[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԻՐ ՄԵՋ ԿՐՈՒՄ Է ՀԱՅ ՄՈՐ ԸՄԲՈՍՏ ՈԳԻՆ

Հասմիկ Միքայելյանը Արցախի ազգային-ազատագրական  շարժման ակտիվիստներից է, ՙՄայրություն՚ հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահը։

 Ծնվել է 1948թ. հուլիսի 6-ին,  Բաքու քաղաքում։

1969թ. ավարտել է Ադրբեջանի  Մ. Ախունդովի անվան լեզուների պետական  ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1970թ.-ից սկսած նա ծավալել է  հասարակական և պետական  գործունեություն. եղել է կոմերիտմիության ԼՂ մարզկոմի քարտուղար (1970-1978), կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի քարտուղար (1978-1990), 1970-1990թթ. Հ. Միքայելյանը Ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավոր էր։

1992թ. օգոստոսին նրա հեղինակությամբ ստեղծվել է ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդներին՚ հուշամեդալը, որը հաստատվել է ԼՂՀ կառավարության կողմից։ Մեդալը ԼՂՀ առաջին պարգևն էր, որը ձուլված է  արկի բեկորներից։

 2001-2007թթ. Հ. Միքայելյանը  եղել է ԼՂՀ  ՊԲ  թանգարանի պետը։ Հայրենիքին անբասիր ծառայելու, մեր պետականությունն ամրապնդելու, նրա կառուցմանը, բարգավաճմանը նպաստող գործունեության համար արժանացել է ՙԱշխատանքային արիություն՚, ՙԱնբասիր ծառայության համար՚, ՙԵրկրապահ՚, ՙԾովակալ Իսակով՚, ՙՄխիթար Գոշ՚ և մի շարք այլ պետական ու գերատեսչական մեդալների։ Վերհիշելով անցած տարիները` տիկին Միքայելյանն  անկեղծանում է. ՙ1990թ.  դեկտեմբերի 1-ին ես մեկնեցի ԱՄՆ, այնտեղ տեսա բոլորովին ուրիշ երկիր, կապիտալիստական  երկիրն իր ողջ ՙէությամբ՚ հառնեց իմ առջև։ Մենք անվերապահորեն հավատում էինք վերակառուցման գաղափարին և երբ 88-ի սկզբներին մեկամսյա կուրսերի ժամանակ Մոսկվայում Վերակառուցման արդյունքներին էինք ծանոթանում, լսում ելույթներ, ինձ համար պարզեցի, որ այն քարոզչությունը, որ մենք տանում էինք կուսակցության անունից, տարածում էինք մարքսիզմ-լենինիզմի գաղափարները, բոլորովին սին է եղել: Հենց այդ տարիներին էլ Ա. Սախարովի և Ա. Սոլժենիցինի նման այլախոհների իսկական կերպարի հետ ծանոթացանք, մեզ համար բացվեցին փակագծերը, բոլոր գաղտնիքները։ Մենք իմացանք, թե իրականում ինչ խայտառակ քաղաքականություն էր տանում կոմունիստական կուսակցությունը լճացման տարիներին: Պարզվում էր, որ ինչի հավատում էինք, դավանում էինք` ընդամենը եղել  են փուչիկներ, օճառի պղպջակներ: Ես ամաչեցի, որ կուսակցական եմ, տարիներ ի վեր գաղափարական քարոզչություն եմ տարել, խաբվել և խաբել եմ իմ ժողովրդին։ Երբ ես Մոսկվայից վերադարձա հիասթափված և տեղեկացա, որ մեզ մոտ ստորագրություններ են հավաքում Հայաստանի հետ վերամիավորման համար, մտածում էի, որ սա Ադրբեջանի կողմից տարվող սխալ քաղաքականության արդյունք է: 

Ես, ճիշտն ասած, ոգեշնչված էի ժողովրդի տրամադրությունից ու տրամադրվածությունից, որքան էլ որ այն ինձ համար  անսպասելի էր։ Մենք ականատես ենք եղել, թե ինչ է կատարվել  1968թվականին  և մեր կուսակցական աշխատողներն ու մտավորականներն ինչպիսի հարվածներ են ստացել, զրկվել են պաշտոններից, մի մասն էլ վռնդվել ու արտաքսվել է տարբեր պատրվակներով։

 Մի խոսքով, վերադառնալով Մոսկվայից` դիմում ներկայացրի կուսակցության քաղկոմի առաջին քարտուղար Վալերի Աթաջանյանին և խնդրեցի ինձ ազատել  աշխատանքից` ասելով` դուրս եմ գալիս կուսակցությունից և հրաժարվում իմ պաշտոնից։ Հետո այնպես ստացվեց, որ Վ. Աթաջանյանը տեղափոխվեց այլ աշխատանքի, և տեղը նշանակվեց Հրանտ Մելքումյանը։ Հրանտը, տեսնելով իմ դիմումն, ասաց. ՙԴու դավաճանում ես մեր կուսակցությանը, դժվար պահին լքում ես, երբ նա քեզ տուն է տվել, գործ է տվել...՚, և նրանք, առանց իմ գիտության, գաղտնի պլենում են հրավիրում ու ինձ վռնդում կուսակցությունից՚։

Ապրելու և գործելու մի նոր շրջան է սկսվում կուսակցական աշխատանքի բովում  թրծված Հ. Միքայելյանի համար։ 1988-1990թթ. նա անձամբ նախաձեռնել և մասնակցել է մի շարք հասարակական-քաղաքական միջոցառումների՝ պատմական նշանակության միտինգների, ժողովրդական դեպուտատների մարզային և քաղաքային խորհուրդների նստաշրջաններում հանդես եկել ելույթներով։ 1987-1990թթ. կատարել է Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հատուկ առաջադրանքը, որը վերաբերում էր Ռուսաստանի և Ադրբեջանի ՕՄՕՆ-ի տեղակայմանը, նրանց ռազմական հնարավորություններին,  բարոյահոգեբանական  տրամադրվածությանը։

Համագործակցելով ԼՂԻՄ քաղպաշտպանության շտաբի պետ գնդապետ Գեորգի Պետրոսյանի և միլիցիայի գնդապետ Միքայել Պետրոսյանի հետ` տեղեկություն է տրամադրել  ՙԿռունկ՚-ի լիդերների ձերբակալման վտանգի մասին։ Համագործակցել է նաև գնդապետ Ալեքսեյ Պոլոզովի, Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու հետ, ինչը հնարավորություն է տվել Շարժման բազմաթիվ ակտիվիստների փրկել ձերբակալությունից և պատասխանատվության ենթարկելուց։

1988թ. փետրվարի 14-ին, երբ դեռևս Ստեփանակերտի քաղկոմի քարտուղարն էր, համագործակցելով Անդրկովկասյան զինվորական օկրուգի ղեկավարության և ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Չեբրիկովի հետ` Ստեփանակերտում տեղակայված մոտոհրաձգային գնդի աջակցությամբ կանխվել է Աղդամից հազարավոր ազերիների հարձակումը։ Արյունահեղության կանխման մասին տեղեկացնելով Մոսկվայում գտնվող Արցախի պատվիրակության անդամներ Ռ. Քոչարյանին, Վ. Հակոբյանին, Ք. Առաքելյանին` Վ. Չեբրիկովը հատկապես ընդգծել է քաղկոմի քարտուղարի նախանձախնդրությունն ու հետևողականությունը։

Արցախյան շարժմանը զուգահեռ ծնվեց ԱՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության ստեղծման գաղափարը: Պաշտոնապես այն ստեղծվել է 1988թ. մայիսի 25-ին։ 

Ազատագրական շարժման առաջին իսկ օրերից կանանց կազմակերպութունը դարձել է յուրատեսակ քաղաքական շտաբ` ընդդեմ  ադրբեջանական իշխանությունների կամայականությունների, ազգային ինքնորոշման, մարդու, մոր և մանկան, ընտանիքի իրավունքի ոտնահարման:

30-ամյա պայքարի ձևերը տարբեր էին՝ քաղաքական հանրահավաքներ, ցույցեր, գործադուլներ, հացադուլներ, բողոքի հեռագրեր ու դիմումներ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքի՝ աշխարհի բազմաթիվ գործող կազմակերպություններին։

Արցախի կանանց պատգամավորական խմբերը Հ. Միքայելյանի գլխավորությամբ մեկնեցին ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Կիև, Մինսկ, ՀՀ բազմաթիվ բնակավայրեր՝ տեղերում հանրահավաքներ ու հացադուլներ կազմակերպելու նպատակով։ 

Հանդիսանալով փախստականների ընդունման հանձնաժողովի նախագահը` նրա ջանքերով սոցիալական, նյութական, ֆինանսական օգնություն ցուցաբերվեցին տասնյակ-հազարավոր փախստականների, որբ երեխաների, վիրավորների, բազմազավակ ընտանիքների, հղի կանանց։ Տրվեցին միջնորդություններ անվճար կամ զեղչային վճարով բուժման, պրոթեզավորման, ախտորոշումների և անվճար դեղամիջոցների հատկացման համար։

Աջակցություն ցուցաբերվեց ֆիդայական ջոկատներին սննդով, հագուստով և դեղամիջոցներով։ Այցելություններ կազմակերպվեցին զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ամենամսյա նյութական օգնություն երկկողմանի ծնողազուրկ, մայրազուրկ, զոհված ազատամարտիկների, համր, խուլ, անշարժ ողնաշարային հաշմանդամ երեխաներին։

1992թ. օգոստոս ամսից առ այսօր Արցախի մոտ 6000 քաջորդիներ պարգևատրվել են ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ հուշամեդալով։ 

Մեր գոյապայքարի ընթացքում կյանքի կոչված առաջին պարգևը, որ տրվում է ՙՄայրության՚ անունից, Արցախի մայրերի երախտագիտության արտահայտությունն է մարտնչող զավակներին։ Պատերազմական տարիներին այն բարոյական նեցուկ էր ազատամարտիկներին և ոչ միայն...Մեդալի հեղինակ Հասմիկ Միքայելյանին վանաձորյան հանդիպումներից մեկի ժամանակ Կարեն Սարիբեկյան անուն-ազգանունով ազատամարտիկը պատմեց, թե ինչպես է այդ մեդալը փրկել իր կյանքը, երբ խրամատում հեղինակի ձեռքից ստանալով այն, մարտի է նետվել, և թշնամու գնդակը դիպել է մեդալին: 

Հավատարիմ որդեգրած առաքելությանը, այսօր էլ Հ. Միքայելյանը շարունակում է ազգային պայքարի շուրջ համախմբել կանանց ու աղջիկներին, նա ջանք չի խնայում իր մասնակցությունը բերելու քաղաքացիական հասարակության կայացմանը, սատար է կանգնում մայրերի ու երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների միջազգային նորմերի արմատավորմանը։

Նրա ուշադրության կենտրոնում է բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդումը։ Տարվող ամենօրյա  աշխատանքները միտված են տաղանդավոր երեխաների, կին-ազատամարտիկների, արցախյան պատերազմի վետերանների խրախուսմանն ու պարգևատրմանը, աջակցությանը բազմազավակ ընտանիքներին, ժողովրդագրական ծրագրերի խթանմանը։ Հ. Միքայելյանը նաև արցախյան ավանդապահ օջախի մեծ ջատագով է, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող երեք զավակների մայր:

Նրա գլխավորած կազմակերպության համար ՙԱռողջ բանակ` առողջ սերունդ՚ կարգախոսը, ռազմավարական նշանակության ուղղություն է։ Ամենօրյա հասարակական գործունեության ընթացքում նրա համար պակաս կարևոր չէ աջակցությունը պետությանը, ժողովրդի փոքր ու մեծ հոգսերին կցորդ ու լծակից լինելը, նրանց հուզող հարցերին ընդառաջելն ու համատեղ լուծումներ գտնելը։ Հ. Միքայելյանը միշտ եղել է և այսօր էլ շարունակում է լինել զինվորի կողքին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նրա հոգսերն ու խնդիրները։

Գտնվելով պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում` նա իր ներդրումն է ունենում ՊԲ զորամասերի զինծառայողների կյանքի ու կենցաղի, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման, նրանց իրավունքների պաշտպանության խնդիրների իրականացման, ինչպես նաև բանակ-հասարակություն կապն ավելի սերտացնելու և թափանցիկ դարձնելու գործում։

Այսօր էլ Հ. Միքայելյանը շարունակում է ապրել ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով։

Ինչ ծրագրեր էլ որ իրականացվում են նրա նախաձեռնությամբ, բոլորը միտված են մեկ նպատակի՝ նպաստել երկրի շենացմանը, կայացմանն ու բարգավաճմանը։ Հավատարիմ որդեգրած առաքելությանը` նա շարունակում է Արցախի կանանց համախմբել ազգային նպատակների շուրջ, և այդ ամենն առաջին հերթին` անձնական օրինակով։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ