[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ Անի Կապլանյանի և Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելեց Քաշաթաղի շրջանի հարավային թև և Կովսականի քաղաքապետարանում հանդիպում ունեցավ Ողջիի հովտի բնակավայրերի երիտասարդության հետ։

Հանդիպմանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը, հարևան համայնքների ղեկավարներ, ակումբավարներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Կովսականի քաղաքապետը ներկայացրեց հյուրերին, մաղթեց արդյունավետ աշխատանք։ Իր հերթին Գ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը կարևորում է Արցախի երիտասարդության շրջանում ինքնիրացման պայմանների ստեղծումը, զբաղվածության խնդրի կարգավորումը, երիտասարդության ակտիվ մասնակցությունը համայնքների զարգացման գործում։ Այս նպատակով համագործակցում են տարբեր գերատեսչությունների հետ, որոնք պատրաստ են աշխատել երիտասարդության շրջանում։ ՙՄիջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն՚ ՀԿ-ի հետ համատեղ մշակել են  ՙՀամայնքային զարգացում` սոցիալական ձեռնարկատիրության միջոցով՚ ծրագիրը, որն իրականացվում է դասընթացների, գործնական աշխատանքների, ոլորտում հաջողություն ունեցած ձեռներեցների հետ հանդիպումների միջոցով։ Դասախոսությունները հիմնականում լինում են այն թեմաներով, որոնք հետաքրքրում են երիտասարդությանը, որոնցով հնարավոր է ապահովել համայնքների զարգացումը։ Փոխնախարարը հավելեց, որ նման հանդիպումներ կայացել են մեր երկրի բոլոր շրջաններում։ Ընթացքում ցուցադրվեց ՙՄիջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն՚ ՀԿ-ի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանի և փոխնախագահ Արեգ Թադևոսյանի իրականացրած դասընթացների մասին տեսաֆիլմը։ 

Երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Անի Կապլանյանն անդրադարձավ երիտասարդության առողջ ապրելակերպին, ազատ ժամանակի կազմակերպմանը, երիտասարդական հասարակական կազմակերպություններին և երիտասարդությանը հուզող այլ խնդիրների։ Ա. Սարգսյանը ներկայացրեց նախարարության հետ կապ հաստատելու միջոցները` հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները և այլն։ Համատեղ աշխատանքներ իրականացնելու ծրագրեր մշակելու ընթացքում որոշվեց, որ հուլիսի 7-8-ին տարածքի երիտասարդներն կայցելեն Դադիվանք։ Տեղափոխման հարցը կլուծվի նախարարության և Կովսականի քաղաքապետարանի կողմից։ Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, արվեցին առաջարկություններ։ 

Գ. Գրիգորյանն անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերի ևս, ինչպիսիք են ՙՄշակութային խաչմերուկ՚-ը, ՙԸնտանեկան ճամբար՚-ը, ՙԵրիտֆորում՚-ը և այլն, և կոչ արեց համայնքները մասնակցեն դրանց։ Ներկաներն անդրադարձան իրենց հուզող հարցերին, կարևորեցին Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակման խնդիրը: Մարտ ամսին ուժեղ քամիները վնասել են հեռուստաաշտարակը,  խափանվել է հեռարձակումը։ Քննարկվեցին այլ հարցեր ևս։ Հանդիպումից հետո եղավ այցելություն Կովսականի քաղաքային համայնքի կազմում գտնվող Դիցմայրի գյուղ։ 

 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 ք. Բերձոր