաժան է, ընդգծված սահման և, բնականաբար, Նոր տարում մարդիկ մոտենում են այդ սահմանին ու հետադարձ հայացք ձգում` ի՞նչն էր լավ, ի՞նչն էր վատ, ի՞նչ է կատարվել, ո՞ր ցանկություններն են իրագործվել, ի՞նչ մնաց անկատար:  

Վ. Ավանեսյանը բոլորին մաղթում է իրական երջանկություն, որ այն արտացոլվի ոչ թե մեր դեմքին` ժպիտի տեսքով, այլ բխի հոգուց, արտացոլվի մեր աչքերում:

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի