[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍԶԻ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ

Շուտով ամառ է, և կսկսվի զբոսաշրջիկների հոսքն Արցախ… Արտերկրից ժամանած հյուրերին միշտ զարմացնում են մեր քաղաքների մաքուր տեսքը, խնամված պուրակներն ու սիզամարգերը, հյուրընկալ արցախցիները:

Շուշին նույնպես ձգում է հյուրերին իր գեղատեսիլ ու պատմական վայրերով, եկեղեցիներով ու բարյացակամ բնակիչներով: Բերդաքաղաքի սանիտարական բարվոք վիճակի պահպանման, անելիքների մասին է նախկին ՙԲարեկարգում՚ (այժմ ՙՇինվերանորոգում՚) ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ ՀԱՅՐՈՒՄՅԱՆԻ խոսքը:

-Ընկերությունը, բացի կառավարման աշխատակազմից, ընդգրկում է նաև սանմաքրման, կանաչապատման և բնակարանային, ջրամատակարարման և ջրահեռացման տեղամասեր: Քաղաքի սանիտարական վիճակի նորմալ ապահովումն իրականացվում է սանմաքրման տեղամասի կողմից աշխատողներին առանձին տեղամասերի հատկացման և ամբողջ բրիգադի ուժերով պուրակների, զբոսայգիների, հրապարակների սպասարկման մեթոդով: 

2017թ. կենցաղային աղբից բացի, ընկերության կողմից քաղաքի մի շարք փողոցներից տեղափոխվել են մոտ 160 տոննա շինարարական աղբ, տարբեր տեսակի ոչ կենցաղային թափոններ, որոնք առաջացել են քաղաքում կատարված ակտիվ շինարարական աշխատանքների հետևանքով: Հորդառատ անձրևներից կամ ուժեղ քամուց հետո քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները կատարվում են նաև շաբաթօրյակների միջոցով: Քաղաքի մի շարք փողոցներում (Պ.Պռոշյան, Նիկոլ Դումանի, Աշոտ Բեկորի) կառուցվել են աղբակուտակման կետեր: Պուրակներում սիզամարգերի, կանաչ տարածքների բարեկարգման, չոր ծառերի հատման, նորերի տնկման և ջրման աշխատանքները կատարվում են կանաչապատման տեղամասի աշխատողների կողմից: Մեծամասամբ քաղաքի բոլոր փողոցները, սիզամարգերը և պուրակները մաքրվել են մոլախոտերից, վայրի թփերից, ծառերի չորացած  ճյուղերից: Ձևավորվել են ծառերն ու թփերը, ավելացվել են նոր տնկիներ, վերանորոգվել են ջրհորդանների ձագարները և ջրահեռացման խողովակները: Ոստիկանության Շուշիի շրջբաժնի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել քաղաքում թափառող շների վերացման ուղղությամբ: Որոշ անասնատերեր տուգանվել են շրջկենտրոնի տարածքում անասունների պահման կանոնների խախտման համար: 

Շուշի քաղաքում  ջրամատակարարումն իրականացվում է ՙՔիրս՚, ՙԹադևոս՚ և ՙԽանի աղջիկ՚ ջրատարներից: ՙՔիրս՚ ջրատարի երկայնքով կատարվել են ճանապարհի բացման և ջրատար խողովակների զոդման աշխատանքներ: ՙԹադևոս՚ ջրատարի ակունքից դեպի ջրագիծ  տանող հին խողովակները փոխարինվել են նորերով: ՙՋ և Ջ՚ տեղամասի ուժերով իրականացվել են մի շարք փողոցների  ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների վերանորոգման և նորերի տեղադրման աշխատանքներ: 2017թ. քաղաքի բնակարաններում տեղադրվել և կապարակնքվել է 209 ջրահաշվիչ: Նկատենք, որ բնակչության որոշ մասի անվճարունակությունը և վճարների կատարման ցածր կարգապահությունը խոչընդոտում  են ընկերության առաջ դրված խնդիրների ժամանակին լուծելուն:

2018թ. հունվարից ՙԲարեկարգում՚ ՓԲԸ-ն վերակազմավորվել է ՙՇինվերանորոգում՚ ՓԲԸ-ի: Կատարվել են մի շարք բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները, կարծում ենք, կնպաստեն աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 

 

 Գրի առավ 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ