[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱԼԻՇ. ՕՋԱԽԻ ԾՈՒԽԸ

Ապրիլյան քառօրյա պատերազմից կրկին ավերվեց Թալիշը՝ Արցախի հյուսիսային դարպասը։ Գյուղ, որի ակունքները հասնում են մինչև քարե դար, գյուղ, որի բնակիչները հպարտանում են մինչև 18-19-րդ դար հասած հայկական պետականության վերջին բեկորներով՝ Մելիք Բեգլարյանների իշխանական տոհմով, որի մի ներկայացուցչի՝ Թալիշ բեկի անունով 1808թ. գյուղը կոչվել է։

Մինչ այդ բնակավայրը անվանում էին Թարինջ, և այն գտնվում էր Հոռեկա վանքի շրջակայքում (դրանից էլ` մի ժամանակ կրում էր Հոռեկ անվանումը), անտառի մեջ, ներկայիս Թալիշ գյուղի գերեզմանատան տեղում։

Պատմությունից հայտնի է, որ Շամիրխան Մելիք-Բեգլարյանը եղել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի անձնական թարգմանիչը Թավրիզում։ Հոռեկա վանքը, որ հիմնադրվել է մ.թ. 5-7-րդ դարերում, թալիշեցիների և շրջակա բնակավայրերի համար ուխտատեղի, սրբավայր էր։ Մովսես Կաղանկատվացու ՙՊատմության՚ մեջ նշվում է, որ վաղ միջնադարի բանաստեղծ Դավթակ Քերթողը իր ՙՈղբը՚ գրել է Հոռեկա մենաստանում։ Պատմությունը նաև փաստում է, որ Հոռեկա վանքի մերձակայքը եղել է Վաչագան Բարեպաշտ թագավորի ամառանիստը։ Գյուղ այցելած ծանոթ-անծանոթներին թալիշցիները հպարտությամբ են մատուցում այս ամենը։ 

Տարբեր ժամանակներում մի քանի անգամ գյուղը հիմնահատակ ավերվել է օտար զավթիչների՝ թուրքերի, պարսիկների, այլ ցեղերի կողմից։ Բնակիչները մի քանի անգամ հեռացել են, տարիներ անց վերադարձել (մելիքությունների օրոք)։ Կարճատև գաղթ եղել է 1920թ. հայ-թուրքական ընդհարումների հետևանքով, որի մասին պատմել են գյուղի տարեցները: Խոշոր և երկար ժամանակով տեղահանություն եղավ Արցախյան պատերազմի ժամանակ (1992-1994թթ.): Ավելին, գյուղն ավերվեց, բայց թալիշցին հայտնի է առասպելական աշխատասիրությամբ, իր բնակավայրի, հողի, պատմության, հիշատակների հանդեպ պաշտամունքով։ Միշտ վերադարձել է, ստեղծել օջախ ու ընտանիք, գյուղ։

ՙ...Ծիծեռնակը բույն է շինում, և շինում է, և երգում, Ամեն մի  շյուղ կպցնելիս առաջվա բույնն է հիշում՚.  բանաստեղծությունից` երկտող, որ սերտել ենք մանուկ հասակում, առանց հասկանալու փոխաբերական իմաստը, ու փորձեցի հիշել նաև, թե տարրական դասարաններում ուսուցիչն ինչպես է մեկնաբանել բանաստեղծության իմաստը, ու չկարողացա հիշել։ Համենայն դեպս, դասական բանաստեղծություն է ու` շատ տխուր բանաստեղծություն։ 

Ապրիլյան քառօրյայից հետո գյուղում սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Պատրաստ է հանդիսությունների տունը, որտեղ թալիշցիները հարսանիք ու ծնունդ են տոնում։ Գյուղում կառավարության ծրագրով արդեն վերականգնված տներ կան։ Դպրոցի և մանկապարտեզի նորակառույց շենքերի վրա շինարարական վերջին աշխատանքներն են կատարվում։ 

...Համատարած լռություն է, հիասքանչ բնության և բաց վերքերի պես ավերված տների հակադիր պատկեր։ Խորհրդային տարիներին իմ առաջին գործուղումներից մեկը Թալիշ է եղել։ Հզոր, հարուստ, մեղվափեթակ հիշեցնող տնտեսություն: Հսկայական հողատարածություններ՝ վարելահողեր, մարգագետիններ, զբաղվում էին խաղողագործությամբ, հացահատիկի արտադրությամբ, անասնապահությամբ։ 

Թալիշը հինավուրց և ավանդապաշտ գյուղ է։ Ուրախություն լինի, թե տխրություն, այցելում են նախնիների շիրիմներին, խունկ են ծխում, աղոթում։ Այս տարածքում են գտնվում Մելիք Բեգլարյանների վերջին ներկայացուցիչների գերեզմանաքարերը։ Կածանով մի քանի մետր բարձրանում, փորձում ենք հասնել պատմական այդ վայրը, բայց դեմ ենք առնում անանցանելի մացառուտի ու հետ ենք քաշվում։ 

Հետդարձի ճանապարհին մտնում ենք գյուղի մեջ կանգուն մնացած եկեղեցին, որի կառուցումն սկսվել է 19-րդ դարի վերջին, ավարտվել 20-րդ դարի սկզբին։ Ծավալով մեծ եկեղեցի է, կամարակապ չորս հաստ սյուների վրա հենվում է կամարաձև առաստաղը։ Մինչև 1925 թվականը եկեղեցին գործում էր, 1925-1959 թթ. նրա շենքը ծառայել է որպես մշակույթի տուն, իսկ երբ գյուղը նոր ակումբ ունեցավ, շենքն օգտագործվել է որպես պահեստ։ Ինչ նշանակության որ օգտագործվել է` ըստ այդմ ՙնորոգումներ՚ են կատարվել, այնուամենայնիվ, քանի որ օգտագործվել է, շենքը պահպանվել է։ 

Մեր Թալիշ գնալու առիթը Օհանյան Արամի ծննդյան 60-րդ տարեդարձն էր։ Արամը Արցախյան պատերազմի վետերան է, վիրավորվել, նորից շարք է մտել, պարգևներ ունի:

Մթնշաղի հետ վառվում են նորակառույց փողոցի լույսերը, իսկ բլրալանջին՝ ավերակ տների շարքում, մեն-մենակ մի լույս էր վառվում։

...Նորակառույց փողոցը լցվեց աղմուկով։ Թալիշ են եկել թալիշցիները, եկել են Ալաշանից, Մատաղիսից, Ստեփանակերտից, Արցախի այլ բնակավայրերից, Հայաստանի Աբովյան քաղաքից։ Եկել էին Արամի նախկին զինակից ընկերները։ Եկել էր այսօր առաջնագծում ծառայող որդին՝ Ալեքն  ընկերների հետ: Ոմանք չէին հասցրել նույնիսկ փոխել զինվորական համազգեստը։ 

Հանդիսությունների հիանալի սարքված սրահը տեղավորեց մի ամբողջ գյուղ։

Հավաքվել էր Օհանյան Սուրենի գերդաստանը։ Սուրենը Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, երկրորդ կարգի հաշմանդամ։ Ութ երեխա էր մեծանում նրա ու Հայկայի ընտանիքում։ Որը բարձրագույն կրթություն ստացավ` գյուղ չվերադարձավ։ Հայրն անհանգստանում էր, որ տան, օջախի դարպասը փակ չմնա։ Երեխաներից ամենափոքրը՝ Արամը, մնաց գյուղում, վառ պահեց օջախի ծուխը։ Վերականգնված տներից մեկը Արամինն էր, մտավ, տան լույսը վառեց, հիշեց, հիշեցրեց հոր և իր  միջև խոսակցությունը ՙդարպասը բաց պահելու՚ մասին։ Իրականում դարպասը բաց էր, դուռը դեռ տեղադրված չէր, որը հումորի առիթ դարձավ։ Արամի հպարտությունը Ալեք որդին է (բարձրագույն կրթությամբ, ավագ սպայական կազմից), ապրիլյան քառօրյա պատերազմում աչքի ընկավ, գյուղի հպարտությունն է, 3 երեխա ունի։ Արամի աղջիկը՝ Լիլիթը, Մատաղիսում ուսուցչուհի է, չորս երեխա ունի, ամուսինը ծառայում է Պաշտպանության բանակում։ Մյուս դուստրը՝ Թագուհին, բազմազավակ մայր է, ամուսինը նույնպես զինվորական ծառայության մեջ է։ 

Թալիշցիները կարծես առիթ են փնտրում գյուղում հավաքվելու, միասնության, համերաշխության, հույսի ու վերադարձի խոսքեր հնչեցնելու, ուրախանալու, հիշելու:

Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի հետ մեր զրույցը գյուղի առօրյայի, հոգսերի, կարոտի ու վերադարձի մասին է: 

Վիլեն ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Թալիշն իր շունչն ունի, թալիշցին՝ իր։ Այսօր՝ առանձին¬առանձին։ Ես այսօր Ալաշանի մասին խոսում եմ որպես գաղափար, որպես  գոյություն, որպես իրողություն։ Ալաշանը թալիշցիների համախմբվածության գաղափարն է, Թալիշի տեսլականն իր կենցաղով, ավանդույթներով, սովորություններով։ Թալիշը մնում է, և Ալաշանի գոյությունն ինձ ու թալիշցիների համար մեծ արժեք է։ Թեկուզ այնտեղ ապրում է 46 ընտանիք` 180 բնակիչով, կան դպրոց՝ 31 աշակերտով, գյուղապետարան, բուժկետ, գործում են առևտրի կրպակներ։ Ալաշանը Թալիշի փոքրացած մոդելն է։ Թալիշցին ապրում է, պահպանում իր նիստն ու կացը, թալիշցիները վիճում¬կռվում են իրար հետ, երբեմն վեճը հասնում է հայհոյանքների, բայց սա ... Թալիշն է, իրար հետ լեզու գտնող, իրար հետ համերաշխ։ Ալաշանը տարածք է, որ տրամադրվել է Թալիշին, և սա այն ներկան է, որ կապում է Թալիշի անցյալը Թալիշի ապագայի հետ։ Ալաշանում պահպանվում է Թալիշի գենը։ Մնացած ամեն ինչը դրանից է ածանցվում։ Ալաշանում պայմաններ կան ստեղծված, որ թալիշցին ապրի այս տարածքում։ Ջուր ենք քաշել, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ զբաղվելու համար տարբեր ծրագրեր ենք իրականացնում, և թալիշցին օգնության չի սպասում։ Ժողովուրդն այս փոքր տարածքում հաց է վաստակում։ Ճիշտ է, հողագործական մեծ տնտեսություն վարելու հնարավորություն չկա, վարելահողեր չկան, բայց իրենք իրենցով ապրում են։ 

...Թալիշն իմ ծննդավայրն է։ Իմ հոր հայրը՝ Շամիր վարժապետը, ռուսական ցարի ժամանակ բեկի կողմից ուղարկվել է սովորելու  Կազանի համալսարանում, ետ է եկել գյուղ, դպրոց հիմնադրել, ռուսաց լեզու դասավանդել։ Հայրս էլ էր մանկավարժ։ Ես ավարտել եմ գյուղատնտեսական ինստիտուտը, ընդունվել գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, Մոսկվա գնալու սովորելու հնարավորությունը բաց եմ թողել, ինձ համար ընտրել այս ճանապարհը, որ արդեն շարունակվում է շուրջ 25 տարի։ Իմ գիտական կարիերան ընդհատվեց, երբ որոտացին հրանոթները: Մնացինք ես ու իմ Թալիշը. 25 տարի Թալիշի գյուղապետն եմ։

 1994-ին վերադարձանք Թալիշ ու սկսեցինք վերականգնել։ Իմ կողքին 100 ազատամարտիկ կար։ 100 ընտանիք կար, 623 բնակիչ, երիտասարդական ուժեղ թիմ։ Պապս այս գյուղում է ապրել, հայրս` նույնպես, ես Թալիշով եմ ապրում, բայց սրտիս մեջ ցավ ու տագնապ կա՝ իմ տղան Թալիշո՞ւմ է ապրելու։ 

Այսօր գյուղում հավաքվելը, հարսանիք ու ծնունդ անելը գաղափար է, մեծ արժեք է։ Սա մեր ապագան է, մեր երազանքը, որ վաղը, մյուս օրը պիտի իրականություն դառնան։ Ալաշանում ապրող թալիշցին մտածում է վերադարձի մասին։ Նա չի գնացել ուրիշ տեղ կյանք որոնելու, այսինքն՝ հույսը ապրեցնում է։ Այս պահը թելադրել է, որ Ալաշանում ապրեն, և Ալաշանը կապ է ստեղծում Թալիշի հետ, որտեղ բարեկեցիկ պայմաններ են ստեղծվում։

Թալիշը, որտեղ անցել է իմ մանկությունը, այն Թալիշը, որտեղ ես ղեկավար եմ եղել, քարը քարին ենք դրել, յուրաքանչյուր թալիշցու հոգու մեջ է։  

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ