[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՈՒՆԵՑԱԾԸ` ՁԳՏԵԼ ԱՎԵԼԻԻՆ

Այս սկզբունքով է առաջնորդվում ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ 

Արա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ 

 - Պարոն Ղահրամանյան, տարեվերջը Ձեր ղեկավարած ամենազանգվածային հասարակական կազմակերպության` արհմիությունների համար առանձնանշվում է երկու առումով. նախ` մասնագիտական տոնով. դեկտեմբերի 24-ը Արցախում նշվում է որպես Արհմիութենական  աշխատողի օր, և ապա`  նախաամանորյա հայացքով. երկու դեպքում էլ առիթ կա ամփոփելու, գնահատելու կատարածը: Արդ ինչպիսի՞ն էր 2017-ը արհմիությունների համար:

- Քանի որ ընդգծեցիք կազմակերպության զանգվածային բնույթը, հենց այդտեղից էլ սկսեմ: Ամեն տարի ավելանում է թե՜ արհեստակցական կազմակերպությունների, թե՜ նրա անդամների թիվը: Այսօրվա դրությամբ աշխատողների անդամակցությունն արհկազմակերպությանը կազմում է 55%: Առանձին շրջաններում այդ թիվը 70-90% է:   Ունենք 728  արհկազմակերպություն`  22204 անդամով: Ֆեդերացիայի կազմում գործում են հինգ ճյուղային և ութ քաղշրջանային արհմիություններ: 2017թ. ստեղծվել է 22 կազմակերպություն`  844 անդամով: Ինչպես տեսնում եք, տարեցտարի մեծանում է թե՜ կազմակերպությունների և թե՜ նրանցում ընդգրկվածների թիվը, ինչն ուրախալի փաստ է: Նոր բան չեմ ասում. ստեղծումից մինչ այսօր արհմիությունների ուժը նրա թվաքանակի և ֆինանսապես անկախ լինելու մեջ է: Դա բոլոր երկրներում է այդպես: Մեր նպատակն է ավելի ու ավելի մեծացնել այդ բանակը: Հակառակ դեպքում չենք կարող ունենալ ուժեղ և ազդեցիկ կառույց:

 - Իսկ այժմ` կատարված աշխատանքների մասին:

- Արհմիությունների մշտական պահանջը եղել և մնում է սոցիալական արդարությունը, աշխատողների արժանապատիվ վարձատրությունը: Արհմիությունը միշտ կարևորում է գործատուների կողմից  Աշխատանքային օրենսգրքի պահանջների կատարումը և իր կողմից վերահսկողությունը, այդ առումով արդեն որերորդ տարին հաստատել է պլան գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: 2017թ. մուտքագրված 1283 դիմումներից 39-ը (18%)  վերաբերվել է Աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտումներին: Մեր կողմից իրականացված միջոցառումների արդյունքում աշխատանքի է վերականգնվել   3 հոգի, 273 կազմակերպությունում ստուգվել են աշխատողների աշխատանքային պայմանագրերը, 175-ում` աշխատավարձերի և արձակուրդների ժամանակին տրման հարցերը,  594 արհանդամի տրվել է  անվճար իրավաբանական խորհրդատվություն, տարբեր ատյաններ է ուղարկվել 138  առաջարկություն, ստուգվել է  առևտրի և հացաթխման 81 օբյեկտ, 177 դպրոցներում և համայնքային բուժկետերում ստուգվել են առաջին անհրաժեշտության դեղորայքի առկայությունը և ձմռան նախապատրաստվածությունը: Հանդիպումներ են եղել տարբեր ձեռնարկություններում: Ավելի քան 25 հանդիպում է եղել արհկազմակերպությունների հետ` ընդգրկելով շուրջ 1800 արհանդամի:

Արհմիությունների ղեկավարները մշտապես մասնակցում են երկրում տեղի ունեցող կարևոր միջոցառումներին ու քննարկումներին, տարբեր հանձնաժողովների անդամ են:   

Գործնական է դարձել կապը ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: ԱՖ-ի հետևողականության արդյունքում լուծվել է 2014թ. ընդունված ՙժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվառման, նշանակման և վճարման՚ կարգի  20-րդ կետով չկարգավորված  հարցը, թե ինչ հաշվարկներով  պետք է  վարձատրվի աշխատող կինը  հղիության և ծննդաբերության դեպքում, երբ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ժամկետը լրանում է, և գործատուն նրան ազատում է  աշխատանքից:

2017թ. մի քանի անգամ հանդիպում է եղել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի հետ: ԱՖ-ն և նախարարությունը կարևորել են արհմիությունների դերը, քանզի աշխատանքի պետական տեսչությունը լուծարված է,  և չկա պետական մեկ այլ կառույց, որ զբաղվի այդ հարցերով: Նախարարի հետ քննարկել ենք նոր  Աշխատանքային օրենսգրքի նախագիծը` կոլեկտիվ պայմանագրերի օրինակելի  ձևի, անվտանգ աշխատանքի և այլ  հարցերի հետ կապված:

Քաշաթաղի շրջանի առողջապահության ոլորտի աշխատողների բողոքի վերաբերյալ`  կապված վճարովի ծառայություններից լրացուցիչ  որոշակի տոկոս սահմանելու բուժանձնակազմին,  քննարկում է եղել ԱՀ առողջապահության  նախարարի հետ: Վերջինիս  հայտարարությամբ` այդ ծրագիրը` որպես պիլոտային, ներդրված է հանրապետական բուժմիավորումում, հաջողության դեպքում կներդրվի ողջ համակարգում: 

Քննարկվել են Մարտունու հ. 2 հիմնական և Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցներից ստացված բողոքները, որոնք վերաբերում էին արձակուրդներին, աշխատավարձերի ժամանակին չվճարմանը: Համագործակցելով ԱՀ կառավարության հետ` արձակուրդների հարցը ստացել է իր լուծումը,  և ուսուցիչները ստացել են 31մլն 129 հազար 633 դրամ, իսկ աշխատավարձերի վերաբերյալ հատուկ գրություն ենք ուղարկել Ազգային ժողով և կառավարություն` մշտական ուշադրության  և վերահսկողության տակ առնելու մասին:

ԱՖ-ն խրախուսանքի է արժանացնում ճյուղային և քաղշրջանային արհմիության ու արհկազմակերպությունների նախագահներին և այն հիմնարկ-ձեռնարկությունների   ղեկավարներին, որոնք իրենց նպաստն են բերել արհմիության զարգացմանը: 2017թ. ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին ու վարչապետ Արայիկ Հարությունյանին (այսօր արդեն պետնախարար) ենք ներկայացրել միջնորդություններ, որոնց  համաձայն պարգևատրվել են Շուշիի շրջանային արհկազմակերպության ղեկավար, այսօր երջանկահիշատակ Ալբերտ Խաչատրյանը ՙՎաչագան  Բարեպաշտ՚ մեդալով,  իսկ  Մարտակերտի և Մարտունու շրջարհմիության նախագահները` ԱՀ վարչապետի հուշամեդալով:

Համաձայն  հաստատված  աշխատանքային պլանի` ԱՖ-ն  տարեկան ստուգումներ է իրականացրել բոլոր ճյուղային  և քաղշրջանային արհմիություններում գործավարության և  հաշվապահության հարցերով:

Արհմիությունների ուշադրության կենտրոնում են իրենց անդամների առողջության և հանգստի կազմակերպման հարցերը: 2017թ. արհմիության 403 անդամ, այդ թվում  75  ընտանիք և  մեկ նորապսակ զույգ, իրենց առողջությունն են վերականգնել ՀՀ ՙՋերմուկ՚ և ՙԱրզնի՚ առողջարաններում:

Մեզ հաջողվել է ամրապնդել մեր դիրքերն ավելի իրատեսական ծրագրերի իրականացմամբ, հանդես ենք եկել արհկազմակերպությունների և արհանդամների շահերի պաշտպանությամբ` լուծում տալով աշխատանքային վեճերի, ոչ քիչ թվով տնտեսական, սոցիալական հարցերի:

- Ի՞նչ չլուծված խնդիրներ ունեք: 

- Մեր հիմնական մտահոգությունը աշխատավորների կենսամակարդակի ապահովման խնդիրն է, ինչի առիթով շարունակում ենք գործադիրին հիշեցնել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի համատեղելիության անհրաժեշտության, աշխատանքային պայմանների բարելավման մասին: Պետք է խոստովանեմ, որ  մեզ  դեռ չի հաջողվել աշխատողների  սոցիալ-տնտեսական և սոցիալ-աշխատանքային իրավունքներն ու շահերը պաշտպանել գործատուներից, ունենալ անկախ և ազդեցիկ  արհկազմակերպություններ, լուծել արհանդամների սոցիալական խնդիրները, ինչի վրա սևեռված է մեր ուշադրությունը: 

- Ակնկալիքները նոր տարում:

- Առաջին հերթին լինի մշտատև խաղաղություն, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ, ստեղծագործ աշխատանք, ինչից էլ կախված են մեր մյուս հաջողությունները: Գնահատենք ունեցածը,  ձգտենք ավելի լավին: Բարեկեցություն մեր բոլոր ընտանքներին, մշտավառ հույս, սեր և հավատ: 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ