Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵԹԵ ԳԱՐՈՒՆ՝ ՈՒՐԵՄՆ...

altԾաղիկներ, նվերներ, խորը քնից արթնացող բնություն, տոներ ու երջանիկ պահեր։ Եվ ամենախորհրդանշականը՝ մայրության և գեղեցկության տոն։ Իմ պատկերացմամբ՝ ամեն ինչ վառ է, գունեղ ու գեղեցիկ, և, ինչու չէ, նաև շատ սպասված, հատկապես երիտասարդների համար։ Այդ ամենն ավելի պատկերավոր է դառնում, երբ անցնում ես ծաղիկների սրահների մոտով, մտնում  խանութներ, որոնցում վաճառում են տոնական նվերներ։ 
Ինչպես հավաստիացնում են ծաղկավաճառներ Հասմիկն ու Ալլան,  ծաղիկներ  գնում են բոլորը. երիտասարդները՝ իրենց սիրեցյալների համար, ծնողները՝ ուսուցչուհիների, տղաները ՝ համադասարանցի աղջիկների համար։ Մոտ 30 րոպե գտնվելով տիկին Ալլայի խանութ-սրահում, ականատես եղա, թե նա ինչպես է արագ ու ճաշակով ծաղիկների գեղեցիկ կոմպոզիցիաներ պատրաստում։ Տիկին Հասմիկն էլ մեծ գոհունակությամբ հայտնում է, որ գարնանամուտին, հատկապես մարտի 8-ին ու ապրիլի 7-ին, անկախ նրանից՝ մարդիկ ունևոր են, թե ոչ, պարտադիր գնում են ծաղիկներ։ Նրա հավաստմամբ, որոշ մարդիկ նույնիսկ իրենց գրպանի վերջին լուման են տալիս՝ հարազատներին ու  սիրելիներին գարնանային տրամադրություն պարգևելու համար։ 
Եթե տիկին Ալլան ինքն է պատրաստում ծաղիկների կոմպոզիցիան՝ գործի դնելով իր ողջ երևակայությունը, ապա տիկին Հասմիկը հատուկ շեշտում է, որ իրենց մոտ ծաղիկների դիզայնով զբաղվում են Երևանից հրավիրված մասնագետներ։ Պարզվում է նաև, որ գրեթե բոլոր խանութ-սրահները ծաղիկներ ստանում են Երևանից, ինչը նշանակում է, որ տեղական ծաղիկներ մեզ մոտ չեն վաճառվում։ Ինչ վերաբերում է ծաղկեփնջերի գներին, ապա դրանք տարբեր են՝ 2500-ից մինչև 30 000 դրամ։ 
Այո, ոմանք մարտի 8-ին իրենց թույլ են տալիս որոշակի շռայլություններ, գնելով թանկարժեք կոմպոզիցիաներ, ոմանք պարզապես  նվիրում են մեխակներ։ Կանանց միամսյակի ընթացքում մարդիկ նաև գնում են տարատեսակ փափուկ խաղալիքներ ու հուշանվերներ։ Դրանց գնորդները մեծամասամբ դպրոցականներ են։ Նվերը, ընդհանրապես ուշադրությունը, կնոջ համար կարևոր հանգամանք է, իսկ դրա դրսևորումները կարող են տարբեր լինել։ 
Գարուն է, իսկ եթե գարուն, ուրեմն՝ մայրություն ու գեղեցկություն, ծաղիկներ ու նվերներ, եթե գարուն, ուրեմն միայն ուշադրություն՝ գեղեցիկ սեռի նկատմամբ։
 
Տաթև ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ