[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՅԼԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ՎՆԱՍՎԵԼ

Մայիսի 28-ին արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Հադրութի շրջանում: Հարեւանությամբ գտնվող Մեծ Թաղեր եւ Տումի գյուղերում մեկ ժամվա ընթացքում մարդկանց վրա գայլի հարձակման առնվազն երկու դեպք է արձանագրվել: Վիրավորվել է երեք երեխա:

Նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ` ՙԱրեւիկ՚ բուժմիավորում: 

Գայլն առաջինը 4 տարեկան Արինայի վրա է հարձակվել` Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից: Երեխաները գյուղամիջում խաղում էին: Օրը ցերեկով, մարդաշատ վայրում: ՙՀարձակվել է Արինայի վրա: Մոտեցել եմ, քացով խփել: Պտտվել է` իմ ոտքից բռնել: Իմ ընկերն էլ կացինով եկավ: Գայլը փախավ: Ես էլ գնացի տուն՚,- արդեն հիվանդանոցում պատմում է Մեծ Թաղեր գյուղի 10-ամյա բնակիչ Տիգրան Խանփերյանը: ՙԺամը 5-6-ի կողմերը երեխան վազելով եկավ, ասաց` գայլը իրեն կծել է: Հարցրի՝ ո՞նց: Ո՞նց կարող է կծած լինի, որ երեխան կարողանա վազելով գալ: Որ ոտքը բացեց` վախեցա: Գնացի հարեւանի տուն` ամուսինս այնտեղ էր, մեքենայով տարանք բուժկետ: Էնտեղ վերքը մաքրեցին՚,- հիշում է Տիգրանի մայրը՝ Նազիկ Հայրիյանը:

Այդ ընթացքում գայլի հարձակման հաջորդ դեպքը գրանցվեց հարեւան Տումի գյուղում: Տարվա մեջ գայլերը գյուղին արդեն հասցրել էին մի քանի անգամ անհանգստացնել: ՙՁիու երեք քուռակ, հորթ են կերել: 4-5 դեպք է եղել: Բայց մարդու վրա հարձակվելու առաջին դեպքն էր այս տարի՚,- ընդգծում է Տումիի բնակիչ Կառլեն Գասպարյանը: Հարձակման ենթարկվածը հենց Կառլեն Գասպարյանի որդին է եղել: 

Տումիում դեպքը Մեծ Թաղերում արձանագրված հարձակումից ամենաշատը մեկ ժամ հետո է եղել, հարձակման առաջին վայրից մոտ 10 կիլոմետր հեռու: 11-ամյա Կամոն  գյուղի մոտ ոչխար էր արածեցնում, երբ գայլը հայտնվեց: ՙԳայլը մի մարդու վրա հարձակվեց: Նա ոտքով խփեց, բայց ինքն էլ ընկավ: Մոտեցա: Գազանը ոտքիցս բռնեց: Ես պառկեցի: Որ սկսեց ինձ քարշ տալ՝ ցաքատով խփեցի` բաց թողեց՚,- Ստեփանակերտի հիվանդանոցում դեպքի մանրամասներն է պատմում Կամո Գասպարյանը: Նրան փրկել են օգնության հասած համագյուղացիները: Առաջին օգնությունից հետո երեխաները Ստեփանակերտ են տեղափոխվել: ՙԿատարել ենք վերքի առաջնային վիրաբուժական մշակում: Երեխաները ստացել են պատվաստումներ կատաղության եւ փայտացման դեմ: Հիմա նրանց վիճակը կարելի է գնահատել միջին ծանրության՚,- երեխաների առողջական վիճակի ընդհանուր բնութագիրն է ներկայացնում ՙԱրեւիկ՚ ԲՄ վիրաբուժական ծառայության ղեկավար Սամվել Մելքումյանը:

Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն է այցելել երեխաներին, ապա բուժհիմնարկների պատասխանատուների հետ քննարկել վիճակը: Անհրաժեշտ դեղորայքն առկա է` բուժման կուրսը շարունակելու համար: Բուժումը կշարունակվի Ստեփանակերտում` հայաստանյան գործընկերների հետ համագործակցությամբ: ՙՀետագա բուժումը ենթադրում է վերքի մշակում, որ վերքը չբորբոքվի, եւ լրիվությամբ ստանալ կատաղության դեմ պատվաստումները՚,- թվարկում է ՙԱրեւիկ՚ ԲՄ վիրաբուժական ծառայության ղեկավարը:

 Մեկ-երկու շաբաթից երեխաները կարող են դուրս գրվել հիվանդանոցից, սակայն առաջիկա ամիսներին կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ: Հսկողությունը կշարունակեն նաեւ Մեծ Թաղերի եւ Տումիի գյուղացիները: Հարձակման դեպքերից շատ չանցած` տարածքում գայլ են վնասազերծել, բայց վստահ չեն, որ հենց դա է եղել երեխաների վրա հարձակվողը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ