ՍԿՍՎԱԾ ԵՆ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Այս վերջին տարիներին արդեն ավանդական է դարձել գարնանն անցկացնել ծառատնկման, սանմաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ, որը կազմակերպվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից:

Միամսյակի աշխատանքներն սկսված են ապրիլի 1-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը, իսկ ապրիլի 21-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Աշխատանքները կանոնակարգելու համար ստեղծված է համապատասխան հանձնաժողով, որի նախագահն է քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը:Ըստ հանձնաժողովի նախագահի` բարենպաստ եղանակը թելադրել է իր կանոնները. արդեն իսկ մարտի վերջին օրերից Ակադեմիկոս Թախտաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակազմը Ստեփանակերտի զբոսայգիներում, փողոցներում և հասարակական վայրերում սկսել է ծառերի, թփերի էտման ու ձևավորման, սիզամարգերի փխրեցման գործընթացը: Զուգընթաց կատարվում է նաև ծառատունկ, մի շարք փողոցներում չորացված, անպիտանի ծառերն ու թփերը փոխարինվում են նորերով:

Ա. Հակոբյանի տեղեկատվությամբ՝ աշխատանքները լավագույնս կատարելու համար ստեղծված են 11 աշխատանքային խմբեր՝ իրենց պատասխանատուներով: Ընդգրկված են քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության տեղամասային տեսուչները, ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի, ՙԲՇՏ՚ ՓԲԸ-ի աշխատակիցները: Ամեն աշխատանքային խումբ շրջել է իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներով, բացատրական աշխատանքներ իրականացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց մոտ, տրվել են համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկություններն իրենց առօրյա աշխատանքներից զատ կատարում են նաև միամսյակի շրջանակներում նախատեսված պլանային աշխատանքներ: ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ը սանիտարական մաքրման և կենցաղային ու շինարարական աղբի տարհանման աշխատանքներ է իրականացնում մի շարք բազմաբնակարան շենքերի բակերում ու փողոցներում, հարթեցնում է եղած հողակույտերը: ԲՇՏ-ի կողմից կատարվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի մաքրման, բարեկարգման աշխատանքներ:

Ծրագրի համաձայն, միամսյակի աշխատանքներին իրենց ներդրումը կունենան մայրաքաղաքի պետական կառավարման բոլոր մարմինները, հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները՝ անկախ սեփականության ձևից. նրանց կողմից իրենց և հարակից տարածքներում կկատարվեն սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Բուսաբանական այգու կողմից սիզամարգերում և համապատասխան տարածքներում ցանվում են կանաչ խոտի սերմեր, տնկարանում և ջերմոցներում ցանվել են ծաղիկների սերմեր՝ հետագայում ծաղիկների սածիլները սիզամարգեր տեղափոխելու համար: Այդ նույն նպատակով Երևանի համապատասխան ընկերությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձային որի ապրիլի վերջին մեծ քանակով ծաղիկների սածիլներ կբերվեն:

Ստեփանակերտի և Երևանի համագործակցության ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ՙԷյ-Թի-Փի՚ ընկերության կողմից տրամադրվել են տարբեր տեսակի թփեր և տնկիներ, որոնց տնկման աշխատանքներն արդեն սկսված են: ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից տրամադրվել են 600 տնկիներ, որոնք նույնպես կդրվեն քաղաքի տարբեր հատվածներում:

Նախատեսվում են նաև հուշարձանների լվացման աշխատանքներ:

Շաբաթօրյակին իրենց մասնակցությունը կբերեն նաև մի շարք շինարարական կազմակերպություններ, որոնց հատկացված է համապատասխան տարածք, որտեղ կիրականացվեն սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ: Այդ կազմակերպություններին շաբաթօրյակի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կտրամադրվի նաև անհրաժեշտ տեխնիկա:

Ա. Հակոբյանը քաղաքացիներին հորդորում է ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով իրենց բակերը, խաղահրապարակները: Դրանով իսկ նրանք ներդրում կունենան միասնական այդ աշխատանքներին: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ