Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐՈՒՅԹԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ադրբեջանական հանրույթում, մասնավորապես բնակչության գիտակցության մեջ` հատկապես քաղաքական վերնախավում, դժվար է պատկերացնել ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի հնարավոր հեռանկարը:

Քաղաքականության մեջ ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ իրավիճակը փոխելու իրական շարժառիթների բացակայությունը ադրբեջանական կողմի մոտ թերևս ուղիղ առնչություն ունի ինքնության հետ, որը դեռևս ձևավորված չէ։ Երևանը ադրբեջանական համարելու Բաքվի հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ադրբեջանական հանրույթի ինքնության փնտրտուք։ Այդ հանրույթի ինքնության բացահայտման համար առանձին հետազոտություններ պետք չեն, և քաղաքական վերնախավի վարքագիծը, մասնավորապես, ռազմատենչ հռետորաբանությունը փաստում են, որ հասարակությունում առկա շատ խնդիրների լուծման բանալին պետք է գտնել չձևավորված ինքնության արմատներում։ Ինքնությունն ու ինքնանույնացումը սերտորեն կապակցված են։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ադրբեջանցիների ինքնանույնացումը։ Ո՞ւմ է իրականում հավատում ադրբեջանցին, եթե իրեն համարում է ադրբեջանցի։ Ադրբեջանի մասին ստեղծված ու ստեղծվող հատկապես կեղծ թեզերն ու տեսություններն իրականում ավելի են խորացնում չձևավորված ինքնության խառնաշփոթը։ ԵՊՀ պրոֆեսոր Գ. Ասատրյանը մեջբերում է խորհրդային ազգաբան Լ.Վ. Օշանինի հետազոտության արդյունքները, համաձայն որի`  թյուրքական ժողովուրդներին բնորոշ մոնղոլոիդ ռասայի հիմնական հատկանիշներից մեկի՝ էպիկանտուսի տոկոսային առկայությամբ, հետևյալ պատկերն է ձևավորվում. (տղամարդկանց մոտ) ղրղըզներ՝ 51%, ղազախներ՝ 22%, ուզբեկներ՝ 11%, թուրքմեններ՝ 6%, իսկ ադրբեջանցիներ՝ 2%-ից էլ ցածր, (կանանց մոտ) ղրղըզներ՝ 83%, ղազախներ՝ 53%, ուզբեկներ՝ 18%, թուրքմեններ՝ 10%, իսկ ադրբեջանցիներ՝ զրո տոկոս։ Այս ամենի հաշվառումով հեղինակը եզրակացնում է, որ ՙադրբեջանցիների մեջ թյուրքական շերտի հիմնական ժառանգությունը, փաստորեն, մնում է միայն լեզուն՚, որով անհնար է ձևավորել ազգային ինքնություն ասվածը։ Նկատի ունենանք, որ ադրբեջաներենը  բավականին մեծ փոփոխություններ է կրել։ Իսկ լեզվի փոփոխականությունը չի կարող տիրապետություն դառնալ, տիրապետություն` ինքնության իմաստով։ Ի վերջո, ինքնությունը հասարակական միավորման հիմնական միջոց է։ Ո՞վ եմ ես. սա հասարակ հարցադրում չէ ադրբեջանական հանրույթի ներկայացուցչի կամ հենց երկրի ղեկավարի՝ Իլհամ Ալիևի համար։ 

Ինքնության կառույցը հոգեբանության մեջ դիտարկվում է տարբեր տեսանկյուններով։ Օրինակ, այն դիտարկում է որպես այլոց գնահատականի ազդեցությամբ ձևավորվող երևույթ, իսկ ինքնության գործունեությունն ուղղված է ուրիշների սպասումների արդարացման միջոցով սեփական ինքնագնահատականի բարձրացմանը։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Սյունիքը գրավելու մասին Ալիևի  հայտարարությունները, կամ Երևանը ադրբեջանական համարելու կամ Ադրբեջանին վերադարձնելու քաղաքական զառանցանքները։ Սրանք մտասևեռումներ են։ Իսկ մտածողության ինքնաբավության թելադրանքներից ածանցվում է ոչ միայն դատարկություն, այլև հիմարություն։ Եվ  այսպիսի մտասևեռումներ ունեցող ղեկավարից իրականում դժվար է ակնկալել ռացիոնալ ազգային վարքագիծ կամ հակամարտության տրանսֆորմացիայի նախաձեռնություն։  

Ինքնության կառույցը դիալեկտիկ կապի մեջ է հասարակության հետ։ Իսկ որքանո՞վ են այսօր Ադրբեջանի հասարակության խմբային ինքնագիտակցությունը կամ ինքնությունը սնվում սուբյեկտիվ իրականությունից մի երկրում, որտեղ տոտալ վերահսկողության տակ են ազատ խոսքի կամ քաղաքացիական հասարակության ձևավորմանն առնչվող ցանկացած` մեծ թե փոքր նախաձեռնություններ։ Տոտալ ռեժիմը և, առհասարակ, կառավարման տոտալ ոճը չձևավորված ինքնության կամ երերուն ինքնությունը պաշտպանելու միջոց է։ Ինչպես իրավացիորեն նշում է Ա. Նալչաջյանը, ՙմիջէթնիկական կոնֆլիկտների հետևանքներից մեկն այն է, որ դրանց շնորհիվ... մարդիկ սկսում են ավելի լավ գիտակցել, թե ինչ էթնոսի են պատկանում, ինչով են տարբերվում մյուս էթնոսների անդամներից, ովքեր են իրենց բարեկամներն ու թշնամիները։ ... Եթե մենք որևէ էթնոսի ծագումն ու զարգացումը դրական երևույթ ենք համարում, ապա այդպիսին պետք է համարենք նաև նրա ինքնագիտակցության զարգացումը, որն էթնոգենեզի կարևորագույն հոգեբանական արդյունքներից մեկն է։ Քաղաքական գործիչներից շատերը լավ են հասկանում ազգի համախմբման համար ընդհանուր թշնամու գոյության նշանակությունը և նույնիսկ հնարում են այդպիսի թշնամի, երբ այն իրականում չկա։ Թշնամական վերաբերմունքը հանգեցնում է էթնոսի ինքնագիտակցության ուժեղացմանը, խորացնում է ազգակիցների բախտի համար պատասխանատվության զգացումը, սեփական անցյալն ու ցեղային արմատներն իմանալու ցանկությունը՚։ Ադրբեջանում պարբերաբար կազմակերպվող զորավարժությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական տարտամ ինքնությունը որոշակիացնելու միտումներ։ Զորավարժությունները, նաև ռազմատենչ, արմատական բնույթ կրող հայտարարություններն ադրբեջանական հանրույթի անհանգստության դեմ ուղղված յուրօրինակ էմոցիոնալ ՙպատվաստում՚ է, որով երկրի իշխանությունները փորձում են վստահության միջավայր ստեղծել բնակչության շրջանում։ Ստացվում է այնպես, որ առանց թշնամու կերպարի մշտական, կայուն գեներացման Ադրբեջանում անհնար է ստատիկ վիճակում պահել էթնիկական ինքնագիտակցությունը։ Այսպես, արդեն անհնար է դիտարկել տրանսֆորմացիայի որևէ տարբերակ, քանի որ այն սկսվում է մարդկանց մտքերում, համոզմունքներում ու վարքում։ Շատ կարևոր է այն հանգամանքը, թե ովքեր են տրանսֆորմացիայի նախաձեռնողները։ Ալիևի վարչակարգը, ըստ էության, չի կարող դառնալ հակամարտության տրանսֆորմացիայի նախաձեռնող կողմ։ Պատմության կեղծարարությունները, դպրոցական ծրագրային նյութերի ազգայնամոլական երանգները, մանկական գրականության  մեջ թշամու կերպարի էսկալացիան խոսում են ինքնության ապարդյուն փնտրտուքների մասին։ 

Իրականում ոչ պաշտոնական դիվանագիտության նախաձեռնությունները, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներգրավումը շարունակում են դիտվել անհնար, քանի որ երկու կողմերի մոտ էլ խիստ մեծ պատասխանատվություն պահանջող է համարվում խաղաղ կարգավորմանն ուղղված ժողովրդական դիվանագիտության ցանկացած դրսևորում։ 

Եթե լավատես լինենք, ապա կարող ենք ասել, որ ժողովրդական դիվանագիտությունը հնարավոր է օգտագործել հակամարտության տրանսֆորմացիայի հասնելու համար։ Դա կարող է նպաստավոր լինել մարդկանց դրական կողմնորոշումների և վարքային դրսևորումների համար՝ թե՜ անձնական, թե՜ խմբային մակարդակում: 

Անգլիացի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսն ինքնության կայացման համար կարևոր բաղադրիչ է համարում վստահությունը, որի ծնունդը կապված է մանկության հետ։ Ըստ նրա` ՙհամընդհանրացումն անհանգստություն ու վտանգի զգացողություն է առաջացնում, Ալիևի հռետորաբանության թվացյալ վստահությունը` սեփական անհանգստության դեմ ուղղված էմոցիոնալ ՙպատվաստում՚, որն անհատին կպաշտպանի ապագայի վտանգներից և ցանկացած իրավիճակում խիզախության զգացողություն կտա։ Դրանից անպարտելիության զգացում է առաջանում, այն թույլ է տալիս տիրապետել իրավիճակներին, որոնք կարող են հոգեբանական կամ ֆիզիկական ամբողջությանը վնաս հասցնել՚։ Թերևս այսպես է ձևավորվում ադրբեջանական հանրույթի ՙանվտանգության կաղապարը՚, որը դառնում է նաև սեփական ինքնության ձեռքբերման տխուր և անհուսալի քայլ կամ նախաձեռնություն։

1993 թվականին, երբ իշխանության եկավ Հ. Ալիևը, նա առաջ քաշեց  ՙմեկ ազգ-երկու պետություն՚ կարգախոսը, որն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ձևավորված քաղաքական դաշինքի սիմվոլացված և խոսքային դրսևորում ստացած արտահայտություն էր, որից սկսեց սնվել նորաթուխ Ադրբեջանի չձևավորված ինքնությունը։ Սա, ըստ էության, բերում է կրկնակի էթնիկական ինքնանույնացման, որը ևս լիարժեք ինքնություն ձևավորելու պայման չէ։ Էթնիկական բացառիկության հասնելու Ալիև ավագի այս փորձը ևս կարելի է ձախողված համարել, քանի որ այն կերակրում է միայն ինքնության մասին դեկլարատիվ ձևակերպումներ, այսինքն, իրադրական՝ տվյալ պահի թելադրանքով։ Այսօր ևս Ադրբեջանը կանգնած է էթնիկացման լուրջ խնդրի առաջ։ Ապրիլյան պատերազմի օրերին, պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներով, սանձազերծված ահաբեկչական ակտը իրականացրել են ոչ թե ադրբեջանցիները, այլ վարձու էլիտար զինվորականությունը։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանում Ադրբեջանի համար կռվողներ չկա՞ն։ Այս հարցի պատասխանը ևս պետք է փնտրել ադրբեջանցիների չձևավորված ինքնության ակունքներում։ 

Կարելի է ենթադրել, որ սրա հետ են կապված բոլոր այն կեղծարարությունները, որոնք հնչում են նախագահների մակարդակով։ Երևանը ադրբեջանական պատմական տարածք համարելու Ալիևի միֆը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնության փնտրտուք ու մարմաջ։ Խորհրդային ադրբեջանականացումը ըստ էության դարձավ ձախողված էթնոպրոյեկտ, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ձևավորված այսօրվա քաղաքական դաշինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնության փնտրտուք։ Խորհրդային Ադրբեջանի կորստով տեղի ունեցավ նաև տարտամ ինքնության կորուստ, ինչն սկսեց արհեստականորեն լցվել ու կերակրվել հակամարտությամբ պայմանավորված թշնամու կերպարի ստեղծման  անհրաժեշտությամբ։ 

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնոգենեզի լիակատար գործընթաց չապրած և բարբարոսության փուլում մնացած հանրույթի հոգեբանական ինքնապաշտպանություն, զբաղեցրած տարածքի հետ ինքնության արհեստական լեգիտիմացում։ Ընդ որում, այստեղ մենք գործ ենք ունենում ազգերի պատմության մեջ բացառիկ այնպիսի մի երևույթի հետ, երբ այս կամ այն պարամետրերով ազգ կոչվող հանրույթը սկսում է էթնոսի ձևավորման տարրական վարքային ստրատեգիաներ ունենալ։ Վերջին դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն իր հազարավոր խաչքարերի հետ: Այնտեղ գտնվող խաչքարերը ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի։ Ինչո՞ւ հենց հրաձգադաշտի։ Այս իրողությունը ևս վկայում է այն մասին, որ ապակառուցողական ագրեսիան, որն ավելի շատ բնորոշ է վայրենության փուլը չհաղթահարած հանրույթին, անգիտակցականի մակարդակում շարունակում է գործել, և մոտ ապագայում որևէ այլ բան կանխատեսել չի կարելի։

Ինչպե՞ս է Ալիևը երաշխավորում ադրբեջանցիների ապագան։ Եվ այդ երաշխավորումների մեջ ի՞նչ տոկոս են կազմում արժեհամակարգն ու արդարությունը։ Ահա հենց այս հարցի անորոշ պատասխանից էլ ածանցվում է հակամարտության տրանսֆորմացիայի անհնարինությունը։ Ադրբեջանի չձևավորված էթնոպրոյեկտը լուրջ խոչընդոտ է հակամարտության տրանսֆորմացիայի համար։

Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Հոգեբանական գիտ. թեկնածու, դոցենտ