[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՐԱԶԱՏԻՑ ԷԼ ՀԱՐԱԶԱՏ Է՚

 ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի զոհվելու 25-րդ տարելիցի օրը Արցախ էին ժամանել  Ավոյի հարազատներն ու մարտական ընկերներն աշխարհի տարբեր ծագերից։

Նրանց թվում էր նաև Մոնթեի կինը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Սեդա ԳՊՐԱՆՅԱՆ-ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։ Մեր թղթակիցը հանդիպել ու զրուցել է նրա հետ։

-25 տարի շարունակ զրուցել եմ Ավոյի մարտական ընկերների, նրա հարազատների, նրան մոտիկից ճանաչողների ու նույնիսկ չճանաչողների հետ և հանգել այն մտքին, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր Ավոն: Յուրաքանչյուրն իր հոգում, սրտում կրում է այդ թանկ ու նվիրական անունը, կերպարն այն մարդու, ով հայրենիքին ծառայելու, նվիրվելու խորհրդանիշ է դարձել ողջ հայության համար։

Դուք նրա գաղափարական, մարտական, հետագայում` նաև կյանքի ընկերուհին եք եղել, ո՞րն է նրա տեղն ու դերը Ձեր կյանքում։

-Այս քառորդ դարը, որ ապրեցինք առանց Մոնթեի, անցավ մեկ օրվա պես, և դա այդպես է թվում հենց այն պատճառով, որ նա մշտապես մեզ հետ է։ Կան մարդիկ, որոնք ապրում են մեր կողքին, բայց չենք զգում ոչ նրանց ներկայությունը, ոչ էլ տեսնում կատարած աշխատանքը։ Մոնթեն կենդանի է իր գործով, համոզմունքով, պատգամներով և իր ապրած կյանքով մեզ օրինակ է ծառայում։ Անձամբ ինձ համար նա միշտ իմ կողքին է, և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ ինքս ինձ հարցնում եմ. ի՞նչ պիտի մտածեր Ավոն իմ այս կամ այն քայլի մասին։ Ես միշտ մտքով զրույցի մեջ եմ նրա հետ և բախտավոր եմ, որ շատ-շատ նամակներ ունեմ նրանից, որոնք մասունքներ են ինձ համար։ Տարվա մեջ առնվազն երկու անգամ հոդվածներ եմ գրում  և յուրաքանչյուր հրապարակման մեջ նամակներից մի պարբերություն եմ մեջբերում և խոսքս  կառուցում այդ պարբերության վրա. դրանք Հայաստանին ու հայությանը վերաբերող մտորումներիս առանցքն են կազմում։ Այդ նամակները ես արդեն թվայնացրել եմ։ Մոնթեի մայրիկն էլ ինձ ժառանգություն թողեց ընտանիքին գրված նամակները։ Հուշագրություններիս  գիրքն ավարտելուց հետո (որը պայմանականորեն անվանել եմ ՙՍուրբ ազատամարտիկն իմ կյանքում՚) մտադիր եմ ի մի բերել և տպագրել նրա նամականին։ Նրանց մեջ չափազանց անձնական բաներ կան, որոնք չէի ուզենա, որ իմ կենդանության օրոք տպագրվեին, միաժամանակ ափսոսում եմ, որ ժողովուրդը չպիտի իմանա, թե ինքն ինչի մասին էր գրում։ Երբ մենք երկար ժամանակով բաժանվում էինք, նա գտնում էր, որ իրեն ճանաչելու լավագույն ձևն իր մասին գրելն է, ուզում էր, որ ես լավ ճանաչեմ իրեն։ Չափազանց հետաքրքրական ու անկեղծ են այդ նամակները, և դա զգացվում է ամեն մի բառից, ամեն մի տողից։ Հույս ունեմ` ժողովուրդը դրանց մի մասը գոնե կկարդա։ Ինքը՝ Մոնթեն, չափազանց մեծ տարիք ունի։ Երբեմն մտածում եմ, որ նա մարգարեացել է։ Անգամ այս Շարժման մասին, ժողովրդի մասին, սկզբունքների մասին ինքն այն ժամանակ էլ խոսում էր։ Օրերս ՙՀետք՚-ում մի հոդված հրապարակեցի, էլի նրանից մեջբերումներով, որտեղ նա խոսում է կանանց դերի մասին, գրում է, թե ինչքան կարևոր է, որ կանայք հավասար լինեն տղամարդկանց հետ, այն իմաստով, որ իրենք երբեմն անգամ ավելի խելացի են ու ավելի  ընդունակ, քան տղամարդիկ։ Եվ պետք չէ սահմաններ դնել կնոջ և տղամարդու միջև։ Ավոն այսօր գոնե մեր ընտանիքի համար մշտական ներկայություն է, և երբ յուրաքանչյուր նոր տարի անցկացնում ենք եղբոր` Մարգարենց տանը, ինքը մշտապես մեր կողքին է։

-Արցախում վերջին անգամ եղել եք Ավոյի զոհվելու 20-ամյակին, հինգ տարի անց կրկին այստեղ եք, ի՞նչ զգացողություններով եք համակված։

-Հարազատից էլ հարազատ է Արցախն ինձ համար... Այսօր գնացինք Մարզիլու, որտեղ զոհվել է Ավոն, հետո Մարտունիում միջոցառումներին մասնակցեցինք, Ավոյի աղբյուրի մոտ եղանք։ Ամենահետաքրքիրն այսօր ինձ համար Ննգի գյուղի ճանապարհով հետ գալն էր։ Այդ  ճանապարհին շատ երկար ժամանակ չէի եղել։ 90-ականներին, երբ ես Արցախում էի, մենք փորձում էինք ամեն րոպե իրար հետ լինել, ժամանակն օգտագործելում անչափ ժլատ էինք։ Երբ նրան Ստեփանակերտ ժողովի էին կանչում, նրա հետ գալիս էի, վարորդի` Կոմիտասի հետ միասին սպասում էի մեքենայի մեջ, մինչև դուրս կգար ժողովից, ու հետը կրկին Մարտունի էի գնում։ Այսպես գնում¬գալիս էինք Ննգու ճանապարհով` փոսեր, քարուքանդ։ Այսօր դառնացա` այդ ճանապարհն անցնելուց տրվելով հիշողությունների: Մոնթեն մտովի հետս էր...ինչ թաքցնեմ` դարդոտված էի: 

-Ղարաբաղում այսօր Մոնթեներ ու Ավոներ են ծնվում, անգամ Ավոյի քրոջ Մայլեի անունով են մայրերը կոչում  իրենց դստրերին, ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը։

-Իհարկե, շոյված եմ, որ Ավոյի անունն այսքան տարածված անուն դարձավ։ Հայաստանում էլ նրա անունն արդեն տարածված է, ցավով տեղեկացա, որ 2016թ. ապրիլյան առճակատման օրերին զոհերից մեկի անունը Ավո էր։ Անմիջապես իմ սիրտը ցավաց, որ այդ ջահել տղան զոհվեց, զոհվեց, երբ դեռ Ավոյի տարիքին էլ չկար։ Մեծ ցավ ապրեցի ու դառնացա։

-Երբևէ Ձեր մտքով անցե՞լ է, որ Ավոն իր արածին համեմատ չի գնահատվել։

-Ամենևին, նա համաժողովրդական սիրո արժանացավ, կենդանության ժամանակ էլ նա դա զգում էր։ Ինքն այնքան համեստ մարդ էր, որ շատ անհանգիստ կլիներ, երբ իմանար, որ նման փառքի է արժանացել։ Մի ուրիշ կարևոր հարց էլ կա. մարդուն այդպես աստվածացնելն, իմ կարծիքով, սխալ է, ես վատ եմ զգում, Մոնթեն էլ հաստատ վատ կզգար, ուրիշ զոհեր էլ կան, ամեն մարդու զոհն իր համար շատ ցավալի էր: Հասկանում եմ, որ Մոնթեն յուրահատուկ կերպար էր, գուցե դրա մեջ ուրիշ ազդակներ էլ կային, նրա` դրսից եկածի հանգամանքն էլ կար, իր ծայրահեղ բարի, ազնիվ, անկաշառ լինելն էլ դեր խաղաց, նրա բարոյական կերպարը մարդկանց աչքերում տարբեր էր։ Այդ  բոլորը հասկանալով հանդերձ, մի բան պիտի ասենք, որ ինքն ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, իր կենսաձևն էր այդպիսին։ Ժամանակ առ ժամանակ ասում էր, թե ինքը մեծ սխալներ է գործել և շատ էր զղջում  դրա համար, բայց ինքն այդ սխալներից սովորեց և հենց դրանք կանխելու համար դարձավ ավելի լավը։ Այդ սխալներից մեկն էլ անմեղ քաղաքացուն, թեկուզ թշնամի լինելուն, վնաս հասցնելն է։ Քարվաճառում նա ամեն  ինչ արեց, որ անմեղ տուժողներ չլինեն։ Ինձ մի բան է անհանգստացնում, որ  հաճախ աղավաղում են Մոնթեի կերպարը։ Իհարկե, ոչ վատ մտադրությամբ, բայց անում են։ Մարդիկ հաճախ իրենց հասկացողությամբ ամեն լավը, դրականը վերագրում են Ավոյին։ Փոքր շտրիխներ կան, որ ավելացնում են նրա կերպարին, բայց դա նրանը չէ, նրա կերպարի հետ ոչ մի աղերս չունի։ Տան մեջ մենք հավասար էինք, եթե ես աշխատում եմ` նա անպայման ինձ հետ հավասար պիտի աշխատի։ Անգամ նամակներ էր գրում. ՙԵրբ մենք երեխա ունենանք, ես նույնքան պիտի նայեմ նրան, որքան դու՚։ 

Ավոյին երբեմն վերագրում են բաներ, որոնք նրա բնավորության հետ ոչ մի աղերս չունեն։ Փորձում եմ այնպիսի հատվածներ տպել նրա նամակներից, որոնք անաղարտ պիտի դարձնեն Ավոյի կերպարը։ Հաճախ են նրան ասում` վրիժառու մարտիկ։ Մոնթեն ատում էր ՙվրեժ՚ բառը։ Երբ Վրեժ անունով մեկին հանդիպում էինք, ասում էր՝ Սեդա, մեղք է չէ, անունը Վրեժ են դրել։ Չէր ընդունում վրեժի գաղափարը, ասում էր` դա մոլեռանդության պես բան է։ Կամ, ասենք` Գարեգին Նժդեհն իր նախասիրած հերոսներից չէ, բայց բոլորն ասում են` Նժդեհական Մոնթե։ Անդրանիկին սիրում էր, Ստեփան Շահումյանին շատ էր հարգում։ Առավել շատ հակված էր առաջադիմական, սոցիալ¬դեմոկրատական գաղափարախոսությանը։ Դեմ էր կապիտալիզմին։ Հիմա կարգերն էլ են փոխվել, բոլորը դեմ են սոցիալիզմին, բոլոր մեղքերը բարդում են սոցիալիստական հասարակարգի վրա, չնայած մենք շատ բան ունենք սովորելու  այդ հասարակարգից, Մոնթեն էլ էր այդպես մտածում։ Շատ բաներ կան, որ հայ տղամարդիկ չպիտի սիրեին, որ ինքը այդպիսին է, բայց դա է իրականությունը։ Նա և՜ ճաշ էր սիրում եփել, և՜ լվացք էր անում, չէր թողնի, որ ես աշխատեմ, իսկ ինքը պարապ նստի։

-Հավանաբար բնավորության այդ գծերից էր, որ թեկուզ պաշտպանական շրջանի հրամանատար էր, բայց ամենից առաջ նա զինվոր էր։

-Նա խրամատի զինվոր էր: Նոր հագուստները ստանում էինք, ասում էր` նախ զինվորներին, հետո, եթե ավելորդ մեկը մնար, իրեն կվերցնի։ Նրա համար առաջինը զինվորն էր, նույնն էլ ուտելիքն էր և մնացած բաները։ Հիշում եմ` մի անգամ պիստակի յուղ էին ընկերներն ուղարկել Ամերիկայից, բարձր կալորիականություն ունեցող ուտելիք էր: Մտածեցի` լավ է, օրերով բան չէր ուտում, ճամպրուկը բերեցի Մարտունի, որոշեցի տուփով դնել ավտոմեքենայի մեջ, Կոմիտասին խնդրեցի, որ հիշեցնի օրվա մեջ մի երկու գդալ գոնե ուտի։ Հենց իմացավ` բարկացավ, տար պահեստ` ասաց: Իմ ձեռքով տարա հանձնեցի պահեստ։

-Ներկայում Դուք ապրում եք  Ալյասկայում, մեկ-մեկ կարոտո՞ւմ եք Մարտունին։

-Շատ եմ կարոտում... Սակայն կարծում եմ, որ այդ հեռավորությունը շատ հարաբերական է, ես միշտ մտքերով այն վայրերում եմ, որտեղ Մոնթեի հետ եմ եղել։ Արցախը և Մարտունին մասնավորապես այն վայրն է, որտեղ ես՝ ես եմ, որտեղ լիարժեք եմ և հանգիստ ու հաշտ եմ ինքս ինձ հետ։ Հուշագրություններիս գրքի վրա աշխատելով զգում էի, որ չեզոք գոտին ինձ օգնում է: Հեռվից նայելով անցած¬գնացած օրերին, այլ աչքով ես նայում քո գլխով անցածին, փորձում ես ավելի արդարացի լինել մտքերդ շարադրելիս։ Ուր էլ գնում եմ, Մոնթեն միշտ ինձ հետ է։ Նրա մասունքներից կրում եմ պարանոցիս, իսկ նրա նամակները թալիսմանի պես ուր գնում եմ հետս  տանում եմ։

-Ե՞րբ կրկին կգաք Արցախ։

-Մտածում եմ, որ հինգ տարին շատ երկար է, կփորձեմ տարին գոնե մեկ անգամ գալ։ Գրքերի շնորհանդեսներն էլ անպայման այստեղ` Ղարաբաղում կանեմ։ Մոնթեն միշտ ասում էր` այն, ինչ ինձ է վերաբերում, քեզ էլ է վերաբերում, և այն, ինչ քեզ է վերաբերում՝ նույնպես  ինձ է վերաբերում։  Երկուսս էլ ուզում էինք նույնանալ, և ես Մելքոնյան ազգանունը կրում եմ հպարտությամբ։ Մենք դեռ ամուսնացած չէինք, ինքը բանտում էր, իսկ ես՝ Անգլիայում: Հիշում եմ, նամակ գրեցի և ստորագրեցի. Սեդա Մ., այնպես էր ուրախացել, անգամ շատ փոքր բաներ նրա մոտ մեծ իմաստ  էին ստանում։ Մենք գաղափարապես շատ էինք իրար նման,  այն օրվանից, ինչ եկավ և ինձ գտավ Լիբանանում, հասկացանք, որ նույն ուղղությամբ ենք նայում։ Այդ ժամանակ ես 15 տարեկան էի, սպասեց մեծանամ, որ ամուսնանանք, որ խոստովանի իր զգացմունքների մասին։ 

Այսօր Մարտունիում հանդիպեցի Ավոյի մարտական ընկերներին՝ Հայկին, Աբրիկին, վերհիշեցի, վերապրեցի այն տարիները. ցուրտ, անձրև, ցեխ, ուտելիք չկար, բայց ժամերով նստում էինք զրուցում: Որքան էլ դժվար տարիներ էին, բայց հիշելու շատ բան կա։ Նախաճաշին թեյ էին տալիս, կարագ ու հաց, Ավոն կարագը հացի հետ չէր ուտում: Հացը կծում էր` թեյից խմում, և շատ հաճախ դա իր ողջ  օրվա ուտելիքն էր, իսկ նա օրերով դրսում էր, անկախ եղանակից ու մարտական իրադրությունից... Հիշելու-վերհիշելու այնքա՛ն բան  կա, որ մի կյանք էլ պիտի ապրեմ՝ այն գրի առնելու համար։  Հուսով եմ, կհասցնեմ։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ