ՙՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՈՒԺԵՂ ՀԵՐԹԱՓՈԽՈՎ՚
Ճամբարային տարեշրջանն սկսված է: Արցախի գեղատեսիլ վայրերում գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կողմից գործում են բազմապիսի ճամբարներ` մարզատուրիստական, կրթագիտական, ընտանեկան, ուսանողական, երիտասարդական, բնագիտական և այլն:
Ավանդական ճամբարների կողքին ծնվում են նորերը:
ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարն այդ շարքում իր հաստատուն տեղն ունի: Այս տարի այն 10-րդ անգամ իր ՙդռները բացեց՚ նախազորակոչային տարիքի պատանիների առաջ: ԱՀ կրթության, գիտության և սպորտի ու պաշտպանության նախարարությունների հովանու ներքո գործող այս ճամբարը դարձել է հայրենիքի վաղվա պաշտպանների մկրտության դարբնոց: Չորս հերթափոխով 8-օրյա ժամկետով այստեղ իրենց հանգիստն են անցկացնում և ռազմագիտությունից դպրոցում ստացած գիտելիքները փորձարկում ԱՀ 10-րդ դասարանն ավարտած պատանիները, որոնց ամեն տարի միանում են ՀՀ և Սփյուռքից ժամանած նրանց հասակակիցները:
Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարի հանդիսավոր բացումը:
Հայկական երկու հանրապետությունների դրոշների ներքո եռագույնը խորհրդանշող շապիկներով ճամբարականների վաշտերն սպասում էին հրամանատարի հրահանգին: Հանդիսավոր բացմանը նրանց պատրաստ լինելու մասին ԱՀ ՊԲ ԱՀՏԱԳ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանին զեկուցում է ճամբարի պետ մայոր Արսեն Հարությունյանը: Եվ սկսվում է բանակային հանդիսությանը հատուկ արարողակարգը: ՊԲ բարձրաստիճան հրամանատարի ողջույնին և շնորհավորանքին հետևում է ՙզորքի՚ եռակի ՙուռա՚-ն, այնուհետև հրամանատարների կողմից խրոխտ հնչեցված` ՙՄեր նշանաբանն է՚ խոսքերին` վաշտերի ավելի խրոխտ պատասխաննները`ՙ Ուժն է ծնում իրավունքը՚, ՙՏղամարդ` նշանակում է զինվոր՚, ՙՈվ չի խիզախում` չի հաղթում՚, ՙՔաջերի սերունդները քաջ են լինում՚:
Ասպետականներին ողջունեց և 10-րդ անգամ ճամբարի բացման առթիվ շնորհավորեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ով նշեց, որ այդ տասնամյակի ընթացքում շուրջ 6000 պատանիներ Արցախի բոլոր դպրոցներից, մայր հայրենիքից և Սփյուռքից հնարավորություն են ունեցել իրենց ամառային հանգիստն անցկացնել այստեղ, և այսօր նրանց` նոր հերթափոխին է վիճակված բնության գեղատեսիլ վայրում հանգիստը համատեղել հետաքրքիր առօրյայի, զինվորական կյանքին նախապատրաստվելու հետ: Այն, որ նրանք պատվով են փոխարինելու ԱՀ սահմանին կանգնած ՊԲ զինվորներին, և որ արժանավոր հերթափոխ է պատրաստվում, կասկած չկա. 2016 թվականի ապրիլը դա արդեն ապացուցել է: ՙՎաղը դուք եք գնալու վերահաստատելու այդ ճշմարտությունը՚,-ասաց նախարարը: Նա առանձնահատուկ ողջունեց Լիբանանից ժամանած պատանիներին և համոզմունք հայտնեց, որ հայրենիքում նրանք իրենց ավելի ուժեղ են զգալու և գնալու են վերադառնալու ցանկությամբ: Նախարարը ճամբարարականներին վստահեցրեց` ամեն ինչ անել նրանց առօրյան հետաքրքիր, նպատակասլաց դարձնելու համար:
ՊԲ հրամանատարի և բանակի ողջ անձնակազմի անունից ճամբարի բացման առթիվ շնորհավորեց նաև գեներալ-մայոր Վարդան Բալայանը:
ՙՀակառակորդը խաղաղ ճանապարհով չի ուզում լուծել արցախյան հիմնահարցը, ինչից բխում է, որ մենք դատապարտված ենք ուժեղ լինելու: Իսկ ուժեղ բանակը պայմանավորված է նաև ուժեղ հերթափոխով՚,-դիմելով ճամբարականներին` ասաց նա: Այս պատանիներն են մեկ-երկու տարի հետո փոխարինելու սահմանում կանգնած զինվորին: Իսկ ապագա զինվորը պետք է ռազմագիտությունից գրագետ լինի, առնվազն տիրապետի ինքնաձիգին, նախնական գիտելիքներ ունենա զինվորական կանոնադրությունից, պահակային ծառայությունից: Ի դեպ, այդ հատկություններով օժտված զինվորը նախևառաջ կարողանում է ապահովել իր անվտանգությունը: Գաղտնիք չէ, որ բանակում տեղ գտած պատահարները նաև զինվորների` այս ունակություններին թույլ տիրապետելու արդյունք են:
ՙԱսպետ՚ ճամբարի ստեղծման ակունքներում է եղել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Սլավա Ասրյանը, ով նույնպես հրավիրված էր ճամբարի բացմանը: Ինչպես միշտ, պատանիներին նրա մաղթանքն էր տվյալ ժամանակահատվածը խելացի օգտագործել հանգստի և ռազմամարզական վարժանքների ուղղությամբ: Ճամբարը նաև այն վայրն է, որտեղ յուրաքանչյուրը բացահայտում է սեփական թերությունները և հնարավորություն ստեղծում այդտեղից դուրս գալ դրանք վերացրած, միայն թե պետք են կամքի ուժ, ցանկություն:
Ճամբարականներին բարեմաղթանքի խոսք ասաց նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը: Ոչ միայն ռազմական առումով պատրաստված, այլև կիրթ, տեխնոլոգիապես զարգացած երիտասարդները կարողանում են դիմագրավել ցանկացած մարտահրավեր, ճամաբարին բարի երթ մաղթեց նա:
Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը նկատեց, որ ՙԱսպետ՚-ի գոյության 10 տարին ցույց է տվել, որ ճամբարում ձևավորված ընկերական մթնոլորտը նպաստում է հետագայում բանակային ծառայության դյուրին անցկացմանը: Այստեղ, ի դեմս հայության երեք հատվածների ներկայացուցիչների, ավելի առարկայորեն է երևում Մայր հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ձևավորվում միացյալ Հայաստան կերտողների սերունդը:
Լիբանանից ժամանած երիտասարդներն ավարտել են որևէ վարժարան կամ քոլեջ: Եվ համալսարան ընդունվելուց առաջ, ճամբարին մասնակցելով, հայրենիքի հանդեպ իրենց սիրո հավաստումն են բերել, մեզ հետ զրույցում վստահեցրին Մեսրոպ Հովհաննիսյանը, Միհրան Մուրադյանը, Պարույր Գյույումջյանը, Վարագ Քյոսայանը: Մ. Հովհաննիսյանը նաև ելույթ ունեցավ ճամբարի բացմանը և ուրախությամբ փաստեց, որ արդեն հինգ օր այդտեղ գտնվելու ժամանակ մտերմացել են ոչ միայն ճամբարականների, այլև տարածքում գտնվող զորամասի զինվորների հետ, նրանց դուր է եկել զինվորական նիստուկացը:
Մարտավարական հիմունքներ, կրակային պատրաստություն, համազորային կանոնադրություն, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, առաջին բուժօգնություն. տեսական և գործնական այս պարապմունքներից բացի ճամբարային օրերի ընթացքում պատանիներին սպասվում է ժամանցային հետաքրքիր ծրագիր` հագեցած սպորտային խաղերով և էքսկուրսիաներով, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, արվեստի և մշակույթի գործիչների հետ, ինչպես նաև ` գիտակների մրցույթներ, ամենօրյա մարզաառողջարարական միջոցառումներ`ուղղված առողջ ապրելակերպի ձևավորմանը, հոգեկան ու ֆիզիկական ուժերի վերականգնմանը:
Գեղեցիկ այդ օրն իրենց համերգային ծրագրերով ավելի գեղեցիկ դարձրին մշակույթի Ստեփանակերտի քաղաքային տան սաները և ՊԲ ՙԱսպետ՚ համույթը:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ