ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մարտի 5-ին կայացել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) հերթական նիստ, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց:

 Առաջին հարցը վերաբերում էր էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգին: Հանրային ծառայությունների կարգավորման բաժնի պետ Ա. Մուսայելյանը ներկայացրեց մոնիթորինգի իրականացման ձևերը, կարգը և ժամկետները: Ըստ առաջարկվող կարգի` Հանձնաժողովը պետք է  իրականացնի մոնիթորինգ սեփական գրասենյակում` լիցենզավորված անձի կողմից ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև լիցենզավորված անձի  գործունեության վայրում կարճաժամկետ (մինչև հինգ աշխատանքային օր) կամ երկարաժամկետ (մինչև 50 աշխատանքային օր) դիտարկումների իրականացման միջոցով: Նախատեսված է երկարաժամկետ դիտարկումները լիցենզավորված անձի մոտ իրականացնել ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Մոնիթորինգի արդյունքում Հանձնաժողովն իրավասու է պահանջել ներկայացնելու բացահայտված թերությունների վերացման, ինչպես նաև խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկ: Կարգը հաստատելուց առաջ Հանջնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը բաժնի իրավաբաններին հանձնարարեց վերանայել նախագծի ժամկետային որոշ կետեր, ինչպես նաև հստակություն մտցնել տույժերի կիրառման մասին ձևակերպումներում: 

Հաջորդ հարցը  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի դ 18-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելուն էր վերաբերում: Այն առնչվում էր արևային էլեկտրակայաններին, որոնք մինչև 1 մգվտ (ներառյալ) տեղակայված հզորություն ունեն: Ըստ փոփոխությունների` դրանց համար էլեկտրաէներգիայի վաճառքի սակագին չի սահմանվում, եթե արդեն իսկ տրամադրված` այդ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության բոլոր լիցենզիաներով ամրագրված էլեկտրակայանների տեղակայված (տեղակայվող) հզորությունների ընդհանուր գումարը գերազանցում է տասը մեգավատը: Փոքր հիդրոէլեկտրակայանների համար սակագները  հաշվարկվում են 15 տարվա, իսկ հողմային, արևային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար` 20 տարվա կտրվածքով: Հանձնաժողովի վերահսկողության, լիցենզավորման և մուտքերի հաշվառման բաժնի պետը ներկայացրել է հաջորդ` ՙԼԵՎ ԷՆԵՐՋԻ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՙԱղավնո՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու և  ՀԾՏՄԿՊՀ  2016 թվականի փետրվարի 12-ի դ 5Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը: ՙԼԵՎ ԷՆԵՐՋԻ՚ ընկերությանը մինչև 2033 թ. գործողության ժամկետով տրամադրվեց ՙԱղավնո՚ փոքր հիդրոէլեկտրակայանում (Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք և Մոշաթաղ համայնքների տարածքում) էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա` հստակեցնելով դրա պայմանները:   

ՙԼԵՎ ԷՆԵՐՋԻ՚ ՍՊԸ-իՙԱղավնո՚ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանելու մասին որոշման նախագիծը ևս հաստատվեց Հանձնաժողովի կողմից: Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահի խնդրանքով տնտեսական մրցակցության  բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով տարբեր առևտրային կետերում իրականացվող ամենօրյա դիտանցումների արդյունքները: Հանձնաժողովի նախագահը բաժնի աշխատակիցներին հանձնարարեց ավելի ուշադիր լինել և գների չհիմնավորված բարձրացման և անբարեխիղճ մրցակցության փաստեր հայտնաբերելու դեպքում կիրառել խստագույն միջոցներ: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ