[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՎՈՏ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

ՙԱԱ՚-ի զրուցակիցն է Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի պաշտոնակատար  Արշալույս ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

 -26 տարի աշխատում եք այս բնագավառում, հետևաբար, լավ տիրապետում եք իրադրությանը։ Փորձենք կիսվել ցավոտ ու խոցելի հարցերի շուրջ։

-Սահմանամերձ շրջանում ենք ապրում, բնականաբար, հոգսերն ու խնդիրներն էլ անպակաս են։ Սակայն տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակներով հստակ ծրագիր է իրականացվում և հերթով լուծում են տրվում խնդիրներին։  Կան մի շարք ծրագրեր, որոնք միտված են թեթևացնելու ընտանիքների սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Դրանց շարքում կառանձնացնեի նորաստեղծ  ընտանիքներին նպաստի տրամադրումը՝ 300 հազար դրամ գումարի չափով, ժամանակին վճարվում են ծննդյան միանվագ նպաստները, նույնը և ամենամսյա վճարները։ Նորաստեղծ ընտանիքների համար մեծ օգնություն է ՙՏաշիր-գրուպ՚-ի կողմից չորս երեխաներ ունեցող  ընտանիքներին տրվող  4-հազարական  դոլար գումարը։ Ուրախությամբ պիտի  փաստենք, որ եթե անցած տարի 14 ընտանիքում է ծնվել 4-րդ երեխան, ապա այս տարի 14-ը դարձել է 25։ 

Մեր կողմից երեխաներին տրվող ամենամսյա  նպաստներն էլ ավելացել են 9 հազար դրամով, որը նույնպես  դրական ու խթանիչ ազդեցություն է ունենում ծնելիության աճի վրա։ Սոցիալական բոլոր ծրագրերում էլ աճի դրական միտումներ կան։

-Դեռևս չլուծված կամ լուծման սպասող խնդիրներից որո՞նք կառանձնացնեիք։ 

-Սոցիալական տարբեր խմբերից  գրեթե ամեն օր դիմում-խնդրանքներ ենք ստանում նրանց հուզող հարցերի  վերաբերյալ։ Դրանցից կառանձնացնեի մեկը, որի պատասխանը դեռևս չենք կարողանում գտնել... Մի ծնող ունենք, որը կորցրել է իր միակ որդուն, և այն գումարները, որ տարեկան երեք անգամ հատկացվում են  ՙՏոն և հիշատակի օրեր՚-ի շրջանակներում, ինչ-ինչ պատճառներով այդ ծնողը չի կարողանում ստանալ։ Տղամարդը կորցրել է նաև կողակցին և այժմ գտնվում է ծերանոցում և ի վիճակի չէ անձամբ ներկայանալ  փոստային բաժանմունք`  իրեն հասանելիք  գումարը ստանալու  համար։ Փորձում ենք օգնել, բայց դեռևս ապարդյուն։ Դեպքը բացառիկ է, զոհվածի  ծնողը չի ստանում իրեն հասանելիք գումարը, ահազանգել ենք, սպասում ենք պատասխանին։ 

-Սոցիալապես անապահով ընտանիքներն առավել շատ ինչի՞ կարիք ունեն,  ի՞նչ են հուշում վիճակագրական  տվյալները։ 

-Դիմումներ հաճախ ենք ստանում, նրանց խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են։ Տարիներ շարունակ նրանք օգտվում են հումանիտար օգնության ծրագրից։ Սատար ենք կանգնում՝ ինչով հնարավոր է։ Մի երկու-երեք  ընտանիք էլ ունենք, որոնք առավել շատ օգնության կարիք ունեն, փորձում ենք նրանց ևս մեր ուշադրության կենտրոնում պահել և առաջին իսկ հնարավորության դեպքում ձեռք  ենք հասցնում։

-Սոցիալական վիճակի բարելավման տեմպերը  Ձեզ բավարարո՞ւմ են։ 

-Որ այդ առումով աճ կա` միանշանակ է... Որոշ առումներով արագ է, որոշներով՝ ոչ այնքան, իհարկե, ցանկալի է, որ բոլոր հարցերը միանգամից լուծվեն, բայց դա, մանավանդ մեր  պայմաններում, անհնարին է։ Նախապատվությունը միշտ էլ տրվում է  առաջնահերթություններին։

Պիտի ասեմ մի ուրախալի  երևույթի մասին. հունվարի 1-ից արդեն ընդունում ենք 5 անչափահաս երեխաներ ունեցող  ընտանիքների փաստաթղթերը՝ բնակավորման  համար։ Միայն այս եռամսյակում ունենք 17 դիմումատու։ 

-Հումանիտար օգնություն ստացող ընտանիքները, ձեր ուսումնասիրություններով, կարիքավորության ինչպիսի՞ աստիճան ունեն։ 

-Մի փոքր ցավոտ հարց է, միշտ  զգուշությամբ եմ մոտենում այդ խնդրին։ Ընտանիքներ կան, որ շատ  են օգտվում ծրագրից, հաճախ են դիմում, բայց, կարծես թե, միշտ դժգոհ են։ Ընտանիքներ էլ ունենք, որոնք կարիքավոր են, զանգում  ենք, տեղեկացնում, որ գան հասանելիքը ստանան, չեն ուզում գալ, եկած ժամանակ էլ երկչոտ են, ասես ամաչում են իրենց կարգավիճակից ու շատ  շնորհակալ  են լինում ստացածի համար։ Նման մարդիկ, ովքեր ձգտում են  իրենց խնդիրները լուծել սեփական ուժերով, արժանի են մեծ  հարգանքի։ Թե չէ՝ մեկ էլ տեսար  այնպիսի մարդիկ են պահանջներ ներկայացնում, որ զարմանում ես։ 

Ցանկալի է, որ շատ աշխատատեղեր բացվեն, աշխատանք փնտրողների թիվը զգալիորեն մեծ է։  Աշխատատեղեր որ լինեն, քաղաքացիները ճակատի քրտինքով իրենց  համար բարեկեցություն կստեղծեն, սա ոչ մեկիս համար գաղտնիք չէ։  Մի խավ էլ կա, մանավանդ դա  նկատելի է երիտասարդների շրջանում, որին թափուր աշխատատեղ ես մատնացույց անում (գործատուներ ունենք, որ ցուցակը մեզ են ներկայացնում), ասում են` աշխատավարձը քիչ է, միանգամից  բարձր աշխատավարձ են պահանջում։

Մի երկու ընտանիք էլ կա, որ հոգեկան  խնդիրներ ունեն: Նախկինում նման հարցերը ավելի հեշտ էին լուծվում, հիմա մի  երկու օր Ստեփանակերտի հոգեթերապևտիկ դիսպանսերում պահում են  ու դուրս գրում, իսկ նրանք շրջապատի  համար էլ խնդիր են դառնում։ Ցանկալի է, որ նրանք երկար բուժում  ստանան, առավել ևս, երբ դրա կարիքը նրանք շատ  ունեն։ 

Բոլոր հնարավոր միջոցներով ձգտում ենք սատար կանգնել մեր ընտանիքներին,  լծակից լինել նրանց հոգսերին։ Եթե հետհայաց նայում ենք, անզեն աչքով էլ տեսանելի է, որ  տարեցտարի մարդիկ  ավելի բարեկեցիկ ու ապահով են  ապրում,  մի մասն էլ սեփական բիզնեսի հաշվին  հարստանում ու արդեն  սկսում է կողքիններին ձեռք մեկնել: Դրանք, ինչ խոսք, գովելի ու հաճելի երևույթներ են։ 

Լինում են դեպքեր, երբ չենք կարողանում նյութապես սատար կանգնել, օգնում ենք  մեր վարվելաձևով, բարի խորհուրդներով, կամ ուղղորդում ճիշտ հասցեով։ 

Իմ աշխատանքային  կենսագրությունը կերտելու ճանապարհին երկու մեծ ուսուցիչներ եմ ունեցել՝ Նաիրա Դավթյանն ու արցախցիներին շատ հայտնի Գրետա  Սահակյանը։ Ես նրանց աշխատաոճից շատ բան եմ սովորել,  հատկապես պատերազմական տարիներին ասում էին. մենք մարդկանց նյութական քիչ բան կարող ենք տալ, նրանց պիտի սատար կանգնենք մեր բարությամբ,   խորհուրդներով, այսպես չի մնա, լավ օրեր էլ են գալու...Եվ, փառք Աստծո, եկան լավ օրերը։ Նրանցից առած դասերը ես այսօր  էլ իմ պրակտիկայում կիրառում եմ, և դրանք ինձ համար,  իմ գործի համար հաճախ հաջողության բանալի են հանդիսանում։ Բարություն ցանիր, բարին էլ կհնձես, սա միանշանակ է: Երբ իմ դիմումատուների  խնդիրը ներկայացնում եմ վերադասին, հաճախ եմ լսում՝ այնպես ես խնդիրը ներկայացնում՝ ասես քո սեփականը լինի, ես պատասխանում եմ՝ ինձ այդպես են սովորեցրել... Ես մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, նամանավանդ այն ժամանակ, երբ հաջողվում է այս կամ այն հիմնախնդրին լուծում  տալ։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ