ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ 30 ԸՆՏԱՆԻՔԻ

Ամանորի նախաշեմին հայաստանյան մի շարք կազմակերպություններ օգնություն են ցուցաբերել արցախցի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը, որը Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության շրջանակներում արդեն մի քանի տարի է ավանդույթ է դարձրել նյութական օգնության ցուցաբերումը սոցիալապես անապահով ընտանիքներին, նման ընտանիքների երեխաներին արձակուրդներին իրենց մոտ հրավիրելն ու անմոռանալի օրեր պարգևելը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության և առողջության բաժնի պետ Իվետա Դանիելյանը, ում հետ սերտորեն համագործակցում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը, մեծ պատկառանքով է խոսում Դավթաշենի թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի և իր ղեկավարած թիմի մասին, որոնք մեծ հոգածությամբ են կատարում օգնության բոլոր ծրագրերը: Նա ընդգծեց, որ տարին նվազագույնը երեք անգամ Արցախ է այցելում անձամբ թաղապետը, տեղում ծանոթանում եղած և առաջացած խնդիրների հետ և ըստ այդմ կազմում օգնության ծրագրերը: Այս անգամ,  սոցիալապես անապահով 30 ընտանիքներին Նոր տարվա առթիվ նախատեսված նյութական օգնության բաժանման գործընթացը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին: Իվետա Դանիելյանը խոստովանում է, որ, կարծես թե, սովոր է Դավթաշենի ղեկավարության առատաձեռնությանը, բայց այս անգամվա յուրաքանչյուրին նախատեսված փաթեթը զարմացրել է անգամ իրեն. տոնական սեղանի համար փաթեթն իր մեջ ներառում էր հավ, երշիկ ու նրբերշիկ, կարագ, մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ, պահածոյացված ոլոռ ու եգիպտացորեն, խտացրած կաթ և քաղցրավենիք:

Ըստ Իվետա Դանիելյանի` օգնություն ստացած բոլոր այդ ընտանիքներն անչափ երախտապարտ էին նման հոգատար վերաբերմունքից և խնդրել են իրենց անունից խորին շնորհակալություն հայտնել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարությանը և անձամբ թաղապետ Ռուսլան Բաղդասարյանին:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ