Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳԻՐՔ ԳՐԵԼ

Ողջ աշխարհում կան ՙաննկատելի հերոսներ՚, որոնց կցանկանայինք մոտենալ ու ձեռքը սեղմել։ Մեր հյուրը համարում է, որ հերոս կարող է դառնալ ամեն ոք։ Դրա համար պարտադիր չէ արկածներ փնտրել։

Հարկավոր է պարզապես անտարբեր չլինել ուրիշի դժբախտության հանդեպ։ Ու անգամ եթե ձեր արարքը բոլորովին պարզ ու աննշան լինի, բայց օգնի ինչ-որ մեկին դժվար իրավիճակում, այն անհրաժեշտ է։ Ժպիտը, երախտագիտության խոսքերը կդառնան հաճելի, թեկուզև ոչ պարտադիր պատասխան։ Այսպես, ՙԱզատ Արցախի՚ հյուրն է Աննա ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ-ՏԵՐԿՈՏԸ։ 

Նրանց համար, ովքեր ծանոթ չեն նրան, հակիրճ տեղեկացնենք, որ Աննա Աստվածատրյան-Տերկոտը գրում ու ակտիվորեն հանդես է գալիս ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ, ներառյալ նաև ԱՄՆ Կոնգրեսը և Եվրոպական խորհրդարանը, որտեղ բարձրացնում է մարդու իրավունքների, մասնավորապես՝ Ադրբեջանից փախստականների, հայատյացության, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման խնդիրները։ Միջնորդել ու աշխատել է ի սատարումն Մեն նահանգի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող 2013թ. բանաձևի: Կոնգրեսի և Եվրոպական խորհրդարանի անդամների հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Աստվածատրյան-Տերկոտը ՙԱմերիկացիներն Արցախի համար՚ ոչ կառավարական կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ է։ 

Ավելի մանրամասն այս ամենի և տիկին Աստվածատրյան-Տերկոտի Արցախ կատարած այցելության մասին մեր զրույցում, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ 

-Աննա, Դուք գաղթել եք Բաքվից։ Պատմեք, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում Ձեր ընտանիքը ստիպված եղավ լքել իր տունն ու փախչել դեպի անհայտություն...

-Իրոք` դեպի անհայտություն։ Ի դեպ, իմ գիրքն այդպես էլ կոչվում է՝ ՙՎտարում: Դեպի անհայտություն՚։ Ծնվել եմ Բաքվում 1978թ. մարտին։ Իմ մանկությունում ամեն ինչ, կարծես թե, նորմալ էր, դպրոցում ուսուցիչները և՜ հայեր, և՜ ադրբեջանցիներ, և՜ ռուսներ էին, աշակերտները նույնպես տարբեր ազգություններ ունեին, ու այդ ամենը ոչ մի կերպ չէր ազդում մարդկանց հարաբերությունների վրա։ 

Իմ ընտանիքի պատմությունն ինչպես հարկն է չգիտեի։ Ինձ միայն հայտնի էր, որ պապս ծննդով Զանգեզուրից էր՝ Խնձորեսկից, այնտեղից էլ տեղափոխվել է Բաքու։ Բայց` նրան ինչ է պատահել, և ինչու է նա ստիպված եղել լքել Հայաստանը, ինձ չեն պատմել։ Հայրս իր ծնողների հետ խոսում էր հայերեն, բայց մեզ միշտ բացատրում էին, որ պետք է ռուսերեն խոսել, այդպես մեզ համար կյանքում ավելի հեշտ կլինի։ Մենք հայերեն խոսում էինք միայն տանը, որպեսզի ոչ ոք չլսեր։ Ցեղասպանության մասին էլ ոչինչ չգիտեի այնքան ժամանակ, մինչև որ եկա Երևան։ 

Ամեն ինչ փոխվեց 1988թ. փետրվարին։ Բաքվում ցույցեր սկսվեցին։ Մենք ապրում էինք զբոսայգուց ոչ հեռու ու լսում էինք հանրահավաքի մասնակիցների բղավոցները։ Հարցրեցի մայրիկիս. ՙՆրանց մոտ ինչ-որ տո՞ն է՚։ Նա պատասխանեց. ՙՈչ, տոն չէ, նրանք պահանջում են, որ մենք հեռանանք այստեղից՚։ Դպրոցում մթնոլորտը նույնպես փոխվել էր։ Ծնողներս շարունակ մեծ լարվածության մեջ էին գտնվում, ու ես վախենում էի նրանցից ինչ-որ բան հարցնել, նրանք չէին էլ պատասխանում, ասում էին, որ պետք չէ, որ ես դա իմանամ։ Այդ դեպքում սկսեցի հարցերով ձանձրացնել տատիկիս, նա էլ ինձ պատմեց Ղարաբաղի, Հայաստանի մասին։ Ինձ մոտ առաջացավ անարդարության համար վիրավորվածության զգացում. ինչո՞ւ մեզ վրա հանկարծակի սկսեցին այդպես նայել, ինչո՞ւ ես պետք է թաքնվեմ ու վախենամ, չէ՞ որ ոչ մի վատ բան չեմ արել։ Հայրս ինձ կարգադրեց ազգության մասին հարցին պատասխանել, որ ես հույն եմ, իսկ ավելի լավ է` ընդհանրապես ոչ մեկի հետ այդ թեմայով չխոսել։ Հիշում եմ, այդ տարիներին ինձ մոտ անգամ ի հայտ էր եկել փողոցում դեմքը թաքցնելու բնազդը։ Իսկ երբ 2013թ.` 25 տարիների ընթացքում առաջին անգամ, կրկին լսեցի ադրբեջանական խոսք՝ դա տեղի ունեցավ Վաշինգտոնում, Կոնգրեսում, ես նույն կերպ արձագանքեցի… Ամուսինս այդ ժամանակ շատ էր զարմացել. ես, լինելով ազատ երկրի քաղաքացի, ամերիկուհի, վախից դեմքս եմ թաքցրել։ Հավանաբար, վախը խորը նստած է իմ մեջ։

Բաքվից հեռացել ենք 1989թ. սեպտեմբերի վերջին, ես 11 տարեկան էի, եղբայրս՝ 7։ Երեք տարի ապրել ենք Հայաստանում, իսկ այնուհետև արտագաղթել ենք ԱՄՆ: Մեզ տեղավորեցին Հյուսիսային Դակոտայի Վոպետեն քաղաքում։ Ավարտել եմ Հյուսիսային Դակոտայի համալսարանն ու գիտական աստիճաններ ստացել անգլերեն լեզու ու գրականություն, փիլիսոփայություն և կրոն  բնագավառներում` ռուսաց լեզու ու գրականություն մասնագիտությամբ երկրորդական աստիճանի հետ միասին։ 2003թ. իրավագիտության դոկտորի աստիճան եմ ստացել Պորտլենդում գտնվող Մենի համալսարանի իրավաբանական դպրոցում։ Իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո աշխատել եմ Հաագայի միջազգային քրեական դատարանում՝ որպես գրասենյակային ծառայող (Նիդեռլանդներ)։ Քաղաքական առումով երբեք ակտիվ չեմ եղել, բայց որդուս ու դստերս ծնվելուց հետո ինձ ավելի վստահ զգացի. ընտանիք, լավ աշխատանք, կյանքում ամեն ինչ դասավորվել է... Սկսեցի ավելի շատ կարդալ Հայաստանի ու Արցախի, տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակի մասին։ Եվ ահա այդ շրջանում արդեն զուտ որպես մայր սկսեցի մտածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում երեխաներն ապրում են` վախենալով, որ ադրբեջանցիները նրանց հետ կարող են անել այն, ինչ մեզ հետ արեցին։ Ընկերներս ինձ ասում էին, որ իմ օրագիր-գիրքը պետք է անպայման տպագրել։ Գիրքը լույս է տեսել 2012թ.։ Մտածում էի, որ կանեմ դա ու կվերադառնամ իմ սովորական կյանքին։ Բայց տեղի ունեցավ հակառակը. ինչքան շատ մարդ էր կարդում գիրքը, ինչքան ավելի հաճախ էին հրավիրում ելույթ ունենալ, այնքան ավելի ուժգնորեն էի զգում, որ պետք է շարունակեմ այդ գործը։ Չէ՞ որ իմ ծնողներին հասակակից մարդկանց համար դժվար է վերհիշել ու պատմել այդ սարսափելի դեպքերի մասին, իսկ իմ սերնդի համար ավելի հեշտ է, քանի որ ծնողները փորձում էին մեզ ինչ-որ կերպ մեկուսացնել տեղի ունեցող իրադարձություններից։ 

Իմ սերնդակից բաքվեցիներից շատերը գրի են առնում իրենց ծնողների պատմությունները, բայց ոչ մեկին ցույց չեն տալիս։ Շրջում եմ ողջ Ամերիկայով ու նրանց հանդիպելիս համոզում, որ պետք է գրի առնել այդ վկայությունները, պետք է խոսել այդ մասին, տարածել այդ ճշմարտությունը։ Ու նաև տեսա, որ ոչ միայն հայերն են արձագանքում իմ գրքին, այլև ամերիկացիները, ովքեր երբեք չէին լսել ո՜չ Լեռնային Ղարաբաղի, ո՜չ ղարաբաղյան հակամարտության մասին։ Ու նրանց մոտ իսկույն առաջանում է օգնելու ցանկությունը։ Ամերիկացիները սիրում են իրենց ազատությունն ու հասկանում են, որ Արցախին ազատություն է հարկավոր, և որ արցախցիներն ունեն ազատության իրավունք։ 

-Աննա, գիտենք, որ Դուք և Ձեր ամուսինը, ի դեպ, նա հա՞յ է, շրջագայում եք աշխարհով մեկ ու պատմում Արցախի մասին։ Ձեր ու Ձեր ամուսնու շնորհիվ Մեն նահանգը 2013թ. ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ասացեք, Դուք արցախյան արմատնե՞ր ունեք։ 

-Ոչ, ես արցախյան արմատներ չունեմ, ինչպես արդեն ասել եմ, արմատներով Խնձորեսկից եմ  (Հայաստանի Սյունիքի մարզ-խմբ.)։ Բայց ինձ համար Արցախն ու Հայաստանն անբաժանելի են։  

Ամուսինս ֆրանսիացի է, ով ծնվել է Ամերիկայում։ Նա մեծ հարգանքով ու համակրանքով է վերաբերվում հայ ժողովրդին և ոչ միայն աջակցում է ինձ իմ նախաձեռնություններում, այլև ինքն է ակտիվորեն գործում՝ ներգրավելով իր ընկերներին ու ծանոթներին։ Այո, շատ ենք աշխատել այն բանի շուրջ, որպեսզի Մեն նահանգում ԼՂՀ-ի անկախությունը ճանաչող բանաձև ընդունվի, ու ոչ միայն դա։ Ես ու ամուսինս և մեր ընկերներն արել ու անում ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք Ղարաբաղի դեմ ադրբեջանական համայնքի որևէ բանաձևի ընդունումը, և առայժմ հաջող կերպով։ 

-Աննա, որքանով մեզ հայտնի է, առաջին անգամ Արցախ եք այցելել 2014թ., երբ կայացավ Ձեր գրքի շնորհանդեսը։ Գիրքը գրել եք 14 տարեկանում։ Ի՞նչը Ձեզ դրդեց այդ քայլին։ 

-Ամեն ինչում ՙմեղավոր է՚ իմ տատիկը։ Ես այնքան շատ էի խոսում այդ ամենի մասին, որ մի անգամ նա ասաց. ՙԴու պետք է ամեն ինչ գրի առնես՚։ Տատիկս համարում էր, որ օրագիրը կօգնի ինձ հոգեբանորեն։ Դրանից էլ ամեն ինչ սկսվեց՝ օրագրում գրի էի առնում այն ամենը, ինչ տեղի էր ունենում մեզ հետ Բաքվում, Հայաստանում ու անգամ Ամերիկայում։ Երբ մենք եկանք ԱՄՆ, Հյուսիսային Դակոտա նահանգ, տեսա, որ ամերիկացիները չգիտեն, թե որտեղից են սերում իրենց տատն ու պապը։ Դա ինձ համար շոկ էր։ Ես վախեցա, որ իմ ապագա երեխաները չեն իմանա, թե ինչ ծագում ունեն իրենց տատն ու պապը, և ինչ է տեղի ունեցել մեր ընտանիքի հետ։ Ուստի սկսեցի օրագիրը թարգմանել անգլերեն։ Այնուհետև սկսեցի նկարագրել իմ, մեր բարեկամների ավելի վաղուցվա հիշողություններն ու այդպես շարունակ...Այդկերպ գիրք ստացվեց։ 

-Աննա, ո՞րն է ներկա այցի նպատակը։ 

-Ես շատ սիրեցի այս երկիրն ու սկսած 2014թ.-ից ամեն տարի գալիս եմ Խնձորեսկ և Արցախ։ Գիտեք, թեև Միացյալ Նահանգներում իմ կյանքը բարեհաջող է դասավորվել, բայց և՜ Խնձորեսկում, և՜ Արցախում ինձ հետ տեղի է ունենում մի այնպիսի բան, ինչը չեմ կարող բառերով նկարագրել, այստեղ ինձ համար անգամ ավելի հեշտ է շնչելը։ Ուրախացնում է, որ իմ ամեն այցի ժամանակ նկատում եմ, որ և՜ Ստեփանակերտը, և՜ Շուշին գնալով ավելի ու ավելի են գեղեցկանում։ Իսկ ես Արցախ եմ գալիս, ամենից առաջ, որպես զբոսաշրջիկ ու դրանով իմ փոքրիկ ներդրումն եմ բերում  հանրապետության տնտեսությանը։ Ամուսնուս հետ շատ ենք ճանապարհորդում աշխարհով մեկ և ամենուր պատմում Արցախի գեղեցկության, հիանալի մաքուր օդի, հյուրասեր, բարի ժողովրդի մասին ու դրանով շարժում ունկնդիրների հետաքրքրությունը, շատերի մոտ առաջանում է այնտեղ գնալու ու ամեն ինչ իրենց աչքերով տեսնելու ցանկություն։ Որպես ՙԱմերիկացիներն Արցախի համար՚ ոչ կառավարական կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ` որոշ օգնություն եմ բերում ծայրահեղ կարիքավորների համար։ Օրինակ, այս անգամ այցելել ենք միայնակ տարեցների ինտերնատ, և այնտեղ նրանց մի որոշ օգնություն եմ ցուցաբերել։ 

Մեր զրույցը երկար է տևել, Աննան, ինչպես և մեր փախստականներից շատերը, աշխարհին պատմելու, հայտնելու բան ունեն։ Օրինակ` այն մասին, որ սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ռոդ-Այլենդ նահանգի կողմից բանաձևի ընդունմանը նպաստել են բաքվեցի փախստականների երեք հայ ընտանիքներ, իսկ Աննան ինքն այդ առիթով շրջագայել է Ամերիկայի 25 քաղաքներով, որտեղ կազմակերպել է սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, ու նաև շատ այլ բաներ։ 

 Ոչ միայն փախստականների, այլև յուրաքանչյուր հայկական ընտանիքի կյանքի մասին կարելի է գիրք գրել, և, ընդ որում, բոլորովին էլ պարտադիր չէ մեծ երևակայություն ունենալ, քանի որ չափազանց շատ են համոզիչ ու պատմական փաստերը, որոնք, մեծամասամբ, ցավոք սրտի, ողբերգական են։ 

Եզրափակելով` կցանկանայինք նշել, որ 2013թ. Աննա Աստվածատրյան-Տերկոտը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՙՄխիթար Գոշ՚ մեդալով և Արցախի Նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՙԵրախտագիտություն՚ մեդալով։ 2014թ. Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (Արևմտյան թև) նրան պարգևատրել է Վաչագան Քարդաշյանի անվան մեդալով։ 2017թ. նա ստացել է Ամերիկայի Հայ Դատի   հանձնախմբի (Արևելյան թեև) մրցանակը` հայրենասիրական ակտիվ գործունեության համար։ 

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ