[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԵՐՆԵՐ ԲԱՐԵՐԱՐԻՑ

Թերևս շատերը կհամաձայնեն, որ երեխայի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան նվեր ստանալը Ձմեռ պապիկից։

 Արդեն  երկրորդ տարին է, ինչ Սասունցի Դավթի, Սարգիս Աբրահամյան, Կամո Դանիելյան, Օրբելու փողոցների երեխաների համար այդ մեծ հաճույքը կազմակերպում է ԱՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը։ Նշեմ, որ նա ևս իր մանկությունն անց է կացրել Սասունցի Դավթի փողոցում։ Ո՜չ, դա նշում եմ ոչ այն բանի համար, որ նա պարտավոր էր դա անել, քանզի մեր օրերում հաճախ չես հանդիպի այնպիսի մարդկանց, որոնք կգնան այդ քայլին։

Անցած ամանորյա միջոցառումը ևս անմոռանալի էր.

Ձմեռ պապ, Ձյունանուշ, հեքիաթային բազում հերոսներ և, իհարկե, տարվա խորհրդանիշ ոսկեգույն շնիկը։ Երգ, պար, արտասանություն, ուրախ ծափ ու ծիծաղ, հիանալի տոնական տրամադրություն  տոնածառի շուրջ` մեծերի ու փոքրիկների ուրախ մասնակցությամբ։

Վերջապես եկավ ամենացանկալի պահը՝ նվերների հանձնումը։  Բացվեց վերջապես Ձմեռ պապի կախարդական պարկը, և հայտնվեցին տոնական նվերները։ Միայն տեսնել էր պետք երեխաների  աչքերի  փայլն ու երջանկությունը։ Կրկնակի ուրախալի էր, որ 2-րդ անգամ նվերներ հանձնեցին Կարեն Սարգսյանի դուստրն ու  որդիները։ 

Անձամբ իմ և մասնակից երեխաների ծնողների անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել պրն Սարգսյանին, նրա ընտանիքին, կոլեկտիվին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այդ հարցում։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև  թաղկոմ Սարգիս Աբրահամյանին` այդ ամենին աջակից լինելու համար։

Թող հայ ազգն ունենա  նման բազում  բարերարներ: 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ