ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ԱՌԻԹ
Հարցազրույց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Պրն Ավանեսյան, հունիսի 10-ը մեր հանրապետությունում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր: Շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ: Ըստ Ձեզ, ո՞վ է սոցիալական աշխատողը, և ո՞րն է նրա հիմնական առաքելությունը։ Ի՞նչ առանձնահատկություն ունի այդ մասնագիտությունն Արցախում:
- Շնորհակալություն: Մասնագիտական տոնը ևս մեկ անգամ արվածը վերլուծելու, հետագա քայլերը ճշգրտելու առիթ է: Սոցիալական աշխատող Արցախի Հանրապետությունում մեր նախարարության ցանկացած աշխատակիցն է, ով տեղեկանում է մարդկանց տարաբնույթ սոցիալական հիմնախնդիրներին և փորձում դրանց լուծում տալ գործող բազմաթիվ սոցիալական ծրագրերի շրջանակներում: Նրա խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդը, չնայած առաջացած շատ հանգամանքների, կարողանա ապրել` պահպանելով սեփական արժանապատվության զգացումը և շրջապատի հարգանքը: Սա խիստ կարևոր գործառույթ է, որը գիտակցում է ցանկացած սոցաշխատող՝ անկախ գործունեության վայրից: Որպես համակարգի ղեկավար` ես բավարար կգնահատեի ջանքերը, որոնք թույլ են տալիս հաջողության հասնել մեր աշխատանքում: Հաշվի առնենք նաև այն հայտնի միտքը, որ մեր ցանկությունները ոչ միշտ են համապատասխանում մեր հնարավորություններին, սա ոչ միայն մենք, այլև մեր քաղաքացիները պետք է հաշվի առնեն: Ինչ վերաբերում է մասնագիտական առանձնահատկություններին, ապա, թերևս, մեր աշխատանքի յուրահատկությունը կապված է արցախցու հոգեկերտվածքի հետ: Այս կամ այն դժվար իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է մասնագետին թույլ տա մասնակցել իր ընտանիքի բարեկեցությանը. դա է, որ լրացուցիչ պատասխանատվություն և նրբանկատ մոտեցում է պահանջում մեր աշխատողներից:
-Համաձայնեք, որ տարիներ ի վեր հանրապետության բնակչության գերակշիռ մասը սոցիալական հարցերի նախարարության գործառույթը տեսնում է հիմնականում միայն մեկ` նյութական աջակցություն տրամադրողի դերում: Ի՞նչ է արվել պատկերը փոխելու համար:
-Դա ի սկզբանե վտանգավոր երևույթ է, որին առնչվում է պատերազմի միջով անցած ցանկացած երկիր: Տարիների մեր աշխատանքն ուղղված էր հենց նրան, որպեսզի հանրությունը գիտակցի, որ սոցիալական աշխատողն այն մասնագետն է, ով օգնում է մարդուն՝ բարձրացնելու սեփական կյանքի որակը` վերջինիս դարձնելով այդ գործընթացի անմիջական մասնակիցն ու պատասխանատուն: Այլ հարց է, որ ապրիլյան պատերազմի արդյունքում կրակի տակ հայտնված սահմանամերձ համայնքների խնդիրները մեզ ստիպեցին դարձյալ վերադառնալ բնակչությանը նյութական օգնություն տրամադրելու գործելաոճին: Պատկերը փոխելու համար շատ ծրագրեր են կյանքի կոչվել: Նաև ասեմ, որ մենք միշտ անդրադառնում ենք այն սոցիալական խնդիրներին, որոնք հասարակությունը համարում է առավել անհետաձգելի, առաջնահերթ լուծում պահանջող: Սակայն դրանք խնդիրներ են, որոնք մեկ գերատեսչության միջոցով չէ, որ պետք է լուծվեն:
-Ըստ Ձեզ` սոցիալական աշխատողի ինստիտուտը մեզ մոտ կարելի՞ է կայացած համարել:
-Համակարգը կայացած է. և դա հաստատելու համար կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Սակայն ցանկացած կայացած ինստիտուտ դատապարտված է ձախողման, եթե մշտապես չի կատարելագործվում: Այս պահին մենք գտնվում ենք լուրջ բարեփոխումների շրջանում, որոնց արդյունքում միանշանակ կբարձրանա մեր աշխատանքների հասցեականությունը, կպարզեցվեն շատ գործառույթներ: Ընթացքի մեջ է ՙՆպաստ՚ պայմանական անվանմամբ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացը: Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գրեթե բոլոր աշխատանքները կսպասարկվեն երկու էլեկտրոնային ծրագրերի միջոցով: Երկրորդ կարևոր ծրագիրն առնչվում է բնակչության կարիքավորության գնահատման համակարգի ներդրման հետ: Մենք հանձնարարական ունենք և ընթացիկ տարում պետք է գնահատենք արցախյան յուրաքանչյուր ընտանիքի կարիքավորության չափը: Սա մեզ հնարավորություն կտա վերջապես ունենալ ճշգրիտ պատկերը: Այս մասին խոսելու առիթ արդեն եղել է, սակայն մեկ անգամ ևս հիշեցնեմ. հինգ տասնյակից ավելի գյուղական համայնքներում իրականացրել ենք երիտասարդների խնդիրների վերհանմանը և դրանց լուծումների առաջադրմանը միտված ուսումնասիրություններ: Համայնքներում հաջողությամբ գործարկվել է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիրը: Վերանայվում է նաև վերաբնակեցման քաղաքականությունը: Մենք կհասնենք նրան, որպեսզի վերաբնակեցվող յուրաքանչյուր համայնք ունենա զարգացած ենթակառուցվածքներ և այնքան բնակիչ, որքան նրա տնտեսական վիճակն է թույլատրում: Շարունակվում է համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ, ներկայում ընթացքի մեջ են երկու ծրագրի շուրջ աշխատանքները` կապված հանրապետության գյուղական համայնքների երիտասարդության և ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրության հետ:
-Իրականացված աշխատանքները քիչ չեն, սակայն, ինչպես հայտնի է, ներհանրապետական վերջին զարգացումների արդյունքում գոյացել են քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնց մի մասը չլուծված սոցիալական խնդիրներին է վերաբերում: Արդյո՞ք սա նշանակում է, որ նաև սոցիալական աշխատողներն են թերացել իրենց գործում: Որևէ վերլուծություն իրականացվո՞ւմ է այս ուղղությամբ:
- Նախ ասեմ, որ դիմում-բողոքները, դժգոհություններն ու տարաբնույթ խնդիրների հաղթահարումը մեր հիմնական առօրյան են: Մեր նախարարությունը տարվա կտրվածքով 6 հազարից ավել դիմումներ է ստանում տարբեր քաղաքացիներից և օրենքով թույլատրված գործառույթների շրջանակում փորձում լուծում տալ դրանց: Ասեմ նաև, որ քաղաքացիների դիմումները բավարարելու նպատակով ծախսվում է մեր գերատեսչության բյուջեի շուրջ 25 տոկոսը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ արվում է հնարավորը, որպեսզի այցելուները դժգոհ չհեռանան նախարարությունից: Բոլորը կցանկանան, որ խնդիրները լուծվեն շատ կարճ ժամանակամիջոցում, սակայն դա ոչ միշտ է հնարավոր: Բողոքներ կան, և հանուն արդարության նշենք, որ դրանց մի մասը կարող էր լուծում ստանալ ժամանակին և ըստ բնագավառների, սակայն մեր ժողովուրդն իսկապես իմաստուն ժողովուրդ է և ժամանակին հրաժարվեց բողոքներն ու դժգոհությունները հայտնելու փողոցային ձևաչափից:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ասեմ` ես չեմ համարում, որ մեր աշխատակիցները թերացել են: Թե՜ կարգապահական տույժերի և թե՜ շնորհակալագրերի առումով մեր համակարգը առաջնություն կարող է շահել, սա ես ասում եմ ամենայն լրջությամբ: Մենք անմիջապես արձագանքում ենք համակարգի ցանկացած աշխատակցի գործունեությանը` չսպասելով այցելուների գնահատականին: Ի վերջո, մեր համակարգը սահմանափակ միջոցների արդարացի վերաբաշխման համակարգ է, և այստեղ մեր խնդիրն է (ես նկատի չունեմ միայն մեր գերատեսչությունը) հստակ գիտակցել մեր քաղաքացիների հիմնական կարիքների բնույթն ու չափը և այդ միջոցները բաշխել ըստ ընտանիքի կարիքավորության, որպեսզի չտուժի արդարության սկզբունքը:
Ես նշեցի, որ սոցիալական աշխատանքի ինստիտուտը կայացած է մեզ մոտ, բայց այն լրջագույն բարեփոխումների կարիք ունի ինչպես համակարգային և օրենսդրական, այնպես էլ տրամադրվող սոցիալական ծառայության փաստացի որակի առումով: Վերը նշված բոլոր բարեփոխումները կբերեն քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների լուծման գործընթացում ներգրավված աշխատակազմի օպտիմալացման, որի արդյունքում մենք կունենանք սոցիալական աշխատողների շատ լուրջ բանակ: Այդ ամենի արդյունքում ապագայում հնարավորություն կունենանք մեր ասպարեզում անցնել ակտիվ քաղաքականության` հրաժարվելով գոյություն ունեցող պասիվ ծրագրերի շղթայից: Սոցիալապես խոցելի ընտանիքների հետ մեր աշխատանքի փորձը հուշում է, որ այսօր անհրաժեշտություն է սոցիալական աշխատանքը համայնք հասցնելը: Մենք պետք է վեր հանենք ոչ միայն համայնքի առանձին բնակիչների, այլև ընդհանուր համայնքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Այդ ծրագրերի ամբողջական իրագործումից հետո կառույցի աշխատանքն զգալիորեն կբարելավվի, կկրճատվի քաղաքացիների բողոքների թիվը:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ