[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՌՆԱՆՔ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ...

Իմ անծիր  ու անպարագիծ սիրո ՙմեղավորները՚ շատ են, և այսօր նրանցից ուզում եմ առանձնացնել մեկին` իմ ուսուցչուհուն` Արփիկ Սմբատի Ալթունյանին…

 … Այսօր արդեն իր կյանքի իններորդ տասնամյակը բոլորած ուսուցչուհին, ում գլխով շատ  ամպեր են անցել, սարի պես անսասան է, նրա  վարսերին տարիներն իրենց ճերմակ  հեքիաթն են մանել, կորացել են նրա  ուսերը, սակայն նա մնացել է  մտքով տոկուն, ոգով անսասան, մնացել է նույն  խիստն ու նույն բարին,  նույն պահանջկոտն ու իր աշակերտների սիրելի, բարի խորհրդատուն:

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի ավանդապահ օջախում ծնված ու  դաստիարակված աղջնակը էն գլխից  հասկացել էր, որ  ուսուցչուհի պիտի դառնա,  մաթեմատիկական հակումներն ի հայտ  են եկել դպրոցական նստարանից:

Ստեփանակերտի համար 1 միջնակարգ  դպրոցն ավարտելուց հետո ուսանել է  Բաքվի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Ինստիտուտը բարեհաջող ավարտելուց  հետո մի քանի տարի ուսուցչություն է արել Բերդաշենի, Սոսի, Շոշի միջնակարգ դպրոցներում, մինչև  վերջնականապես հաստատվել է Խ. Աբովյանի անվան  համար 1 միջնակարգ դպրոցում,  ասել է թե` իր հարազատ դպրոցում:  

Երեսունհինգ երկար ու ձիգ տարիներ նա բարձր է պահել Ուսուցիչ պատվանունը: Այդ մասին են վկայում նրա  հարյուրավոր աշակերտները: Նա լավ  մասնագետ էր, խստապահանջ, նրա  պահանջկոտությունը ինքնանպատակ չէր, և այն դրսևորվում էր հատկապես աղջիկների նկատմամբ, հաճախ էր առանձնազրույցներ ունենում թե՜ նրանց և թե՜ ծնողների  հետ: Սակայն դա չի նշանակում, թե  տղաներին երես էր տալիս, նրանց  դաստիարակելու գործում էլ իր  մարտավարությունն ուներ, նրանց ոչ մի  զանցանք չէր վրիպում ընկեր  Ալթունյանի քննախույզ հայացքից:  Այսօր տարիների հեռվից հիշում է  բոլորին, լավ սովորողներին նույնիսկ անուն-ազգանունով է հիշում, իսկ մնացածներին` դեմքով, անգամ իրենց գործած  արարքներով: Նա միշտ  դասաժամերի հիմնական նյութը մատուցելուց հետո աշակերտներին տեղեկություններ էր հաղորդում աշխարհաքաղաքական  իրողությունների, գիտատեխնիկական նորությունների մասին: Վատ սովորող աշակերտներին հնարավորություն էր տալիս լրացնել բաց թողածը և դրական գնահատական ստանալ: Աշակերտների հետ հաճախակի էր  էքսկուրսիաների գնում թե՜  հանրապետության (նախկին մարզի) տարածքում և թե՜  հարևան հանրապետություններ, դա օգնում էր ավելի լավ ճանաչելու սաներին:

Ընկեր Ալթունյանը, ինչպես իր նախկին սաներն են առ այսօր նրան կոչում, իր աշակերտների ու իր զավակների միջև ոչ մի տարբերություն չէր դնում,  նրա սիրտը ցավում էր բոլորի համար և միայն մեկ  ցանկություն ուներ` նրանց տեսնել   խելոք ու գրագետ, լավ մասնագետ ու լավ  քաղաքացի դարձած: Նա իր  մանկավարժական երկարամյա տքնաջան աշխատանքի համար իրեն վարձատրված է զգում, որովհետև իր սաները այսօր հայտնի բժիշկներ են, դասախոսներ, լրագրողներ, շինարարներ, մաթեմատիկոսներ, դպրոցների տնօրեններ, և վերջապես` ազատ ու անկախ Արցախի ներկայիս Նախագահ սան ունի բազմավաստակ ուսուցչուհին, եղել է նրա դասղեկը և դեռ դպրոցական նստարանից է նրա մեջ նկատել ուղղամիտ առաջնորդին:

Ընկեր Ալթունյանը, , հպարտության հետ նաև դառը կսկիծ, անբուժելի վերքեր ունի սրտում, նա ցավում է իր այն բոլոր աշակերտուհիների համար, ովքեր Արցախյան գոյամարտում կորցրել են իրենց ամուսիններին, վշտակցում է իր բոլոր այն սաների մայրերին, ովքեր նահատակվել են գոյամարտի ընթացքում, այդ կորուստը նաև իրենն է համարում… Ինքն էլ երկու զավակ է կորցրել… ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանի ասպետ որդին` Սերգեյ Թովմասյանը, ընկերների հետ Մռավի լեռնաշղթայի Գոմշասարի լեռնագագաթին ծածանեց հայոց եռագույնը ու պայքարի հորձանուտ մտավ  բոլորանվեր:

Հետագայում Կենտրոնական պաշտպանական շրջանի 6-րդ վաշտի հրամանատարը փայլուն մարտական  ուղի  անցավ, վիրավորվեց Շուշիում, հոսպիտալից կրկին շարք  վերադարձավ, մարտնչեց Մարտակերտի շրջանի  բնակավայրերի ազատագրության  համար և քաջի մահով ընկավ Հակոբ Կամարի գյուղի մերձակայքում:

Սերգեյի եղբայրը` Սամվելը, որ այդ ժամանակ ծառայում էր 3-րդ գումարտակում, տեղափոխվեց նրա գումարտակը` իր մարտական ծառայությունը շարունակելով եղբոր ՙՍեգո՚ ազդականչով: Եղբոր վրեժն առնելուց 7 ամիս ու տասը օր անց նույն  Հակոբ Կամարի գյուղի մերձակայքում քաջի մահով ընկավ նաև Սամվել Թովմասյանը:

 Նրանք գնացին բազմավաստակ ուսուցչուհի մոր և իրենց բոլոր ուսուցիչների կողմից ստացած պատվիրանները կատարելու, գնացին ու չեկան, նրանք   այլևս  հավերժի ճամփորդներ էին:

Ամեն առավոտ ընկեր Ալթունյանը, ասես, ուխտագնացության է գալիս ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշաթանգարան, նա աշխատանքի է գալիս` զրուցելու իր նահատակ զավակների հետ, իր սաների հետ, որոնց ճանաչում է մեկ առ մեկ, իր Սերգեյ որդու ձայնը ունկերում, նա այդ բառերն ընթերցում է բոլոր զոհվածների անթարթ հայացքում. ՙՄենք պարտավոր էինք տեր կանգնել մեր բիբլիական Հայրենիքին, մեր օջախներին, մեր մայրերին…՚

… Իմ ուսուցչուհին` դառը կսկիծը հոգում անթեղած, հպարտանում է իր սանիկ-ազատամարտիկներով, իր հինգ թոռնիկներով,  որոնք ՙգերազանց՚ գնահատականներով դասարանից դասարան, կուրսից կուրս են տեղափոխվում: 

Անսահման է նրա հպարտությունը, իսկ ցավը խորն է ու աղոթքներն` Աստվածառաք… 

Սիրելի ուսուցչուհի, ներիր իմ բոլոր չասված խոսքերի համար, ներիր քեզ սփոփանքի խոսքեր ասել չկարողանալուս համար, ներիր քո մասին իմ չգրած չափածո տողերի  համար, ներիր իմ բոլոր չսովորած դասերի համար ու այդ պատճառով քո վարսերին մի ճերմակ թել ևս ավելացնելու համար:

Շնորհավոր տոնդ, ուսուցչուհի…

Սիրով ու խոնարհումով` 

Սիրվարդ Մարգարյան