[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԳԵՑԱԾ ՏԱՐԻ` ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Տարեմուտի հարցազրույց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ

 - Պրն Մելիքյան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երկրի սահմանադրականությանը նպաստող կարևորագույն կառույցներից է ու նաև նրա արդյունավետ աշխատանքով է պայմանավորված պետության կայացումն ու զարգացումը: Ըստ Ձեզ` այս ինստիտուտը մեզ մոտ կարելի՞ է կայացած համարել:

-Այնքան էլ ընկալելի չի լինի, եթե, որպես կառույցի ղեկավար, ես միանշանակ դրական պատասխանեի հարցին: Միայն կարող եմ ասել, որ վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ շփումներ ենք ունեցել մեր միջազգային գործընկերների հետ, շփումներ, որոնց արդյունքները թույլ են տալիս արձանագրելու, որ Արցախի օմբուդսմենի ինստիտուտն առանձնապես չի զիջում ճանաչված պետությունների նույնանուն հաստատություններին թե՜ իրավական կարգավիճակով, թե՜ հնարավորություններով և թե՜ հանրության կյանքում  ունեցած դերով: Մենք անընդհատ փորձում ենք ավելի մոտենալ եվրոպական չափորոշիչներին (խոսքս ընդհանրապես մեր հանրապետությունում կատարվող գործընթացներում սկզբունքների, մոտեցումների մասին է) և այդ ճանապարհին ունենք որոշակի հաջողություններ: 

Կցանկանայի նշել բոլորովին վերջերս ԱԺ-ում ընդունված ՙՄարդու իրավունքների պաշտպանի մասին՚ ԱՀ նոր օրենքի նախագիծը, որը ոչնչով չի տարբերվում մարդու իրավունքների եվրոպական պաշտպանի ամենաառաջատար հաստատությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունից և  ընձեռում է ավելի լայն և որակապես նոր հնարավորություններ` արդյունավետորեն իրականացնելու մեր սահմանադրական առաքելությունը:

-Ավարտվող տարվա կարևոր և Ձեզ համար առավել նշանակալի ո՞ր իրադարձությունները կառանձնացնեք: 

-Տարին հագեցած էր կարևոր իրադարձություններով` հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության առումով: Միջազգային կառույցներում Արցախի ձայնը լսելի դարձնելու խնդիրը միշտ էլ գիտակցվել ու այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվել են: Հիշենք, որ դեռևս հանրապետության առաջին  օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի օրոք դարձանք Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտի անդամ: Արդեն ապրիլյան պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ, որ քաղաքականություն փոխելու, միջազգային իրավապաշտպան կառույցների հետ հարաբերությունները հնարավորինս ակտիվացնելու անհրաժեշտություն կա: Մենք աշխատեցինք մի քանի ուղղություններով`  իրավապաշտպան գլոբալ հանրություն, գործընկեր կառույցներ և սփյուռք: Այս երեք ուղղություններով 2017-ին կազմակերպել ենք բազմաթիվ այցելություններ, մասնակցել միջազգային տարբեր համաժողովների: Մեզ համար, իհարկե, ավելի շատ դրանց արդյունքներն են կարևոր: Ես ուրախ եմ արձանագրելու, որ ամերիկահայ իրավաբանական կառույցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին դեպի Արցախ, ինչի վկայություններից մեկն ԱրՊՀ-ում իրավաբանական կլինիկայի բացումն էր: Ամերիկահայ փաստաբանների միությունն արդեն հայտարարել է տարեկան հաջորդ համաժողովն այստեղ անցկացնելու մասին: ԱՄՆ կատարած այցի արդյունքում մեզ մոտ արդեն ձևավորվել է Արցախի մարդու իրավունքների հիմնադրամ, ինչը ևս վկայում է, որ սփյուռքը պատրաստ է ուղիղ մասնակցություն ունենալ Արցախում մարդու իրավունքների բարելավմանը:  Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան հանրության հետ շփումներին, ապա այստեղ շատ դեպքերում հրապարակայնություն ապահովել հնարավոր չէ: Կարող եմ ասել, որ այստեղ ևս առաջընթաց ենք գրանցել և հաղորդակցության ուղիներ ենք ստեղծել մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ: Տարվա ընթացքում նաև Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի համաժողովին մասնակցեցինք: Այդ կառույցի հետ ևս որոշակի պայմանավորվածություն ունենք, որոնք իրացման փուլում են: Հատկանշական են նաև  Հունգարիայում միջազգային մարդասիրական իրավունքի համաժողովին մեր մասնակցությունը, որը կազմակերպվել էր Հունգարիայի և Շվեյցարիայի արտգործնախարարությունների կողմից:

- Ի՞նչն է, որ աշխատանքում Ձեզ չի գոհացնում:

-Իմ կարծիքով, կատարածն ամփոփելիս միշտ էլ թվում է, որ կարելի էր  ավելի շատ բան հասցնել անել: Մենք մեր առջև դրված խնդիրները հաղթահարել ենք` փորձելով շրջանցել դժվարությունները, որոնք  պայմանավորված են մեր պետության չճանաչվածությամբ: Այս նպատակով  օգտագործում ենք ՀՀ գործընկեր կառույցի և սփյուռքի հետ մեր կապերը:

-Ի՞նչ եք փոխել ՄԻՊ աշխատակազմի աշխատաոճում:

-Ես կարծում եմ, որ մեր հաստատությունը, ի տարբերություն այլ կառույցների, ավելի շատ է պայմանավորված ղեկավարի անձով, որովհետև այն գրեթե միշտ ներկայացվում է անձնավորված ձևաչափով: Ինչ վերաբերում է բովանդակային փոփոխություններին, ապա մեր գործունեության նպատակ ենք դարձրել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ապացուցելը, որ Արցախում չաշխատելը հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն պահելու դիտավորությամբ բացատրելն արդարացի չէ: Սա երկարատև գործընթաց է, և արդյունքները կերևան ապագայում:

-Ի՞նչ կարևոր անելիքներ ունեք գալիք տարում:

-Ծրագրերը շատ են, որոնք պայմանավորված են նոր օրենսդրությամբ: Ուզում եմ հատուկ նշել, որ հանրապետության Նախագահի  2017-20թթ. ծրագրում հատուկ դրույթ է նախատեսված Արցախում մարդու իրավունքների ազգային ռազմավարություն մշակելու ուղղությամբ, ինչը կարևորագույն մարտահրավեր է մեզ համար և բացառիկ ու կարևոր երևույթ, որովհետև չճանաչված պետություններում այս բնագավառում նման ռազմավարություններ չեն մշակվում: Մենք ուրախ ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը` որպես իր գործունեության նպատակ հռչակում է  նման ռազմավարության մշակումն ու գործարկումը:  Պետք է փոխվի աշխատակազմի կառուցվածքը, ստեղծվելու է բովանդակային գործունեությամբ զբաղվող դեպարտամենտ, այդ փոփոխությունները մենք ավելի հստակ կներկայացնենք տարեկան զեկույցում: 

- Արցախի մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները չե՞ն խախտվում:

- Ոչ: Ավելի շատ ընտանիքում են խախտվում իմ իրավունքները:

- Ի՞նչ տոն է Ամանորը ձեզ համար: Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք:

-Նոր տարին ընտանեկան տոն եմ համարում, մանկական հեքիաթի բաղադրատարրերով: 

Արցախում ցանկացած տոնի առաջին բարեմաղթանքը խաղաղությունն է: Ես նաև երիտասարդությանը կոչ կանեի ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել բոլոր ոլորտներում,  ավելի բարձր գիտակցում, որ մեզնից  յուրաքանչյուրից ավելի շատ բան է կախված: Այս ամենը` զուգակցված խաղաղության հետ, շատ մեծ արդյունքներ կարող է տալ: 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ