[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Բոլոր ժամանակներում անգնահատելի է եղել արհմիությունների դերը, մանավանդ քաղաքակիրթ ու զարգացած երկրներում։ Արհմիությունների դերն առաջին  հերթին  կարևորվել է մարդու իրավունքների, շահերի  պաշտպանության  տեսանկյունից։ Այսօր էլ արհմիություններն ունեն զգալի դերակատարություն:

Ողջունելի է, որ մեր հանրապետությունում պետական աջակցությունն ու ուշադրությունը արհմիությունների նկատմամբ տարեցտարի մեծանում է։ 

Ինչպիսի՞ն է արհկազմակերպությունների միության վիճակը Մարտունու շրջանում, ի՞նչ հիմնական առաքելությամբ է այն գործում։ Այս հարցերի և անցած տարում միության կողմից կատարված աշխատանքների շուրջ է հարցազրույցը  շրջարհկազմակերպությունների միության նախագահ Աշոտ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Մարտիրոսյան, այսօր ի՞նչ խնդիրների է առավել ուշադրություն նվիրում շրջարհկազմակերպությունների միությունը։ 

 -Շրջարհկազմակերպությունների միությունը, հանդիսանալով աշխատանքային իրավունքի սուբյեկտ, իրականացնում է ոչ պետական վերահսկողություն, կոչված է պաշտպանելու գործատու-աշխատող հարաբերություններում աշխատողների ԱՀ Սահմանադրությամբ, ԱՀ աշխատանքային օրենսդրությամբ և այլ իրավական նորմերով սահմանված, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքային պայմանները, աշխատողների իրավունքները։ Մեր ամենօրյա գործունեության ընթացքում արվում է հնարավոր ամեն ինչ` բարձրացնելու սկզբնական արհեստակցական կազմակերպությունների դերը, որպեսզի նրանք զբաղվեն ոչ միայն անդամավճարների գանձման և օգտագործման հարցերով, այլև դառնան աշխատողների շահերի և իրավունքների երաշխավորը։

-Սկզբնական արհմիութենական կազմակերպությունների և անդամների ընդգրկման առումով 2017-ը տարբերվում էր նախորդ տարուց։

-Այսօրվա դրությամբ ունենք 202 սկզբնական արմիութենական կազմակերպություն՝ 2212 անդամով։ 2016թ. համեմատ՝ 2017թ. ավելացել է մեկ կազմակերպություն՝ 35 անդամով։ Աշխատում ենք օր օրի ավելի մեծացնել  ժողովրդի վստահությունը: 

-Յուրաքանչյուր տարի շրջարհկազմակերպությունների միությունն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել 2017 թվականին։

 -Հիմք ընդունելով 2017թ. աշխատանքային պլանի միջոցառումները, ԱՀ ՙԱրհմիությունների մասին՚ օրենքի համաձայն՝ որոշակի աշխատանքներ ենք տարել գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 

Ճանաչողական նպատակով այցելել ենք համարյա բոլոր սկզբնական կազմակերպությունները, լսել նրանց մտահոգությունները և անհրաժեշտության դեպքում տվել ընթացքավորում, առանձնապես` բուժման և հանգստյան ուղեգրերի ձեռքբերման հարցերում։ 2017թ. շրջարհմիության կողմից ստուգվել են 74 աշխատանքային պայմանագրերի համապատասխանությունն Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, իրականացվել են ստուգումներ՝ կապված աշխատավարձի և աշխատավարձին առնչվող հարցերի հետ, արհմիության անդամներին ինչպես կոլեկտիվներում, այնպես էլ ընդունելության ժամանակ տրվել է 75 իրավաբանական խորհրդատվություն։ Աշխատողների առողջության պահպանման պայմանների ստուգման նպատակով կատարվել է 38 ստուգայց։ Տարբեր ոլորտներում ներկայացվել է 11 առաջարկ։ Հասարակական սննդի օբյեկտներում, դպրոցներում, մանկապարտեզներում կատարվել է սննդի կազմակերպման վիճակի 14 ստուգում։ Տարբեր ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքի որակի ստուգման նպատակով իրականացվել է 18 ստուգայց։ 2016-2017 ուս. տարվա պատրաստվածության նպատակով կազմակերպվել է 49 հանդիպում։

-Մարտունու շրջարհմիությունն ակտիվ մասնակցություն է ունենում նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մշակութային, մարզական և տարբեր բնույթների մի շարք միջոցառումների իրականացման գործում։ Ի՞նչ է արվել այս ուղղությամբ 2017թ.-ին։

 -Այո, միությունը համագործակցում է շրջանում տեղակայված զորամասերի, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների, առանձնապես մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և սպորտի բաժինների, ուսումնական հաստատությունների, շրջանի բոլոր համայնքների և նրանց ղեկավարների, Մարտունու երիտասարդական խորհրդի,  հիմնարկ-ձեռնարկությունների, ԱՀ ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժնի, շրջանի մշակութային կենտրոնների և մի շարք ՀԿ-ների հետ։ Այս շրջանակներում մասնակցել եմ մի շարք եկեղեցական, մշակութային միջոցառումների՝ ՙՏեառնընդառաջ՚-ի, ՙՀայրենիքի պաշտպանի՚ տոն օրերին, Արցախի գոյամարտի նվիրյալ Մավր Օհանյանի, Արցախյան շարժման գործիչ, ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վլադիկ Խաչատրյանի հերթական, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներին, մի շարք մրցությունների։

Վերը նշված բոլոր միջոցառումների ժամանակ շրջարհմիությունը հանդես է եկել տարբեր պարգևներով՝ պատվոգրերով, մեդալներով, թանկարժեք նվերներով և դրամական խրախուսմամբ։

-Հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում շրջարհկազմակերպությունների միությանը, որքանո՞վ են դրանք լուծում ստանում։ Եվ, ընդհանրապես, Ձեր ամենօրյա աշխատանքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպում։

 -Միությանը դիմում են հիմնականում գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման, աշխատողի շահերի պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման, առողջարանային և հանգստյան ուղեգրերի ձեռքբերման  նպատակով։ Միությունը հնարավորության սահմաններում աջակցում է մեր քաղաքացիներին։ 2017թ.-ին շրջանային միություն մուտք է գործել 179 դիմում-բողոք, որոնք սահմանված ժամկետներում քննարկվել և դիմորդներին  տրվել են սպառիչ պատասխաններ։ Անցած տարում սկզբնական կազմակերպություններից շրջարհմիության ընթացիկ հաշվին է փոխանցվել 17.562.245 դրամ անդամավճար, անցյալ տարվա մնացորդով 21405500 դրամ է։ Այդ ընթացքում սկզբնական կազմակերպությունները մշակութային, կուլտ-մասսայական, ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացման և նյութական աջակցության նպատակով շրջարհմիությունից ստացել են 7.600.000 դրամ գումար։ 

2017թ. արհմիության 28  անդամի համար ձեռք են բերվել առողջարանային ուղեգրեր, որի համար ծախսվել է 2122500 դրամ գումար։ Տարբեր սոցիալական խնդիրների լուծման համար արհմիության 27 անդամի տրվել է 580.000 դրամի նյութական օգնություն։ 

Քանի որ ԱՀ  ԱՖ նախագահ Արա Ղահրամանյանի և շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի կողմից մշտական աջակցություն ենք ստանում, ուստի ամենօրյա աշխատանքում առաձնակի խնդիրների չենք հանդիպում։ Մարտունու շրջարհմիությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ ուշադրության կենտրոնում պահելով աշխատողների շահերը, աջակցելով շրջանում տեղի ունեցող մշակութային, ռազմահայրենասիրական, կուլտ-մասսայական միջոցառումների անցկացմանը և ակտիվ մասնակցություն ունենալ նմանատիպ միջոցառումներին։

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի