[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՐԱՎԱԿԱՆ ԱՄՈՒՐ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ՍԱ Է ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ՚

2017-ին համակարգում իրականացված  աշխատանքների, նախանշվող ծրագրերի մասին է հարցազրույցը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ

 - Պրն Դանիելյան, ինչպիսի՞ն էր 2017 թվականը արդարադատության համակարգի համար, իրականացվածից ի՞նչ կառանձնացնեք` որպես կարևոր և մնայուն:

- Մեր գերատեսչության համար տարին առանձնացավ գերծանրաբեռնվածությամբ` կապված իրավական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ: Այստեղ առաջին հերթին կարելի է նշել ԱԺ կանոնակարգ օրենքի, Դատական օրենսգրքի, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի և մի քանի այլ օրենքների ընդունմանը նախորդած աշխատանքները: Նշեմ, որ այս աշխատանքներն իրականացվել են Հանրապետության Նախագահին առընթեր Սահմնանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի քննարկումներից հետո: Մեր բոլոր ստորաբաժանումները լուրջ անելիքներ ունեին` կապված Հանրապետության նախագահի  2017-20թթ. ծրագրի` արդարադատության ոլորտին վերաբերող դրույթների  հետ: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Տարվա ընթացքում իրականացվածից կարելի է առանձնացնել նաև ԴԱՀԿ ծառայության և Անշարժ գույքի կադաստրի վարչության միջև  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր կարգը,  ինչը  նկատելիորեն արագացրել է այդ ծառայությունների մատուցման ժամանակաընթացքը և հնարավորություն տվել խուսափել ավելորդ քաշքշուկներից: Ամբողջությամբ ավարտված է Arlexis իրավական տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը:  Որոշակի աշխատանքներ են տարվել նաև պետռեգիստրի ոլորտում. շարունակվել են անհատ ձեռներեցների հաշվառումն ու իրավաբանական անձանց գրանցումը: Պետական ռեգիստրի գործակալության բոլոր գրանցումներն այսօր կատարվում են էլեկտրոնային ձևով: Որպես նշանակալի ձեռքբերում կարելի է համարել նաև այն, որ այսօր ամբողջ ՔԿԱԳ համակարգը` շրջանային ստորաբաժանումներով, էլեկտրոնային միացյալ ցանցով է գործում, ստեղծված թվային արխիվային  բազան հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ դարձնել մատուցվող ծառայությունների որակը: Ընթացքի մեջ է նոտարական ծառայություններն առավել ժամանակակից դարձնելու ծրագրերի մշակումը: Շարունակվել է նաև Mulberry էլեկտրոնային  փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկումը, որը հնարավորություն է ստեղծում, որպեսզի քաղաքացին համապատասխան հայտերը լրացնի էլեկտրոնային ճանապարհով: Աշխարհի շատ երկրներում օգտագործվող ճկուն այդ համակարգի շնորհիվ պետական մարմիններում հնարավոր է դարձել փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարումը, փաստաթղթերի և կից նյութերի էլեկտրոնային տարբերակների կենտրոնացված պահպանումն ու փաստաթղթաշրջանառության պատմության գրանցումն ու վերահսկումը փաստաթղթի շարժի բոլոր փուլերում: Տարվա ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին տպագրվել և հանրապետության տարածքում անվճար բաժանվել են պաշտոնական տեղեկագրեր` առաջին հերթին, իհարկե,  Սահմանադրությունը: ՔԿԱԳ ոլորտի որպես ուրախալի նորություն կնշեի շենքային պայմանների բարելավումը: 

-Ունե՞ք մտահոգություն հարուցող փաստեր: Նախկինում ձեր գերատեսչությունը որոշ մասնագետների հետ կապված խնդիրներ ուներ: 

- Պետք է ասեմ, որ Քաղծառայության խորհրդի կողմից կազմակերպվող համապատասխան մրցույթների արդյունքում հնարավոր է դարձել մեր գերատեսչությունը համալրել  նորավարտ, բայց շատ որակյալ  մասնագետներով, ում ներուժը մենք օգտագործում ենք նաև օրենսդրական փորձաքննությունների բաժնում:  Ընդհանրապես, ես միշտ էլ այն համոզմունքն եմ ունեցել, որ պետական կառույցներում պետք է աշխատեն ամենահմուտ մասնագետները:

-Ի՞նչ առաջնահերթություններ կարող եք նշել` կապված գալիք տարվա հետ:

-2018-ին ևս մեր հիմնական աշխատանքները կապված են լինելու  Սահմանադրության ընդունման հետ անհրաժեշտություն դարձած օրենսդրության կատարելագործման հետ: Կարևորներից կարելի է նշել Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրության մշակումը, ինչը ևս Սահմանադրության պահանջ է: Դա մի մեծ փաթեթ է. ինչպես հայտնի է, նոր ձեւավորված օրենսդրության համաձայն`՝ ԱՀ տարածքային կառավարման մարմինները ներկայում գործող շրջանների սահմաններում կվերափոխվեն տեղական ինքնակառավարման մարմինների: Օրենսդրության համապատասխանեցման շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո փորձաքննության են ենթարկվելու Ընտրական օրենսգիրքը, Վարչատարածքային բաժանման մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքները: Գալիք տարում շարունակվելու է նաև միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացը` ներառելով երեխաների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության և այլ բնագավառներ:  ՀՀ մեր գործընկեր նախարարության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է գալիք տարում նոտարիատի ոլորտում ունենալ կտակի և ժառանգության գործերի ընդհանուր բազա:

- Ամանորի Ձեր բարեմաղթանքը: 

- Ամանորին ընդունված է միմյանց մաղթել հաջողություն, առողջություն, բարեկեցիկ կյանք: Ես համոզված եմ, որ որքան յուրաքանչյուրս ավելի շատ հետևենք Աստծո պատվիրաններին, այնքան հաջողություններ ու նվաճումներ շատ կունենանք: Ունենանք համբերություն, կամք, կորով և վճռականություն` մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:  

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ