Logo
Print this page

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Թաղասեռի նորակառույց համայնքային կենտրոնի բակը բազմամարդ էր։ Գյուղի ողջ բնակչությունը ներկա էր բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, ՙԵվրոստրոյ՚ ՍՊԸ (որն իրականացրել էր Կենտրոնի շինարարությունը) ղեկավարությունը։ Ժամանել էին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի թվով 50 ներկայացուցիչներ, որոնց դիմավորեցին աղ ու հացով։ 

 Հուզիչ էր հանդիպման պահը։ Շենքի մուտքին տեղակայված էին ՀՀ, ԱՀ և Ֆրանսիայի դրոշները։ 

Բացելով միտինգը` Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի  և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրյանը նշեց, որ երկար սպասումից հետո բացվում է համայնքային կենտրոնը, որի շինարարությունն իրականացվել է ՙՀայաստան՚ հիմնադրամի և Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Հիմնադրամին և Ֆրանսիայի տեղական կառույցին շնորհակալական խոսք ասաց համայնքի ղեկավար Կարեն Հովսեփյանը։ Նա  նշեց, որ համայնքային կենտրոնը բազմապրոֆիլ շենք է, որտեղ կտեղակայվեն գյուղապետարանի աշխատակազմը, բուժկետը, համակարգչային սենյակը, խաղասենյակը և 150-տեղանոց հանդիսությունների տունը։ Կ. Հովսեփյանը հույս հայտնեց, որ բնակչությունն ամեն ինչ կանի գյուղի հետագա  զարգացման համար։ Ֆրանսիայի տեղական մարմնի Արցախի ներկայացուցիչ Միշել Տանկրեզն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՙԵվրոստրոյ՚ ՍՊԸ-ին, ում տքնաջան աշխատանքով կառուցվել է համայնքային կենտրոնը։ 

Հուզիչ էին Թաղասեռի փոքրիկների ասմունքն ու ՙՆ՚ զորամասի զինվորական նվագախմբի կատարումները, որոնք ջերմ ընդունելության արժանացան ներկաների կողմից։ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու  հոգևոր հովիվ Մաթևոս քահանան  կատարեց համայնքային կենտրոնի օրհնության արարողություն։ Կենտրոնի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց համայնքի ղեկավար Կարեն Հովսեփյանին և Ֆրանսիայի տեղական մարմնի Արցախի ներկայացուցիչ Միշել Տանկրեզին։ 

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.