[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆՆ ամփոփեց ոլորտի 2017թ. ծրագրերը՝ նախանշելով նոր տարվա անելիքները

 -Որո՞նք էին 2017թ. սոցիալական պաշտպանության ոլորտի կարևոր ծրագրերը: 

-2017թ. նախարարությունն ապահովել է սոցիալական ոլորտի հիմնական ուղղությունների պետական քաղաքականության իրականացումը՝ կարևորելով ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը, հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, սոցիալական իրավունքի լիարժեք իրացման պայմանների ստեղծումը: Այդ նպատակով ԱՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել 9 օրենք ու կառավարության որոշումների 40 նախագիծ: Իրականացվել են 50-ից ավելի ծրագրեր: Բացի դրանից, ԱՀ Նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի ՆՀ-107-Ն հրամանագրով նախարարության աշխատակազմին են միացվել բնակարանային հարցերի վարչությունն ու վերաբնակեցման և միգրացիայի բաժինը: Ընդհանուր առմամբ, 2017թ. ԱՀ սոցիալական պաշտպանության ճշտված բյուջեն կազմել է 21 մլրդ 793,8 մլն դրամ: 

Շարունակվել են ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով իրականացվող ծրագրերը։ 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, Արցախում  ծնվել է 2157 երեխա: Ի դեպ, բացի տրամադրվող նպաստներից, ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի կապակցությամբ ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի կողմից հատկացվել է 4-հազարական ԱՄՆ դոլար պարգևավճար։ Միաժամանակ շարունակվել են 5-6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցման աշխատանքները։ Վերաբնակեցման մասով ուսումնասիրվել են ԱՀ-ում մշտապես 10 տարի բնակություն հաստատած ավելի քան 120 վերաբնակ ընտանիքի գործեր, արդյունքում 102 ընտանիքի հատկացված բնակելի տներն արդեն սեփականաշնորհման գործընթացում են:  

Զբաղվածության պետական քաղաքականության իրականացվող ծրագրերն ուղղված են սահմանված շահառուների, հատկապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը: Հանդիպումներ են կայացել 655 գործատուների հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել է 225 թափուր աշխատատեղ: Աշխատանքի է տեղավորվել 128 անձ: 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, որպես աշխատանք փնտրող է հաշվառվել 1468 անձ, որոնցից 1411-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: ՙՎարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում՚ ծրագրով հանրապետության 8 համայնքներում իրականացվել է 9 ծրագիր՝ 39 գործազուրկների ընդգրկմամբ: Մեր ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախում առաջին անգամ իրականացվել է աշխատաշուկայի հետազոտում, ներկայացվել ՙԱՀ գործատուների հիմնախնդիրների վերհանում և լուծումների առաջադրում՚ հետազոտության ամփոփ վերլուծությունը:

Կենսաթոշակային ապահովության բնագավառում շարունակվել են օրենսդրության կատարելագործման, ՙէլեկտրոնային կենսաթոշակ՚ համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին հստակեցվել է կենսաթոշակառուների թիվը և ներդրվել էլեկտրոնային նոր համակարգ։ Գործակալության տարածքային բաժինների կողմից կենսաթոշակ է նշանակվել 1304 անձի, վերահաշվարկվել է 2865 կենսաթոշակային գործ: Աշխատանքային և սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 23120 անձ: 

Հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների ապահովմանը: 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված  8881 հաշմանդամներից 414-ը երեխաներ են: Հաշմանդամներին հատկացվել են քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, լսողական սարքեր, այլ պարագաներ։ Պետբյուջեի միջոցներով սոցիալական տարբեր խմբերի պատկանող ԱՀ 367 քաղաքացի ուղեգրվել է Հայաստանում գործող առողջարաններ: Ստեփանակերտի տուն-ինտերնատում շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ են ստանում 75 միայնակ տարեցներ և հաշմանդամներ: Տնային պայմաններում սպասարկվում են 177 միայնակ տարեց և հաշմանդամ: Այս ամենին զուգահեռ ոլորտում իրականացվել են սոցիալական բնույթի այլ ծրագրեր, որոնք ներառում են դրամական և նյութական օժանդակություններ, պարգևավճարներ։

Կառավարության 2017թ. հուլիսի 22-ի որոշմամբ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով պետական ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել Արցախի զինված ուժերի սպայական կազմն ու պայմանագրային զինծառայողները, ովքեր իրականացնում են մարտական հերթապահություն: Ծրագրում ընդգրկվել է 62 ընտանիք: 

Նախարարությունը ոլորտում պարբերաբար իրականացնում է մոնիթորինգի և վերահսկողության գործընթացներ՝ նպատակ ունենալով բացահայտել ժողովրդագրական վիճակի վրա ազդող գործոնները և ներկայացնել լուծումների վերաբերյալ առաջարկություններ: 

-Ներկայացված ծրագրերը բնականաբար շարունակական միտվածություն ունեն, նոր նախագծեր ակնկալվո՞ւմ են 2018-ին։

-2018թ. սոցիալական պաշտպանության ոլորտում կշարունակվեն կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամության, տարեցների, երեխաների և կանանց հիմնահարցերի, վերաբնակեցման բնագավառում բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նախատեսվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, որը ենթադրում է ծառայությունների տրամադրման նոր որակ:

Աշխատանքի և զբաղվածության բնագավառում գալիք տարում պետական քաղաքականությունն ուղղված կլինի զբաղվածությանը նպաստող ծրագրերի իրականացմանը, նոր ծրագրերի փորձարկմանն ու ներդրմանը: Կենսաթոշակային ապահովության բնագավառում կներդրվի կենսաթոշակառուների հաշվառման նոր էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա առցանց եղանակով համադրումներ իրականացնել հանրապետությունում գործող նմանատիպ տեղեկատվական շտեմարանների հետ և մեկ ծրագրի ներքո միավորել բոլոր տեսակի կենսաթոշակների և դրանց զուգահեռ վճարվող այլ սոցիալական հատուցումների վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Կսկսվեն զինվորական կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով (կենսաթոշակի գումարն անձի քարտային հաշվին փոխանցելու միջոցով) վճարումները: 2018թ. նախատեսվում է 80 մլն դրամ պետական աջակցություն բնակարանային պայմանների բարելավման առանձին ծրագրով։ Նոր հրամայականներին համահունչ կընձեռվեն միգրացիոն հայեցակարգային քաղաքականության նոր սկզբունքների և դրա իրականացման ժամկետային ծրագրերի մշակման, վերաբնակեցման կազմակերպման, իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրման աշխատանքները:

Օգտվելով առիթից՝  ի սրտե շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 

Սոցիալական ոլորտի ռազմավարական որոշումների կայացման կողմնորոշիչը եղել և մնում է մարդու բարեկեցությունը, ուստի ուզում եմ հավաստիացնել, որ վերջին տարիներին հանրապետությունում մեկնարկած սոցիալական ծրագրերին (որոնք կլինեն շարունակական), նոր տարում կավելանան նորերը: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ