[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԱՆՄԱՔՐՈՒՄ՚ ՀՕԱԿ-Ը ՄԵԾԱՊԵՍ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Մայրաքաղաք Ստեփանակերտի տեսքը թերի կլիներ, եթե այն պատշաճ կերպով չապահովվեր քաղաքապետարանին ենթակա կոմունալ ծառայությունների կողմից: Այդ առումով մեծ է ՙՍանմաքրում՚ ՀՕԱԿ-ի դերը: Մեր հարցազրույցը տնօրեն Ալյոշա ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ  կազմակերպության  գործունեության շուրջ է:

 -Պարոն Սեյրանյան, քաղաքի մաքուր տեսքի ապահովումը, անշուշտ, մեծ ջանքեր է պահանջում: Ինչպե՞ս են կազմակերպվում սանմաքրման աշխատանքները կենտրոնական և ծայրամասային փողոցներում:

-Կենտրոնական փողոցների սանմաքրումը կազմակերպվում է ամեն օր՝ վաղ առավոտյան, որպեսզի չխանգարվի մեքենաների շարժը: Մաքուր վիճակը պահպանելու համար կեսօրից հետո հավաքարարները շրջում են կենտրոնական փողոցներով և հավաքում գետնին թափված աղբը: Ծայրամասային փողոցների սանմաքրումը կազմակերպվում է շաբաթը 3 անգամ: Դրանից զատ, հատկապես սեփական առանձնատների թաղամասերում, ամիսը մեկ անգամ կազմակերպվում է տեղային շաբաթօրյակ, քանի որ աղբարկղների շուրջ հաճախ շինարարական աղբ է լցվում: Ամեն տարի փոխվում և ավելացվում են մեծ և փոքր աղբարկղները:

-Բնականաբար, ավելի մեծ ջանքեր են պահանջվում ձմռան ամիսներին: Ինչպե՞ս են կազմակերպվում այդ շրջանի աշխատանքները:

-Նախօրոք կազմվում է աշխատանքային ժամանակացույց, որի մի օրինակը վերահսկողության համար տրվում է Ստեփանակերտի քաղաքապետին: Ըստ կազմած ժամանակացույցի` ձյան տեղումների ժամանակ, կազմակերպության երկու ձնահավաք և աղցան մեքենաներից զատ, փողոցների ու մայթերի մաքրման համար մասնակցում է նաև 3 աշխատանքային բրիգադ: Ամեն մի բրիգադում ընդգրկված է 1 ինքնաթափ մեքենա, որտեղ լցված են աղ ու ավազի խառնուրդ,  2-3 բանվոր, այդ խառնուրդը տարածում են քաղաքի երթևեկելի մասերի վրա: 2017-ին կառավարության կողմից նվիրաբերված մինի ձնահավաք տրակտորը բավականին կթեթևացնի մայթերի մաքրման աշխատանքը:

-Մի քանի տարի առաջ աղբի դիմաց վարձավճարների հավաքագրումը խնդրահարույց էր: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

-Այսօր կարող ենք փաստել, որ վարձավճարների հավաքագրման խնդիրների փուլն արդեն հետևում է: Օրինակ, 2017-ին հավաքագրվել է 135 մլն 862 հազ. դրամ, որը 1,9 տոկոսով ավելի է 2016թ. ցուցանիշից: Սակայն նման ցուցանիշների համար մեծ ջանքեր են պահանջվում կազմակերպությունից, մեծապես՝ ՙՍանմաքրում՚ ՀՕԱԿ-ի իրավաբանից: Երբ բաժանորդների վարձավճարների պարտքերը հատում են 10.000-ի շեմը, կազմակերպությունն իրավասու է դիմել դատարան, ինչն էլ իրավաբանի գործառույթն է: Ասեմ, որ գրեթե ամեն ամիս դատական լսումներ են ընթանում նշված հարցի շուրջ: Դատական վճիռների 80 տոկոսը շահում է կազմակերպությունը: 

-Կենտրոնական աղբանոցի տեղափոխումը նոր տեղավայր խնդիրներ առաջացրեց մերձակա տարածքում ապրող բնակչության շրջանում: Տեղեկացված ենք, որ լուծվել են աղբանոցի հետ կապված մի շարք հարցեր: Այդ լուծումները վերացրե՞լ են բնակչության բողոքները:

-Սկզբնական փուլում, երբ կենտրոնական աղբանոցի աշխատանքները տնօրինում էր մեկ այլ կազմակերպություն, նման խնդիր, անշուշտ, կար: Կար նաև հրդեհավտանգ իրավիճակ: Երբ  աղբանոցը տրվեց ՙՍանմաքրում՚ ՀՕԱԿ-ի տնօրինությանը, կանխարգելիչ քայլերի դիմեցինք: Այդ առումով կազմակերպության մեծ ձեռքբերումներից է կենտրոնական աղբանոց ջրագիծ անցկացնելը, ինչը թույլ տվեց աղբանոցի տարածքում ունենալ շուրջօրյա ջուր: Դա խթանեց ավտոմեքենաների լվացման համար համապատասխան վայր կառուցելուն, որպեսզի աղբահավաք մեքենաները տեղում լվացվեն և մաքուր վերադառնան քաղաք: Մշտական ջրամատակարարումը լուծել է նաև աղբանոցի հակահրդեհային խնդիրները. դրա վտանգն առկա էր, քանի որ կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկվում: Այն խտացվում և վնասազերծվում է հողի 15-20 սմ հողաշերտի ծածկով, որն իրականացվում է համապատասխան տեխնիկայի միջոցով: Բարեկարգ վիճակի ենք հասցրել դեպի գլխավոր աղբանոց տանող ճանապարհը, որի երկկողմ տնկված ծառերն արդեն մեծացել են: Բարեկարգման այդ աշխատանքները մեղմել են բնակչության կողմից դժգոհությունը:

-Տեղեկացված ենք նաև, որ վերջերս համալրվել է կազմակերպության տեխնիկական բազան: 

-2017-ին կառավարության կողմից ՙՍանմաքրում՚ կազմակերպության համար ձեռք են բերվել նոր ՙԲելառուս ՄՈՒ-320Մ՚ բազմաֆունկցիոնալ, այդ թվում նաև ձնահավաք տրակտոր և հավաքած մեկ ՙԿԱՄԱԶ-830՚ ու մեկ ՙԶԻԼ-130՚ կողաբարձիչ մեքենաներ, ինչը բավականին թեթևացրեց կազմակերպության աշխատանքները: Սակայն տեխնիկական բազայի թարմացման հարցը շարունակում է մնալ արդիական, քանի որ եղածն այնքան հին է, որ գրեթե ամեն ամիս դրանց վրա փոքր և մեծ վերանորոգումներ են իրականացվում: 

-Խնդրահարույց էր նաև աղբահավաք մեքենաների վարորդների և բանվորների հարցը: Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը:

-Այդ հարցը, հատկապես վարորդների, շարունակում է մնալ օրակարգային: Այդ հին մեքենաների անընդհատ վերանորոգման խնդիրները, նման ծանր աշխատանքը և դրա դիմաց ցածր աշխատավարձը տեղիք են տալիս վարորդների, բանվորների հոսքի: 

-2018-ին ՀՕԱԿ-ի աշխատանքների ծավալը կմնա նո՞ւյնը, թե՞ կընդլայնվի:

-Ապրիլ ամսից կազմակերպությունը պատասխանատու կլինի նաև Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակի սանմաքրման աշխատանքների համար, քանի որ լուծարվել է պուրակը սպասարկող կազմակերպությունը: 10 հաստիքից ՙՍանմաքրում՚ կազմակերպությանն է փոխանցվել 7-ը, 3 հաստիք էլ տրվել է ՙԱկադեմիկոս Թախտաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի՚ ՓԲԸ-ին: Մեր կազմակերպությունը, սանմաքրումից զատ, պետք է հետևի նաև այնտեղ տեղադրված շատրվանների մաքրությանը:

 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ