Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՆՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

Հարցազրույց սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային գործակալության պետ  Էվելինա ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ

 -Տիկին Աղաջանյան, համառոտ ներկայացրեք, խնդրեմ, 2017 թվականին բաժնի կատարած աշխատանքները։

-Ասկերանի շրջանում սոցիալական ծառայության տարածքային գործակալության գործունեությունն ուղղված է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կատարման միջոցառումների իրականացմանը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ 2017 թվականին նորաստեղծ ընտանիքների 227 քաղաքացիների շուրջ 34մլն դրամ ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել։ Երեխաների միանվագ նպաստը կազմել է 73մլն 300 հազար դրամ, իսկ երեխաների ամենամսյա նպաստը` շուրջ 271մլն դրամ, որից օգտվում են շրջանի 1187 ընտանիքների 1872 երեխաներ։ Ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում ՙԱրցախբանկի՚ շրջանային մասնաճյուղում բացվել են 83 նպատակային ժամկետային ավանդային հաշիվներ։ Իսկ 18 տարին լրանալու կապակցությամբ դադարեցվել են 17 ավանդատերերի ավանդային հաշիվները և ավանդները տրամադրվել անվանդատիրոջը։ 5 և ավելի երեխա ունեցող 2 բազմազավակ ընտանիքի համար կառուցվել, իսկ 6 և ավելի բազմազավակ 1 ընտանիքի համար Ասկերան քաղաքում գնվել են բնակելի տներ։  Հաշվետու տարում սոցիալական առանձին խմբերին պատկանող 552 քաղաքացիների տոն և հիշատակի օրերին վճարվել է շուրջ 24 մլն դրամ միանվագ օգնություն, տրամադրվել  առողջարանային բուժման 45 ուղեգիր։ Հաշվետու ժամանակահատվածում շրջանի Արցախյան պատերազմի 1-ին և 2-րդ կարգի 163 հաշմանդամներ օգտվել են էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցությունից, 12 հաշմանդամի հատկացվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, շրջանի  սոցիալապես անապահով 100 քաղաքացիների ըստ դիմումների տրամադրվել է 1մլն 820 հազ. դրամ։ Նշեմ, որ տարվա ընթացքում գործակալության կողմից բոլոր ծրագրային միջոցառումները կատարվել են ժամանակին և նպատակային։

-Ինչպե՞ս կգնահատեք շրջանի բնակչության սոցիալ-տնտեսական, կենցաղային վիճակը։

-2017-ը նշանավորվեց որպես համալիր միջոցառումների և աջակցության ծրագրերի իրականացման տարի։ Կյանքն Արցախ աշխարհում քանի գնում, այնքան լավանում է, տարեցտարի ավելանում է արտադրվող նյութական բարիքների քանակը։ Ու այս ամենը տեղի է ունենում կառավարության ծրագրերի շնորհիվ, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում։

 Ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումները, 5 և ավելի երեխաներ (մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքներին բնակելի տների հատկացումը նպաստում են մեր ազգաբնակչության թվի աճին ու բարգավաճմանը։ Արցախցին զգում է, որ մենակ չէ իր հոգսերի հետ: 

- Ի՞նչ աստիճանի է շրջանի բնակչության զբաղվածության մակարդակը։ 

-Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնում Ասկերանի շրջանից գրանցված է 110 գործազուրկ քաղաքացի։ 2017-ին նշված քաղաքացիներից 11 հոգի բավարարվել է աշխատանքով։ Արդեն 2-րդ տարին է, ինչ շրջանում իրականացվում են վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ ապահովելու գործազուրկների ժամանակավոր զբաղվածության խնդիրը: Շրջանի 7 համայնքներ համապատասխան ծրագրերով իրականացրել են նպատակային վարձատրվող հասարակական աշխատանքներ տարբեր բովանդակությամբ։ Ծրագրով նախատեսված գործընթացներում ընդգրկվել են նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում հաշվառված գործազուրկները։ Ծրագրի իրականացումը շարունակվում է նաև ընթացիկ տարում։

-2018-ը բոլորիս համար հոբելյանական տարի է, իսկ դուք եղել եք Ղարաբաղյան շարժման ակունքներում, կարելի է ասել` Շարժումը ձեզ համար ընտանեկան բնույթ էր կրում։

-2018-ն, իրոք, հոբելյանական տարի է բոլորիս համար։ Այսօր էլ շարունակվում են կերտվել Արցախի տարեգրության էջերը։ Մեր Հայրենիքը փրկվեց բազում նվիրյալների կյանքի գնով, և բոլոր նահատակների և անհայտ կորածների լուսեղեն անունները մշտապես իրենց տեղն ունեն մեր հիշողության մեջ։ Ղարաբաղյան շարժումն իրական համաժողովրդական պոռթկում էր։ Մեր հերոս ժողովուրդը տոկացել է բռնակալների դեմ ու երբեք գլուխ չի խոնարհել, չի ընկճվել թշնամու առաջ։ Բոլոր ժամանակներում եղել ենք հպարտ՝ մեր լեռների պես ու տարել բազում հաղթանակներ։ 

Որպես արցախցի, իմանալով ինչն ինչոց է, անմասն չեմ մնում կատարվող անցուդարձից, պատմական իրադարձություններից։ Համայն հայությունը մեծ շուքով տոնեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, որը նշանավորվեց նորանոր ձեռքբերումներով։ 

Ցանկացած հիշարժան հանդիպումների ժամանակ ես միշտ բարձրաձայնում եմ մեր տղաների կատարածին, նրանց սխրագործություններին` զոհված, թե անհայտ կորած, տալ քաղաքական գնահատական, արժանացնել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչման։ 

Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ վերստին ապացուցեց, որ մենք անպարտ ենք, մենք կանգուն ենք ու այդպիսին կմնանք սերնդեսերունդ։ Հայ կինը միշտ էլ ունեցել է իր ուրույն տեղն ու դերը մեր կյանքում՝ թե՜ հասարակական, թե՜ քաղաքական։ Իմ ընկալմամբ` բոլոր պայմաններում հայ կինը կարողանում է պահպանել իր հոգեկան հարստությունը, որովհետև համբերող է, հարմարվող ու հաշտվող։ Բոլորիս ցանկությունն ու փափագն է մշտնջենական խաղաղությունը թագավորի աշխարհում, մեր անկրկնելի ու դրախտային, իր ողջ պատմության ընթացքում բազու~մ փորձությունների միջով անցած հայրենիքում:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

ք. Ասկերան