[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԱՎԱՆ. ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղի վարչական տարածքում և  Արաքս գետից ընդամենը երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արաքսավանը կազմավորվել սկսել է ավելի քան վեց տարի առաջ:

Առաջին վերաբնակիչներն այդ  տարածքներն ազատագրած ազատամարտիկներն էին, ում Արաքսի հովտի անծայրածիր հորիզոնը դեռ պատերազմական օրերին էր գերել: Առաջին եկողները նույն ջոկատում կռված տղաներն էին՝ իրենց ընկերների հետ: Գործընթացին ոչ միայն կոչ-հորդորով, այլև տարածքի զարգացման կոնկրետ ծրագրով և աջակցությամբ մասնակցում էր հանրապետության ղեկավարությունը, իսկ շատ նորաբնակների տեղափոխման համար հիմք դարձավ Առաջին պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, համայնքի ստեղծման տարիներին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ու Հադրութի շրջվարչակազմի ներկայիս ղեկավար, այն ժամանակ ԱԺ պատգավավոր, իսկ պատերազմի տարիներին` ՊՇ հրամանատարի տեղակալ Իվան Ավանեսյանի գործուն օժանդակությունը: Սկզբում ութ ընտանիք եկավ (29 մարդ), որոնք էլ ձեւավորեցին Արաքսավան գյուղը: Շատ չանցած` 2014թ., նոր գյուղը պաշտոնապես հայտնվեց ԼՂՀ քարտեզի վրա: Արաքսավանում ամառվա օրերին անասելի տաք է: Չնայած դրան՝ բնակիչներն ամբողջ օրը դաշտերում են կամ  սեփական բանջարանոցներում: ՙԱնսահմանափակ հող, առատ ջուր և դաշտավարության համար կլոր տարին բարենպաստ եղանակ. այստեղ միայն գործից փախչող մարդը կարող է սոված ու դժգոհ մնալ՚,- ասում է շրջվարչակազմի ղեկավար Ի. Ավանեսյանը: Նա նաև հավելում է, որ գյուղում և, ընդհանրապես, Արաքսի հովտում իրականացվող ցանկացած ծրագիր ի սկզբանե պետության կողմից ոչ պատահականորեն է ռազմավարական հռչակվել: Արաքսավանն առաջնագծի թիկունքն է, և այստեղ իրականացվածը լուրջ ու համազգային նշանակություն ունի, որի  հիմնական նպատակը մեր երկրի հարավային սահմանն ամրացնելն է, մեծ քանակությամբ հացահատիկ և այլ մշակաբույսեր աճեցնելն ու երկրի պարենային անվտանգությունն ապահովելը: ՙՄեր ծրագրերի հասցեատերերը գործունյա, աշխատասեր ու հայրենասեր ընտանիքներն են, ովքեր նպաստներ և օգնություն ստանալու համար չէ, որ գալիս են բնակվելու այստեղ՚,- նկատում է շրջանի ղեկավարը՝ թվարկելով տարածքում ավարտին հասցված ծրագրերը: 2012թ.-ից սկսած` կառուցվել է մոտ 50 կմ բարձր լարման հոսանքագիծ: Վերակառուցվել է 40 կմ ոռոգման ջրատար, գործարկվել արտեզյան ջրհորեր, 27 կմ երկարությամբ հոսանքի գիծ է անցկացվել: Խնդիրները շատ են, անելիքները՝ առավել շատ: Պայմաններ են ստեղծվել խոշոր հողոգտագործողներին ներգրավելու ուղղությամբ: Գյուղատնտեսական վարկերը համայնքի բնակիչներին տրամադրվում են միայն արտոնյալ պայմաններով: Վերաբնակիչներին տրամադրվում են  մացառուտներից մաքրված և վար ու ցանքսի համար լիովին նախապատրաստված հողատարածքներ: Ցանկացած գյուղատնտեսական աշխատանք  համայնքի ոչ մի բնակիչ առանց աջակցության չի կատարում: Կառավարության միջոցներով 37 ժամանակավոր կացարաններ են տեղադրվել Արաքսավանում: Գործում է բուժկետ, խանութ: Ի դեպ, այս վեց տարիների ընթացքում նաև հեռացողներ են եղել: Մի քանի տարի առաջ բարերար Գագիկ Ծառուկյանն էր այցելել Արաքսավան և անապահով ընտանիքներին  տասհազարական դոլարին համարժեք գումար հատկացրել: Չորս ընտանիք հարմար տարբերակ են ընտրել` գումարը ստանալուն պես համայնքը լքելը: Մնացածները չեն դժգոհում, աշխատող մարդու տեղ է` ասում են: 

Տնակների հարևանությամբ, իրենց իսկ տնկած ծառերի տակ բարկ արևից պաշտպանվող կանայք սեփական հոգս ու ցավից են խոսում: Առաջին տարիներն են հիշում, նաև` ապրիլյան պատերազմը, երբ թվում էր, թե հայտնվել են կրակե օղակում: Այդ օրերին ոչ մի կին չլքեց գյուղը, անգամ  ունեցած սնունդն էին ուղարկում դիրքեր: Նաև 2016-ի հունիսի աննախադեպ կարկտահարությունն ու հեղեղն են հիշում՝ դժգոհելով նաև ուշացած օգնությունից: Ժամանակավոր կացարաններում հատկապես ամռանն անհնար է դառնում ապրելը, մեծ հույսեր են՝ կապում կառուցվող նոր թաղամասի հետ: Այն նախատեսված է  Արաքսավանում արդեն 5 տարի ապրող և գյուղատնտեսական կամ ֆերմերային տնտեսություն ստեղծելու ծրագրեր ունեցողների համար:  

Արաքսավանցի դառնալու սեփական պատմությունն են պատմում առաջին բնակիչներից Խորեն  ու Հայկանդուխտ Վարդանյանները. ՙ2012-ի մարտին եկանք, սկզբում ազատագրված ու մեր կռված տղաների կողմից Եղեգ անվանակոչված գյուղում հաստատվեցինք (ՙԵղեգնը՚ ջոկատի  գաղտնաբառն էր): Մեր ուժերով կացարաններ սարքեցինք: Առաջին իսկ օրերին հանրապետության նախագահը եկավ, զրուցեց մեզ հետ, համոզվեց, որ մենք շուտ հանձնվողներից չենք: Հետզհետե սկսեցին մեր պայմանները բարելավել: Էլեկտրականություն անցկացրին, այս վագոն-տնակները տեղադրեցին, խոստացան հետագայում քարե տներ կառուցել: Մենք էլ ձեռքներս ծալած չենք նստել, այս բոլոր ծառերը մենք ենք տնկել, հողամաս մշակել, բանջարեղեն աճեցրել՚: Նրանց խոսքով` երեք զավակների հետ եկան, աղջիկն ամուսնացել ու Հայաստան է տեղափոխվել, տղան նոր է ծառայությունն ավարտել, իրենց կողքին է հիմա: ՙՇրջվարչակազմի ղեկավարին եմ դիմել իմ հողամասում տուն կառուցելու խնդրանքով. խոստացել է օգնել: Նոր թաղամասը, որ կառուցում են, ոչ բոլորիս է հարմար: Գյուղացին կուզենա, որ իր տունն իր ընտրած տեղամասում լինի: Դժգոհություն ունենք՝ տոմատի գործարանի հետ կապված,-անկեղծանում է Խորեն Վարդանյանը: - Երկու տարի առաջ բացեցին, աշխատատեղ էր, բնակիչներից շատերը ոգևորվեցին, մեր աճեցրածը հանձնեցինք, հետո դժվարություններ ունեցավ սեփականատերը, ով ևս վերաբնակիչ է, մեր պարտքերը չի կարողանում վերադարձնել: Ինչ ասես` աճում է այս հողում, այս տարի 350 ծառ եմ աճեցրել՝ արքայանարինջ, դեղձ, սև սալոր: Այս ամռան շոգը չտեսնված է, արևը սածիլներն այրում է, նորն ենք տնկում՚: 

Հայկ Ավագյանն էլ հողագործության հետ նաև անասնապահությամբ է զբաղվում. եթե երեք տարի առաջ 15 գլուխ կով ուներ, ապա այսօր 100-ի է հասցրել: Նա է Եղեգն գյուղի հիմնադիրը: Իր ուժերով և պետության աջակցությամբ բնակարան է կառուցել, այգի տնկել: Մաիսկա Ավետիսյանը համայնքի բուժկետի վարիչն է: Հադրութի Արևշատ գյուղից է, շուրջ 15 տարի ՊԲ զորամասերում բուժաշխատող է եղել: Կենսաթոշակի անցնելուց հետո` 2014-ին,  տեղափոխվել է Արաքսավան: Բուժկետի համար նախատեսված երկսենյականոց տնակը նաև որպես կացարան է ծառայում: Հատկապես երախտագիտությամբ է հիշում  առողջապահության նախկին նախարար Հ. Քուշքյանին, ով մի անգամ համայնք այցելելուց հետո բուժկետին սառնարան, հեռուստացույց ու դեղորայք է ուղարկել: Շրջանի բուժմիավորման ղեկավար Արա Երեմյանը ևս ուշադրության կենտրոնում է պահում համայնքի բնակիչներին: 

Աշոտ Միրզոյանը Քաշաթաղի ազատագրումից հետո ընտանիքով այնտեղ էր բնակվում: Երբ խոսք եղավ Արաքսի հովտում պահածոների գործարան բացելու մասին, տեղափոխվեց այստեղ՝ ստանձնելով ՙԱրաքսֆուդ՚ ՍՊԸ տնօրենի պարտականությունները: Տնօրենի խոսքով` գործարանի ստեղծումը հնարավորություն է տվել Արաքսի հովտից ոչ միայն անմշակ գյուղմթերք, այլև վերամշակված ու վերջնական տեսքի բերված արտադրանք արտահանել: Նախորդ տարվանից գործարանում արտադրվում են նաև մրգային հյութեր, մարինադներ, մուրաբաներ, ջեմեր, բանջարեղենի խավիարներ և այլն: Հումքն ամբողջությամբ տեղական է և էկոլոգիապես մաքուր: 2014-ին գործարանը բացվեց ու սկսեց աշխատել ողջ հզորությամբ`թողարկվելով տոմատի մածուկ և այլ պահածոներ: Ներկայում ևս առկա են բոլոր հնարավորությունները անխափան աշխատելու համար, սակայն գործարանը վարկային չմարված պարտավորություններ ունի, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում:

Արցախյան պատերազմի ողջ ընթացքին անմիջական մասնակցություն ունեցած Խաչիկ Հովհաննիսյանը 6 երեխա և 11 թոռ ունի: Արաքսավանում հաստատվել է շուրջ վեց տարի առաջ: Գյուղի շարունակությունը կազմող Եղեգում է ցանկացել տուն կառուցել, չնայած այդ տեղանքը դեռևս հոսանքով ապահովված չէ: Այժմ տան ներսի աշխատանքներն են ընթանում: Կինը մեր  խոսակցությանն է միանում` դժգոհելով, որ անցած տարում 2 մլն դրամ վարկ են վերցրել, հիմա չեն կարողանում փակել: Խաչիկը, սակայն, սաստում է` մեր ազատագրած հողն է, այն պահելու պատասխանատվությունը ևս մեզ վրա է:  

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ