[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՌԴ ԲԺՇԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱԶՄԸ

Դեկտեմբերի 27-ին ԱՀ կառավարության կոնֆերենց-դահլիճում կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) արցախյան մասնաճյուղի բացմանն ու անդամների հաստատմանը։ Ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ոլորտի պատասխանատուներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ 

 Դեռևս 2017թ. սեպտեմբեր ամսին Երևանում մեկնարկած և Արցախում շարունակված  վերականգնողական բժշկությանը նվիրված ՙՌեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ՚ խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին ընդունել էր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Միջազգային պատվիրակության կազմում էր մեր հայրենակից, ակադեմիկոս, բ.գ.դ. Մառլեն Բոստանջյանը, ում ջանքերի շնորհիվ էլ  հաջողվել է կապեր հաստատել ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հետ։ Նորանկախ մեր հանրապետության ղեկավարը կարևորել է հատկապես բժշկական ասպարեզում արտասահմանյան մասնագետների հետ կապերի հաստատումը, փորձի փոխանակումը։ Մ. Բոստանջյանի և Արցախի առողջապահության նախարարության հետևողական աշխատանքի շնորհիվ ԱՀ ԱՆ բժիշկները, գիտնականներն,  ընդգրկվեցին ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի կազմի մեջ։ Ս.թ. նոյեմբերի 17-ին հաստատվել է տեղի  մասնագետների ստատուսը, բացվել նշյալ ակադեմիայի արցախյան մասնաճյուղը, որի նախագահ է նշանակվել ԱՀ առողջապահության նախարար, ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամ, բ.գ.թ. Կարինե Աթայանը: Մ. Բոստանջյանը Կ. Աթայանին առաջարկել է ապահովել արցախյան մասնաճյուղի կազմակերպական աշխատանքները` ընդգրկելով գիտատեխնիկական, բժշկական, հասարակական և պետական գործիչների, առողջապահության ոլորտի կազմակերպիչների, խոշոր արտադրական միավորումների և ձեռնարկությունների առավել արժանի ներկայացուցիչների:

Նախարարի պարզաբանմամբ` այս իրողությունը տեղի բժիշկ-մասնագետներին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային գիտաժողովներին, Արցախը ներկայացնել միջազգային հարթակներում, ինչպես նաև ռուսաստանյան գործընկերների հետ համատեղ կատարել գիտահետազոտական աշխատանքներ, որոնք կնպաստեն Արցախի բժշկագիտության զարգացմանը։ ՙԻմ երախտագիտությունն եմ հայտնում Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Բորիս Լեոնովին, հատուկ շնորհակալություն ԲՏԳԱ փոխնախագահ Մառլեն Բոստանջյանին, ում շնորհիվ հաջողվեց կյանքի կոչել նման կարևոր նախաձեռնությունը։ Շնորհավորում եմ բոլորիս այս իրադարձության համար՚,- ընդգծել է Կ. Աթայանը։ 

Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահության 2017թ. նոյեմբերի 17-ի թիվ 16 արձանագրության համաձայն՝ հաստատվեցին ակադեմիայի արցախյան մասնաճյուղի նորընտիր անդամների կազմն ու կարգավիճակը։ Կ. Աթայանն ակադեմիայի դիպլոմները, վկայականներն ու Չիժևսկու անվան ոսկե շքանշանները հանձնել է ԱՀ առողջապահության նախարարության ակադեմիայի կազմ ընդգրկված, գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներ Էդիկ Ղուկասյանին, Օֆելյա Դադայանին, Անահիտ Լալայանին, Զոյա Մաղաքելյանին, Մարինե Թևոսյանին, Ալյոշա Մաղաքելյանին, Գագիկ Օհանյանին, Արմեն Խաչատրյանին և Գագիկ Ազիրյանին։ 

ԱՀ վաստակավոր բժիշկ Էդ. Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԲՏԳԱ նախագահությանը բարձր կոչման արժանացնելու համար, իր գործընկերների անունից երախտագիտություն հայտնել ԱՀ նախարար Կ. Աթայանին՝ կազմակերպական բոլոր հարցերը համակարգելու համար։ ՙՕգտվելով առիթից, շնորհավորում եմ ձեր բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում առողջություն, ամենայն բարիք, բեղմնավոր աշխատանք, մեծ հաջողություններ մասնագիտական և գիտական գործունեության բնագավառում՚,- վերջում հավելել է Էդ. Ղուկասյանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ