[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Ինչպես նախօրեին ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր,  հուլիսի 18-ին և 19-ինն ՀՀ Էրեբունի բժշկական կենտրոնի  մի խումբ բժիշկներ` անոթային վիրաբույժ,  վնասվածքաբան, էնդոկրինոլոգ, նյարդաբան, ուրոլոգ և առիթմոլոգ, Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում անցկացրին  ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում անվճար հիմունքներով իրականացվեցին քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև  վիրահատական միջամտություններ:

 Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի  ավագ օրթոդեդ   Գագիկ Բդոյանը,  Արցախի  հետ համագործակցությունը նոր չէ, այն արդեն դարձել է ավանդական,  հիվանդներ կան, որոնք նախապատրաստված են, արդեն ստացել են խորհրդատվություն  կամ բուժում՝  Կենտրոնի բժիշկների մոտ: 

 Այս այցելության ընթացքում հայաստանյան թիմն  առավելապես աշխատում էր այն հիվանդների հետ, որոնք ունեին վիրահատական միջամտությունների կամ ինտենսիվ բուժման կարիք: Նա տեղեկացրեց, որ հարցազրույցից րոպեներ անց կվիրահատեն ազդրոսկրի կոտրվածք ստացած  թոշակառու կնոջը՝ օգտագործելով  աշխարհում արդեն իսկ ընդունված, բայց Հայաստանի ու Արցախի համար նորություն հանդիսացող նոր իմպլանտներ ու տեխնոլոգիաներ: Վիրահատությունն առաջին անգամ Արցախում իրականացվեց ինտրամեդուլյար գամմա-մեխ եղանակով, որի առավելությունը կայանում է նրանում, որ վիրահատական միջամտութան ժամանակ կատարվում է փոքր կտրվածք՝ առանց արյան կորստի, ապահովվում է ֆիքսացիայի բարձր մակարդակ, ինչն անփոխարինելի է հատկապես տարիքով հիվանդների համար, երբ  օստեոպորոզի հավանականությունը մեծ է, իսկ վերականգնման գործընթացը՝ պասիվ:  Այս մեթոդի շնորհիվ արագացվում է հետվիրահատական ապաքինումը,  նվազեցվում  ինֆեկցիոն բարդությունների ռիսկը:

 Գ. Բդոյանը նշեց, որ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը լիովին պատրաստ է նման կարգի վիրահատություններ իրականացնելուն: Երկու օրվա ընթացքում օրթոպեդները   հասցրել են սպասարկել ավելի քան 30 հիվանդի:

 Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբանական ծառայության ղեկավար             Կարեն Դավթյանը տեղեկացրեց, որ ՀՀ վնասվածքաբան օրթոպեդների հետ արդեն համագործակցում են տաս տարուց ավելի. Արցախի բժիշկները հետևում են ոլորտի նորություններին, փորձում դրանք հասանելի դարձնել մեր հիվանդների համար, չեն բավարարվում ձեռք բերածով, այդ իսկ պատճառով էլ հայաստանյան գործընկերներին հրավիրել են Արցախում նոր եղանակով վիրահատություններ իրականացնելու: Կ. Դավթյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում այն մասսայական կիրառում կգտնի Արցախում:

Էրեբունի բժշկական կենտրոնի անգեոգրաֆիկ ծառայության ղեկավար Մերուժան Սաղաթելյանն  այցելության ընթացքում մի քանի բարդ վիրահատություն է իրականացրել: Նա ուրախությամբ է արձանագրում, որ երկու բժշկական կենտրոնների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, այցելություններն էլ երկուստեք բնույթ են կրում: Վիրահատվող հիվանդներն արդեն անցել էին համապատասխան հետազոտություն, նախապատրաստվել վիրահատության, և  ծառայության աշխատակիցներն Արցախ են եկել հենց այդ վիրահատությունները կատարելու համար: Նա նշեց, որ առաջիկայում  աստիճանաբար Արցախում էլ կընդլայնվի  մասնագիտական և նյութատեխնիկական բազան, որպեսզի այստեղ ևս  հնարավոր լինի վիրահատել բարձր ռիսկային խմբում ընդգրկված հիվանդներին:  

Սրբուհի ՎԱՆՅԱՆ