[ARM]     [RUS]     [ENG]

ՉԿԱՅԱՑԱԾ ԶՐՈՒՅՑ

Հոմեր Վանյանի հիշատակին

 Դժվարանում եմ մտքերիս տուտը բռնել, բայց պիտի խոսեմ, պիտի ասեմ այն ամենը, ինչ տարիներ ի վեր կուտակվել է։

Քեզ ճանաչել եմ դպրոցական նստարանից։ Քեզ Վանյան էի ասում, ոչ անուն, ոչ հայրանուն։ Լեզուս դրան էր սովորել ու այդպես դիմում էի մինչև մեր վերջին հանդիպումը, երբ հիվանդ էիր, անկողնում գամված, և ծառայակից  ընկերուհիներով քեզ այցի եկանք։ Բայց ամեն ինչ հերթով. երբ դեռևս սկսնակ բանաստեղծուհի էի, և դու մարզային ռադիոյով (հաղորդավար էիր այնտեղ աշխատում) ընթերցում էիր իմ ստեղծագործական թոթովանքները, դրանք իմ ականջին շատ գեղեցիկ էին հնչում, և դա քո մատուցման ձևից էր, քո  առոգանությունից, որով սերունդներ են հիացել։ Հետո իմացա, որ ինքդ էլ ստեղծագործում ես։ Մենք միշտ էլ ջերմ ենք վերաբերվել իրար, ու եթե նեղացել ենք, ապա հաշտվել ենք րոպեներ անց... Երբ 1997-ին ծառայության անցա, դու արդեն ՙՄարտիկ՚ թերթում էիր` սկզբից թղթակից, հետո` սրբագրիչ։ Աշխատանքային ճակատը լայն էր, խնդիրները` շատ, ու մեզնից մեծ օպերատիվություն էր պահանջվում։ Իսկ քո տողը (բոլոր մեր ընկերները կվկայեն) դժվար էր ծնվում, բայց որ ծնվում էր, ինչպես ասում են, կողքովը չես կարող անցնել։ Եթե մեկն ու մեկը փորձում էր խմբագրել կամ սրբագրել քո հոդվածներն ու թարգմանությունները, մեղմ ասած, ծառս էիր լինում։ Իսկ ինձ հանդուրժեցիր, շնորհակալ եմ, և ներիր, որ այսօր եմ այդ մասին ասում քեզ... Դու մորս տարիքին ես, բայց մենք ընկերացանք և ձեռք-ձեռքի տվեցինք հանուն ծառայության, ի սեր բանակի ու զինվորի։ Այն դժվար տարիներին, երբ մեր գործը միայն թերթ հրատարակելը չէր,  ես միշտ զգացել եմ քո օգնությունն ու  աջակցությունը։ Կողքից այնքան գործ կար անելու, որ թերթը հաճախ երկրորդ պլան էր մղվում, և մենք գործը  շարունակում էինք տներում, ու երբ առավոտյան քո անքուն գիշերներով լի թղթերի կույտը դնում էիր սեղանիս, ես շնորհակալության փոխարեն ասում էի. ՙՎանյան, դու աչքիս ինձնից վախենում ես՚: Իմ այդ կատակը քեզ շատ էր դուր գալիս։ Ծառայողական օրն այնքան դժվար ու երկար էր լինում, որ առանձնասենյակից-առանձնասենյակ էինք վազում ու խաչբառ էինք լուծում, դա լարվածությունից լիցքաթափվելու լավագույն ձևն էր մեզ համար, և դու, ես ու Արմենը (Դանիելյան) ամենաբարդ  խաչբառը հարյուր տոկոսով լուծում էինք։ Այդպիսի մի օրի էլ ասացի. հոդված եմ ընթերցել, որտեղ գրած է, թե եթե խաչբառը լուծում ես 80 տոկոսով, լավ է, իսկ ավելիի դեպքում նշանակում է, որ գլխումդ ինչ-որ բան այն չէ... Դու շատ ծիծաղեցիր ասածիս վրա ու մեջբերեցիր սիրելի բանաստեղծիդ տողերը. ՙՄեկն իր բախտից է դժգոհում, իսկ ես խելքիս ձեռքին պատուհաս եմ ընկել՚։

Տասնյակ տարիներ մենք ծառայեցինք իրար կողքի, ես ծառայողական աստիճաններով բարձրանում էի, իսկ դու տարիքիդ պատճառով ենթասպայի  պաշտոնում էիր մնացել, բայց բոլորս ողջ անձնակազմով հաշվի էինք նստում քո կարծիքի հետ, և այսօր ինձ իրավունք եմ վերապահում բոլորի անունից ասելու. ՙՎանյան, մենք քեզնից շատ բան ենք սովորել՚։ Ինչպես  լուսահոգի տատս էր ասում` դու անքննելին քննած էիր։ Քեզ համար անծանոթ բնագավառ չկար, նախ դու անփոխարինելի թարգմանիչ էիր, պետք էր` գյուղատնտես էիր, այգեգործ,  իրավաբան, հրաշալի տիրապետում էիր ժողովրդական բժշկության գաղտնիքներին, ամեն բնագավառից ձեռքիդ տակ գրականություն կար, դու անգամ աստղերի ու լուսնի ՙլեզուն՚  գիտեիր և ամեն անգամ յուրովի մեզ համար գուշակում էիր շաբաթվա եղանակը։ 

Ճակատագիրն իրար հետևից  քեզ դառը անակնկալներ մատուցեց, նախ որդիդ խոցվեց  սահմանում, հետո աղջիկդ ողբերգական մահ ունեցավ։ Վշտակից եղանք քեզ` ինչպես կարող էինք, բայց զգում էինք քո լուռ տառապանքները,  հաճախ էլ աշխարհի հետ քո չհաշտվելը։ Վիշտդ մեծ էր, կյանքդ փորփրել չեմ ուզում, բայց այդքանից հետո էլ դու ներող էիր, դու հասնող էիր, էությամբ մատից փուշ հանող էիր։

Պատիվ ունեցանք զորացրվելուց հետո իրար հետ աշխատել նաև ՙԱզատ Արցախ՚ թերթում, մեր, ընկերություն ասեմ, թե բարեկամություն, անզեն աչքով տեսանելի էր, և մեր աշխատանքային ընկերների ամեն ակնարկին, խոսքներս մեկ արած, ասում էինք՝ դուք սա չեք հասկանա, սա բանակից, ծառայությունից եկող  ընկերություն է։ 

Ինչ ասեմ, Վանյան, ափսոսում եմ, որ խոսքերն այս այլևս քեզ պետք չեն...Բայց պետք են քո զավակներին և հատկապես  դստերդ` Լիանային, ով  մինչև վերջ` տանը թե հիվանդանոցում, խնամում էր քեզ։ Զավակներդ թող նոր կողմից, մեդալի մյուս երեսից էլ ճանաչեն քեզ ու բացահայտեն նորովի։ Ներիր, եթե ինչ-որ կարևոր բան մոռացա ասել քո մասին...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ