[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ 12 ԴԵՊՔ

 

 

 

2018թ. հուլիսի 5-ի դրությամբ՝ Արցախում գրանցվել է օձի խայթոցի 12 դեպք:

ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 21-ին Մարտակերտի շրջանում:  Նշյալ ժամանակահատվածում Ստեփանակերտում գրանցվել է օձի խայթոցի 2 դեպք, Ասկերանի շրջանում՝ 6, Մարտունու՝ 2,  Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում` 1-ական դեպքեր։ Տուժածներից 10-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին): 2017թ. հուլիսի վերջի տվյալներով՝ Արցախում արձանագրվել էր օձի խայթոցի 25 դեպք։ Հանրապետության բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: ԱՀ-ում օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: 

Մասնագետները խորհուրդ են տալիս օձերից  ոչ թե  վախենալ, այլ զգուշանալ, որովհետև խայթոցների 99%-ը բնակիչների ոչ ուշադիր վերաբերմունքից է։ Գոյություն ունեն  կանխարգելիչ կանոններ, ինչպես նաև օձի և կարիճի խայթոցի դեպքերում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ուղեցույցներ։ ԱՀ առողջապահության նախարարությունը նույնպես հաստատել է խայթոցների ժամանակ անհետաձգելի բուժօգնության ուղեցույցը։ 

Ընդհանրապես Արցախում կա 4 տեսակի թունավոր օձ. դրանցից 3-ը պատկանում են իժերի ընտանիքին՝ կովկասյան, տափաստանային, հայկական, և գյուրզա։ Ամենախոշոր իժերից մեկը հայկականն է, ունի 80-100 սմ երկարություն, երբեմն կարող է հասնել մինչև 1,5 մետրի։ Այն թունավոր է և շատ վտանգավոր։ Նրա խայթոցի դեպքում չի կարելի սրսկել հակագյուրզին, ուստի բուժանձնակազմը, որին դիմել է օձի խայթոցով հիվանդը, պարտավոր է մանրամասն անամնեզ (տեղեկություններ) հավաքել։ Իսկ ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձը գյուրզան է։ Այն ունի տափակ գլուխ, մոխրագույն կամ կարմրաշագանակագույն հաստ մարմին։ Մեջքին կան մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր, իսկ գլուխը միագույն է` առանց նախշերի։ Մասնագետների պարզաբանմամբ՝ իժի, գյուրզայի խայթած տեղն ուժեղ ցավում է, հետո առաջանում է այտուց։ Խայթած տեղում մաշկը կարմրում է, իսկ այտուցը` տարածվում ողջ վերջույթով։ Նույնիսկ մատի խայթոցի դեպքում այտուցը կարող է տարածվել մինչև տուժողի ուսը։ Խայթոցից 20-40 րոպե անց առաջանում են շոկի ախտանշաններ՝ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում ու արագացում, ճնշման իջեցում։ 

Օձի խայթոցի դեպքում տուժածին ցուցաբերած առաջին օգնությունը մեծ նշանակություն ունի։ Ուստի պետք է լինել զգոն և արագ կողմնորոշվել, քանի որ օձի խայթոցի դեպքում առաջին սխալ օգնությունը երբեմն կարող է ավելի վտանգավոր և վնասակար լինել, քան բուն խայթոցը։ Սխալ գործողությունները դժվարացնում են ախտորոշումն ու հետագա բուժումը։ Խստիվ արգելվում է լարանով ձգել տուժածի խայթած վերջույթը, ինչն ավելի է վատթարացնում տուժողի վիճակը, ինչպես նաև կատարել հակաշոկային միջոցառումներ՝ տալ ցավազրկող և այլ սրտային դեղորայք։ Արգելվում է նաև կատարել կտրվածք կամ այրում։ Տուժածն ընդհանրապես չպետք է շարժվի, որ դանդաղի թույնի տարածումն օրգանիզմում։ Անհրաժեշտ է ապահովել նրա հորիզոնական դիրքը և լիակատար հանգիստը։ Թույնն օրգանիզմից դուրս բերելուն օգնում են նաև հեղուկները։ Դրա համար էլ պետք է խմել շատ հեղուկ, բացի սուրճից և ալկոհոլից։ Օձի խայթոցի դեպքում որոշիչ գործոն է ժամանակը, ուստի տուժածին հարկ է հնարավորինս շուտ տեղափոխել  մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժին։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ