[ARM]     [RUS]     [ENG]

ԿԻՆԸ` ԱՅՍՕՐՎԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

 

 

Կանանց տոների միամսյակը սկսվում է Կանանց միջազգային տոնով և ավարտվում Մայրության ու գեղեցկության օրով:

Ի՞նչ տվեց և ի՞նչ խնդիրներ առաջացրեց կանանց իրավունքների համար պայքարը, ինչպե՞ս է ազդում էմանսիպացիան կնոջ հիմնարար առաքելության վրա: Արդիական հարցեր, որոնց շուրջ զրուցեցինք պատմության ուսուցիչ, այժմ  ՙԴաշնակցություն՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր ՌԻՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ:

-Տիկին Ռիտա, ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոները:

-Անշուշտ, ինձ հոգեհարազատ է Մայրության և գեղեցկության տոնը: Սակայն շատ եմ արժևորում նաև Կանանց իրավունքների համար մղած պայքարը, որի սկիզբը դրեցին 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները, ովքեր երթով անցան քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից: Պայքարի արդյունքում  կանայք տեսանելի նվաճումներ ունեցան քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում և ամենակարևորը՝ ստացան ընտրելու ձայնի իրավունք: Այսօր երիտասարդ սերունդն այդ պայքարի բոլոր նվաճումներն ու ձեռքբերումներն ընդունում է որպես օբյեկտիվ իրողություն՝ չպատկերացնելով անգամ, թե պայքարի ինչպիսի ծանր փուլերով են անցել կանայք, մինչև հասել են երազած նշաձողին: Գուցե և ճիշտ է տոնի այսօրվա ընկալումը որպես գարնան՝ բնության վերածննդի, կյանքի վերարտադրման, այսինքն՝ կանանց մեծարելու տոն: Ըստ արժանվույն ընդունելով Մարտի 8-ի խորհուրդը, այնուամենայնիվ, ավելի կարևորում եմ Մայրության և գեղեցկության տոնի խորհուրդը, որը համահունչ է մեր հոգեկերտվածքին: Արևմտյան գենդերային հավասարությունը, որը հաճախ վերածվում է որոշ հարցերում տղամարդկանց ճնշելու միջոցի, անընդունելի երևույթ է հայերիս համար: Ըստ դարերով եկած ավանդույթի, որի հիմքում տղամարդու մեծագույն ավանդն է՝ որպես ընտանիքի պաշտպան ու պահապան, որի հետնորդները բարձր պահեցին այդ նշաձողը Արցախյան ազատագրական պատերազմում, ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ընդհանրապես կինը, մայրը Հայոց աշխարհում միշտ արժանացել է հարգանքի, անգամ՝ պաշտամունքի: Եվ բնական էր, երբ անկախության հռչակման հետ մեր իշխանություններն ընդունեցին Ավետման եկեղեցական տոնը որպես Մայրության և գեղեցկության օր: Սակայն հարկ է նշել Ավետման տոնի ակունքների մասին. դարեր շարունակ մեծ տոնախմբություններ էին տեղի ունենում՝ նվիրված Անահիտ դիցուհուն, որը խորհրդանշում է պտղաբերությունը, արգասավորությունը, ծննդաբերությունը: Անահիտի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր ծնողի հանդեպ մեծագույն հարգանքին, ինչն էլ շարունակվում էր դարեր շարունակ: Եվ կհորդորեմ երիտասարդներին, որ կուրորեն չընդունեն արևմտյան արժեքները, հատկապես նրանք, որոնք ընդունելի չեն ՀԱԵ կողմից, և շարունակեն հավատարիմ մնալ մեր հոգևոր արժեքներին:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է լիարժեք տրվել երկու տարբեր ուղղություններին՝ ընտանիքին և աշխատանքին:

-Երկար ժամանակ աշխատել եմ Պատարա գյուղում` որպես դպրոցի տնօրեն, և աշխատանքի բերումով ստիպված եմ եղել համատեղել ընտանիքի հոգսերն ու տնօրենի պատասխանատու աշխատանքը: Եվ սեփական փորձից կասեմ, երբ տրվում ես աշխատանքին, ինչ-որ չափով տուժում է ընտանիքը և հակառակը: Առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 6-ը ողջ պատասխանատվությամբ կատարում էի տնօրենի պարտականությունները: Դրանից հետո ես պետք է հետևեի աշխատանքային ժամանակացույցին, որպեսզի հասցնեի կատարել ընտանեկան գործերը: Իհարկե, հիմնականում դա արվում էր իմ հանգստի ժամերի հաշվին: Գործը չէր տուժում: Սակայն զգում էի, որ երեխաներս կարոտ են մնում մոր հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն: Ես կարող էի ավելի շատ բան տալ իմ երեխաներին: Ճիշտ է, այդ բացը փորձում էի լրացնել շաբաթ, կիրակի օրերին, բայց բոլոր դեպքերում կարոտը զգացվում էր: Փառք Աստծո, երեխաներս ընդունակ էին և ինքնուրույն սովորում էին դասերը, ինչը բոլոր առումներով մեծ պարգև էր ինձ համար: Ավելին՝ չնայած իմ զուսպ պահվածքին, նրանք զգում էին այդ սերը, որ իմ հոգում ու սրտում էր, և իրենք ձգտում էին ինչ-որ բանով օգնել, թեթևացնել իմ բեռը: Երեխաներս ազատ էին իրենց նախասիրություններում, բայց մի բան պարտադիր էր, որի համար ես անպայման ժամանակ գտնում էի: Դա գրքերի ընթերցումն էր, որոնք ընտրվում էին իմ կողմից՝ ելնելով տարիքային հնարավորություններից: Ընտրած գրքերը պետք է կարդային և համառոտ պատմեին: Գուցե միշտ չեն հաճույքով ընթերցել պարտադրված գրքերը, բայց այսօր երեխաներս շնորհակալ են ինձ՝ գրքերի հանդեպ սեր պատվաստելու համար: Ի դեպ, ասեմ, որ գրքերի պարտադիր ընթերցման սկզբունքը, որն, ըստ ինձ, սերունդների դաստիարակման  կարևոր գործոններից է, կիրառում էի նաև իմ աշակերտների հանդեպ, մանավանդ, երբ խոսքը գնում էր մեր դասականների հատընտրի մասին:

-Դուք կարևորեցիք ազգային արժեքների պահպանումը: Այս աշխարհայնացման մարտահրավերներին ինչպե՞ս կարելի է պահպանել ինքնությունը:

-Աշխարհայնացումը մեծագույն չարիք է, որը գաղութացման ամենամոդեռն ձևն է: Եթե գաղութացումը հետապնդում էր հիմնականում տնտեսական շահեր, ապա աշխարհայնացումը տենչում է տիրանալ հոգիներին: Հավասարասեռամոլությունը, աղանդամոլությունը և բազում անհասկանալի մոլուցքներ, որոնք այսօր հռչակված են որպես արևմտյան արժեք, բազում միջոցներով և ձևերով ձգտում են փաթաթել մեր վզին, փորձելով դարձնել յուրաքանչյուր ազգի ՙարժեք՚: Դա մեծ վտանգ է բոլոր ազգերի համար, հատկապես փոքրաթիվ, ինչպիսին մենք ենք: Դա մեծ վտանգ է մեզ համար նաև այն պատճառով, որ Խորհրդային Միության ժամանակ կտրվել ենք եկեղեցուց, որը քարոզիչն ու պահապանն էր ազգային արժեքների: Մենք`արցախցիներս, տառապում ենք նաև այլալեզու մոլուցքով: Իհարկե, կարելի է դա բացատրել Բաքվի գործոնով: Բայց արդեն 30 տարի է, ինչ մենք անկախ ենք, սակայն արի ու տես, որ քաղաքի գրեթե բոլոր ցուցանակները գրված են օտար լեզուներով, լավագույն դեպքում՝ փոքր տառերով էլ հայերեն: Ինչով էլ դա բացատրվի, առկա է մի բան՝ կա դատարկ դաշտ, որը կարող է լցվել այն մոլուցքներով, արժեքներով, որոնք շատ են ազդարարվում, քարոզվում: Այստեղ մեծ է եկեղեցու, պետության դերը, որոնք իրենց վրա պետք է վերցնեն աստվածահաճո արժեքների քարոզումը: Եթե ազգը կառչած է իր արժեքներից, մշակույթից, սիրում և ճանաչում է այն, կարող է դիմադրել աշխարհայնացման գործընթացին: Անշուշտ, որոշ քայլեր արվում են ազգային մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, խոսքս այս ուսումնական տարվանից որոշ դպրոցներում երգ ու պարի առարկան մտցնելու նախաձեռնության մասին է, սակայն ազգային մշակույթի դաստիարակման գործընթացը պետք է սկսել վաղ հասակից և համատարած:

-Ինչպե՞ս եք կարծում, շոշափված հարցերը կապ ունե՞ն տարեցտարի աճող ամուսնալուծությունների թվի հետ:

-Իմ կարծիքով, ամուսնությունը հոգևոր և մարմնական կապ է: Եթե այդ կապը բացակայում է, ուրեմն ամուսնությունը գոյություն չունի, եթե անգամ ապրում են կողք կողքի: Այդ դեպքում հեռանալը բնական երևույթ է: Չանդրադառնանք հին ժամանակներին, երբ կնոջ իրավունքները նվազագույնն էին: Այսօր կինը հավասար իրավունքներ ունի, աշխատում է, կարող է հոգալ իր նյութական պահանջարկը, և բնական է, որ պետք է հաշվի նստել նաև նրա պահանջների հետ: Այդ հանգամանքը, ըստ հին սովորությունների, հետզհետե  մտնում է մեր կյանքը: Ամուսնալուծությունների հարցում ավելի մեծ դեր է խաղում, ըստ իս, այնպիսի մի բացասական երևույթ, ինչպիսին է Արևմուտքից թափանցված անհատապաշտության թեորիան, որը մարդկանց դարձնում է անհանդուրժողական: Բայց չէ՞ որ ընտանիքը, հասարակությունը, պետությունը կառուցվում են հանդուրժողականության սկզբունքի վրա: Ինչպես ասված է ու փորձված, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և եթե բոլոր կողմերը հետևեն այդ սկզբունքին, համոզված եմ, շահող կլինեն բոլոր թվարկված կառույցները: Իսկ ընտանիքները կլինեն ավելի ամուր, ինչից կշահեն, առաջին հերթին, երեխաները, ինչպես և պետությունը: Եվ քանի որ ի սկզբանե կնոջ վրա դրված է վերարտադրողական առաքելությունը, երեխաների դաստիարակությունը, կինը պետք է գոնե մի փոքր ավելի շահագրգռված լինի ընտանիքի պահպանման, ամրապնդման հարցում, ինչը ենթադրում է խելամիտ հանդուրժողականություն:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ