[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ՚

Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը գտնվում է շրջկենտրոնից 3 կմ հեռավորության վրա։ Ըստ լեզվաբանական բացատրության՝ ՙապատ՚-ն ունի բնակեցված, բարեկարգված իմաստ և նշանակում է բնակատեղ, շեն, ավան (ՙխան՚ արմատը աղավաղված տեսակն է)։

Խաչեն և Կարկառ գետերի միջնամասում գտնվող այս բնակավայրը հայտնի է նաև հնագիտական մեծարժեք հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների։ 

1048 բնակիչ ունի Խնապատը։ Սամվել Շահրամանյանը համայնքը ղեկավարում է 2006 թվականից։ Իր իսկ խոսքով՝ փոխանցված համայնքային ժառանգությունը պատերազմի հետևանքով ավերված բնակարաններն էին ու գյուղական օբյեկտները։ Ստիպված էր բոլոր ուժերը ներդնել այդ ամենը վերականգնելու, գյուղում կյանքը զարգացնելու համար։ Սկսեց աշխատել՝ հենվելով առաջին հերթին ձեռներեց ու գործունյա համագյուղացիների վրա։ Անշուշտ, եղան նաև դրսից աջակցողներ՝ հիմնականում բարեգործական կազմակերպություններ։ Առաջինը ձեռք մեկնեց ֆրանսիական SPFA  կազմակերպությունը՝ գեղեցիկ ու ժամանակակից չափանիշներով վերանորոգելով գյուղի ավերված մանկապարտեզը։ Ճիշտ է, այսօր այն արդեն չի համապատասխանում համայնքում առկա նախադպրոցական տարիքի երեխաների թվին. մանկապարտեզը նախատեսված է ընդամենը 40 երեխայի համար, իսկ նշված տարիքի երեխաների թիվն այսօր հասնում է 95-ի։ Մյուս կողմից, վերջին ցուցանիշն ուրախացնող է, քանզի վկայում է բնակչության բնական աճի մասին։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ միակ ելքը մանուկների համար նոր օջախ կառուցելն է: Ներկայիս մանկապարտեզը գտնվում է դպրոցական շենքին կից, այսինքն` ժամանակին կրթօջախի մի թևը վերանորոգելով, դարձրել են մանկապարտեզ, և այլևս տեղ չկա այն մեծացնելու։  

Ինչ վերաբերում է կրթօջախի շենքին՝ այն վերանորոգման խիստ կարիք ունի. Արցախյան պատերազմից հետո՝ համագյուղացի Բարսեղ Բեգլարյանի հովանավորությամբ, միայն տանիքն է վերանորոգվել-փոխվել, այնինչ, խորհրդային տարիներին կառուցված հսկա շենքի, որտեղ 117 աշակերտ է սովորում, մի մասն այսօր վթարային վիճակում է։ 

Այսուհանդերձ՝ ասել, թե ամեն ինչ վատ է, գյուղում զարգացում չկա՝ սխալ կլինի։ Ասկերանից մինչև Խնապատ ճանապարհն ասֆալտապատվել է, իսկ ներհամայնքային փողոցների մեծ մասն էլ արդեն բարեկարգվել-սալահատակվել է սպիտակ աղյուսով, ինչը կոկ ու մաքուր տեսք է հաղորդում գյուղին։ Գործընթացը շարունակվում է, աղյուսը տրամադրում է պետությունը, իսկ աշխատանքները (շինարարների աշխատավարձը) հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը։ Փողոցների լուսավորության մասին հոգ է տարվել 2017 թվականին՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի աջակցությամբ։ Երեկոյան ժամերին Խնապատը ճառագում է լույսերի ներքո և նմանվում փոքրիկ քաղաքի։

Ջրամատակարարման առումով, ըստ համայնքի ղեկավարի, խնդիր չունեն։ Մի քանի տարի առաջ վերոնշյալ ֆրանսիական կազմակերպության հովանավորությամբ փոխվել է ներքին ջրատար ցանցը, տեղադրվել են ջրաչափեր։ Գյուղն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, միայն ամռան ամիսներին, ըստ ժամանակացույցի, օրվա մեջ 2-3 անգամ է այն մատակարարվում բնակչությանը։ Ջրավազաններն էլ լրիվությամբ նորոգվել են կառավարության միջոցներով։ 

Խնապատցիների համար լուրջ խնդիր է ոռոգման ջուրը։ Զարգացող տնտեսության պայմաններում առանց ոռոգման ջրի պարզապես անհնար է։ Գյուղացիներից շատերն են սկսել զբաղվել այգեգործությամբ, ինչը խրախուսվում է կառավարության կողմից, բայց առանց ոռոգման ի՞նչ բերք կարելի է սպասել։ Ս. Շահրամանյանի խոսքով՝ միակ ելքն արտեզյան ջրհորեր փորելն է, ինչն էլ նպատակադրվելու են անել մոտ ժամանակներս։ Ոռոգման ջրի առկայության պայմաններում ստիպված չեն լինի ամռանը խմելու ջուրը ժամանակացույցով մատակարարել: 

Համայնքում ժողովրդագրական վիճակը բավարար է։ 2017-ին 14 ծնունդ է գրանցվել։ Գյուղից արտագաղթ չկա, ընդհակառակը, հարևան գյուղերից գալիս են այստեղ վերաբնակվելու։ Պատճա՞ռը։ Այդ գյուղերում աշխատանք չկա, ապրելու նորմալ պայմաններ չկան, իսկ Խնապատում առկա են ջուրը, գազը և մի շարք այլ հանգամանքներ, որոնք բարեկեցիկ կյանք վարելու նախապայմաններ են։ Բացի այդ, մայրաքաղաքի հետ կապը նույնպես մեծ նշանակություն ունի. Խնապատ-Ստեփանակերտ-Խնապատ երթուղային ավտոբուսն օրվա կտրվածքով 4 անգամ երթևեկում է այդ ուղղությամբ։ Մյուս կողմից՝ գյուղում գործազուրկ չկա։ Ս. Շահրամանյանն առանձին գոհունակությամբ է նշում, որ Խնապատի ջահել կանայք ամեն օր վաղ առավոտյան դուրս են գալիս տնից՝ խմբեր կազմած մեկնում ներքևի գոտում գտնվող դաշտերը, որտեղ աշխատանք կա՝ ինչքան ուզես։ Տարածքում տեղակայված տոհմային կայանը նույնպես աշխատատեղերի խնդիր է լուծում։ 

Համայնքի ղեկավարը ոչ պակաս ոգևորությամբ նշեց նաև երիտասարդների շրջանում սկիզբ առած մի նոր գործընթացի մասին, որի ՙմեղավորը՚ հենց ինքն է։  Նրա խոսքով՝ գյուղից բավական վերև՝ սարերում, անմշակ, անտառածածկույթի վերածված հողատարածքներ կային, որոնք համայնքի ղեկավարի խրախուսմամբ երիտասարդներն սկսել են մշակել պայմանով, որ 3 տարի դրա համար ոչ մի հարկ չեն վճարելու։ Ներկայում այնտեղ անմշակ հող  գրեթե չկա։   

Խնապատում շուտով այլ աշխատատեղեր էլ կբացվեն. անհատ ձեռներեց Արթուր Բադալյանը գյուղում գործարան է կառուցում, որը սառնարանային համալիր է լինելու։ Նա նաև 20 հա հողատարածք է վարձակալել, որտեղ աճեցվում են բալ, ազնվամորի, մոշ և այլ հատապտուղներ։ Այնպես որ՝ Խնապատը շուտով իր ՙբրենդը՚ կունենա և դրանով ևս կտարբերվի Արցախի մյուս բնակավայրերից։ Ծրագիրը ոգևորել է համայնքի բնակչությանը, բոլորը պատրաստ են օժանդակել դրա իրագործմանը։ Նշված այգիներում միայն խնապատցիներ են աշխատում։ 

Համայնքում նվազել է անասնագլխաքանակը՝ 207 խոշոր և 400 մանր եղջերավոր անասուն ունեն։ Ոչխարի մսի գնանկման պատճառով նվազել է մանր եղջերավորների թիվը։ Խոզերի գլխաքանակը վերջին տարիներին նույնպես նվազել էր հիվանդության պատճառով, բայց գյուղացիներն արդեն ձգտում են զարկ տալ խոզաբուծությանը։ Ինչ վերաբերում է խոշոր եղջերավորների թվի նվազմանը. մարդիկ այլևս չեն ուզում անասուն պահել՝ այն պատճառով, որ տարածքում գտնվող տոհմային կայանը բավարարում է բնակչությանն անհրաժեշտ կաթնամթերքի պահանջարկը։ Համայնքում միայն երկու ֆերմերներ կան, որոնք մեծ քանակությամբ անասուններ են պահում։ Աստիճանաբար վերանում է տեղական ցեղը, ինչի համար փոքր-ինչ մտահոգված է համայնքի ղեկավարը։ Բայց, մյուս կողմից էլ համոզված է, որ տոհմային ցեղի անասունն աստիճանաբար  կհարմարվի մեր տեղանքին ու կվերածվի տեղականի։ Համայնքում արդեն կան խառնածին անասուններ։ Նույն տոհմայինի ցեղից ծնված անասունն արածում է տեղական կովերի հետ, կաթնատվությունն էլ ցածր չէ։ Մսատվության մասին չենք խոսում. տոհմային ցեղն ավելի մսատու է։ 

Ընդհանուր առմամբ, Ս. Շահրամանյանը գոհ է գյուղի երիտասարդությունից. աշխատասեր են և բարի նախանձ ունեն մեկը մյուսի նկատմամբ։ Եթե մեկը մի լավ բան է անում՝ ասենք, մեքենա է գնում կամ ինչ-որ հաջողություն, առաջընթաց գրանցում, մյուսները ձգտում են հասնել նրան։ Բայց, միաժամանակ, համայնքի ղեկավարը ցավով է փաստում, որ չամուսնացած շատ երիտասարդներ կան գյուղում։ Պատճառը բնակարանային խնդիրն է. ներկայիս երիտասարդությունն ուզում է ապրել առանձին ու հարմարավետ պայմաններում։

Համայնքում բազմաերեխատեր ընտանիքների թիվը մեծ չէ՝ ընդամենը երեքը, որից մեկը՝ 5 երեխա ունեցող, երկուսը՝ 4-ական։ Հինգ երեխատեր ընտանիքի համար շուտով բնակարան պետք է կառուցվի պետական միջոցներով։ 

2018-ի բերքի տակ կատարված աշնանացանը քիչ է՝ ընդամենը 312 հա, որից 85 հա-ը` գարի, մնացածը՝ ցորեն։ Ցանքատարածքների մի մասը կարկտահարվել է։ Այնպես որ՝ լավ բերք ստանալու ակնկալիք չունեն։ Գարնանացան ընդհանրապես չեն կատարում՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Գյուղացիներից մի քանիսը՝ առանձին անհատներ, ներքին գոտում վարձակալությամբ տարածքներ ունեն, որտեղ հացահատիկ, եգիպտացորեն, արևածաղիկ և այլ մշակաբույսեր են ցանում։

Համայնքում գործում է երաժշտական դպրոցը, որը տեղակայված է գյուղապետարանի շենքում։ Գործում է պարի առանձին խումբ։ Համայնքի վարչական շենքում են գտնվում նաև բուժկետը, մշակույթի ակումբը։ Վերջինս երիտասարդների ժամանցի վայրն է. երեկոյան ժամերին այստեղ կարելի է շաշկու, շախմատի, սեղանի թենիսի մրցումների ականատեսը դառնալ։ Աշխուժությունը, զարգացումը համայնքում նկատելի են։ Գյուղն ավելի գեղեցիկ ու մաքուր դարձնելու համար շուտով աղբամաններ կտեղադրվեն  փողոցներում։ Ս. Շահրամանյանի խոսքով՝ շրջվարչակազմի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում շրջանի համայնքներում աղբահանության խնդիրներին։ 

Նախատեսված ծրագրեր շատ կան, որոնք փորձում են իրագործել հիմնականում համագյուղացի բարերարների միջոցով, որոնցից մեկն էլ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն է։ Ռուսաստանաբնակ համագյուղացիներից մեկն էլ գյուղի հանդիսությունների տան համար սառնարաններ և այլ գույք է տրամադրել։ 

Խնապատը երևի այն եզակի համայնքներից է, որի սեփական եկամուտները պետական դոտացիայից բարձր են։ Հարկերն ու տուրքերը հավաքվում են ժամանակին, հրաժարվողներ չկան։ 

Ս. Շահրամանյանը Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է։ Առաջին իսկ օրից մասնակցել է ազատամարտին։ Սիրում է իր հայրենի գյուղը և կյանքն այլ տեղ չի պատկերացնում։ ՙԲոլորը ձգտում են դեպի քաղաք, բայց գյուղերում նույնպես մեծ հնարավորություններ կան։ Եվ չօգտագործել, անտարբեր անցնել դրանց կողքով չի կարելի։ Օտար ափերում հայրենիք չպետք է փնտրել, օտար ափերում կառուցածը մերը չէ... Վկան՝ Սումգայիթը, Բաքուն... Մեր արմատները մայր հողում պետք է խորացնենք՚,- զրույցը եզրափակում է Սամվել Շահրամանյանը։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ