[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԻՄԱԳԾԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ

Անզեն աչքով էլ տեսանելի է. օր օրի փոխվում է մայրաքաղաք Ստեփանակերտը, նոր ու թարմ լուծումներ են ստանում մի շարք ճարտարապետական կառույցներ, հների կողքին հառնում են նորերը ոչ պակաս հետաքրքիր լուծումներով։

Սակայն կա և մեդալի հակառակ կողմը: Աններելիորեն քանդվում կամ խաթարվում են այնպիսի շենք-շինություններ, որոնք ամբողջացնում էին Ստեփանակերտի դիմագիծը։ Ցավ ես ապրում, որ դրանք այլևս չկան, իսկ լավագույն դեպքում կանգուն են խաթարված տեսքով։ Շատ է խոսվում հին Ստեփանակերտի կոլորիտը պահպանելու մասին։ Տարբեր հարթակներում քննարկումներ են լինում, կարծիքներ են  բախվում, մտահոգություններ կիսվում, փորձեր են արվում  լուծումներ գտնել։ 

Ինչքան էլ ժամանակը պահանջներ կամ նորովի լուծումներ թելադրի, մի բան միանշանակ է` պարտավոր ենք անխաթար պահել մեր մայրաքաղաքի դիմագիծը։ Իսկ դրա մենաշնորհն առաջին հերթին մեր ճարտարապետներինն է։

Խնդրո առնչությամբ ՙԱԱ՚-ն զրույցի է հրավիրել Ստեփանակերտի  քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան ՍԱՖԱՐՅԱՆԻՆ։ 

 -Մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման համար առաջին հերթին պատասխանատու եք  դուք՝  ճարտարապետներդ։ Ի՞նչ է արվում, որ հին ու նորը ոչ թե խանգարեն իրար, այլև հանդես գան նորացված լուծումներով ու տարբերակներով։ Ի վերջո, դուք պատասխանատվություն եք ստանձնում սերունդների առաջ, պատմության առաջ։ Ինչպիսի՞ն է լինելու ապագայի մեր մայրաքաղաքը, հարցի պատասխանը  ոչ թե ապագայում, այլ այսօր պետք է գտնենք, այլապես վաղն ուշ կլինի... 

-Այս պահի դրությամբ Ստեփանակերտի համար շատ կարևոր է լուծել գլխավոր հատակագծի խնդիրը։  2000 թվականից սկսած այդ ուղղությամբ փորձեր արվել են, բայց այն լիարժեք իր նպատակին չի հասել։ Գլխավոր հատակագծի համար մշակել ենք նոր առաջադրանք, փորձել ենք ստանալ քաղաքի գլխավոր հատակագծի մանրամասնային լուծումները,  առանձին հատվածներում`  փաթեթային տեսքով։ 2015 թվականից առաջադրանքը համաձայնեցված է բոլոր նախարարությունների հետ։ Ավագանու նիստը տվել է իր համաձայնությունը, ճարտարապետական խորհրդում նույնպես հարցը քննարկվել է, ուղարկվել  Քաղաքաշինության նախարարություն, վերջինս էլ իր հերթին այն ուղարկել  Երևան` ՙՀայնախագիծ՚ ինստիտուտին։ 2000թ.  գլխավոր հատակագիծը  նախնական մշակման է ենթարկվել  նաև ՙՀայնախագծում՚, ճարտարապետ  Սերգեյ Ամիրաղյանի ղեկավարությամբ,  Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը պահի դրությամբ գտնվում է քննարկման փուլում։ 

Իմ կարծիքով, այն վերջնական լուծում ստանալուց հետո մեծ փոփոխություն կմտցնի մեր քաղաքի դիմագծում։  Մինչև գլխավոր հատակագծի պատրաստ լինելը փորձում ենք ճարտարապետական խորհրդի միջոցով առանձին հատվածներում լուծել մի շարք հարցեր։ Այսինքն, եթե որևէ տեղամաս ուզում ենք  բարեկարգել, կազմվում է ընդհանուր նախագիծ, այն քննարկվում է քաղաքապետին կից  ճարտարապետական  և քաղաքաշինական խորհրդի նիստում։  Եթե խորհուրդը համաձայնություն է տալիս, կառուցում են, եթե մերժում է, ուղարկում ենք վերամշակման։ Ժամանակավոր լուծումները միայն այս ձևաչափով են լինում։ 

-Քաղաքում ունենք շենք-շինություններ, որոնք դիմացել են ժամանակի քննությանը ոչ միայն  գեղեցիկ ճարտարապետական լուծումներով, այլև ամրաշինությամբ։  Ի՞նչ է արվում նման  ճարտարապետական  կառույցները մոռացության փոշուց մաքրելու և, պատկերավոր ասած, լիարժեք կյանքի վերադարձնելու  ուղղությամբ։ 

-Նման բազմաթիվ շենքեր կան քաղաքում, որ իսկապես դիմացել են ժամանակի քննությանը։ Ունենք ճարտարապետական հազվագյուտ լուծումներ ունեցող շենք-շինություններ։ Թումանյան փողոցի հին թաղամասը` 1882 թվականին կառուցված,  ընդգրկված է  հուշարձանների պահպանության ցանկում և դրա պահպանությունը դրված է Հուշարձանների պաշտպանության վարչության վրա։ 

Քաղաքում հայտնի ԺԿհ-ի (ՊՏՎ ՏՒՌՓպՐրՍՏչՏ րՏրՑՈՉՈ) շենքը 1900-ն թվականներին կառուցված ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենք է։ Մեր կողմից  իրականացվում են բազմաթիվ աշխատանքներ նման բացառիկ ճարտարապետական կառույցների պահպանության,  վերականգնման ուղղությամբ։ Առանձին շենքերի համար կան նախագծեր, էսքիզային տարբերակներ հիմնանորոգման համար։  Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում աշխատանքները կսկսվեն։ Կան նաև  արժեք ունեցող  վթարային շենքեր, որոնք, ցավոք, հնարավոր չէ պահպանել։  Նույն Թումանյան և Գր. Լուսավորչի փողոցների հատման կետում կա վթարային մի շենք, որն այլևս հնարավոր չէ փրկել։  Կարծում եմ` ժամանակի ընթացքում նմանատիպ խնդիրները լուծում կստանան։  Ինչ վերաբերում է հին շենքերի արդիականացմանը, նախատեսվում է տարվա մեջ 2-4 շենք վերականգնել, վերանորոգել։  Ընթացիկ տարվա համար նախատեսված է  չորս շենքերում վերականգնողական  աշխատանքներ իրականացնել։ Այդ շենքերը կունենան նույն տեսքը, ինչ  Վազգեն Սարգսյան 19 շենքն ունի այսօր և որը մեծ  հետաքրքրություն է առաջացնում  ոչ միայն տեղաբնակների, այլև օտարերկրյա հյուրերի շրջանում։ Հիմնանորոգումների հետ կապված  բազմաթիվ  խնդիրներ ենք ունենում, շենքերում, պարզ է` բնակիչներ են ապրում, նրանց չենք կարող տարհանել, հատկապես մեծ խոչընդոտներ են լինում կապիտալ վերանորոգումների ժամանակ։  Դրսից  շենքը տեսքի  է գալիս, բայց ներսից չենք  կարողանում ինչպես հարկն է հիմնանորոգել։ Սրանք նոր մոտեցումներ են, և  դեռևս մեխանիզմը մշակված չէ, կփորձենք լուծումներ գտնել։ Իսկ այն շենքերը, որոնք  մտցված են հուշարձանների պահպանության ցանկում, նշանակում է, արդեն պահպանության տակ են առնված։ Ճիշտ է, աշխատանքները դանդաղ են ընթանում` հաշվի առնելով ֆինանսական վիճակն ու հարակից մի շարք հանգամանքներ, բայց  գործ արվում է և, հուսով ենք` ժամանակի  ընթացքում բոլոր այդ հարցերը  լուծում կգտնեն։ 

-Հնի կողքին կառուցվում է նորը, արդիականը։ Բոլոր դեպքերում կառուցվող նորը պետք է համահունչ լինի  Ստեփանակերտի ընդհանրական դիմագծին։ 

-Հին ոճով նոր գաղափարներ են ծնվում, նոր լուծումներ են տրվում:  Ազատամարտիկների այգու մի հատվածում  Շուշիի հին կամարները հիշեցնող ճարտարապետական լուծումներով կառույց կա։  Առանձին հատվածներում փորձում ենք մի ինչ-որ տարր մտցնել, որը  զուտ հայկական է։ 

Ստեփանակերտը համեմատաբար  երիտասարդ քաղաք է։ Այն 1870-ականներից  գյուղի վրա ստեղծված, գյուղի հիմքերի վրա կառուցված քաղաք է։ Ճարտարապետական ոճի պահպանման լավ օրինակներ կան Շուշիում, մենք այնտեղ  ավելի շատ բան ունենք պահպանելու։ Այնտեղ հայկական ճարտարապետության բազմաթիվ բացառիկ  օրինակներ կան։ Նորը կառուցելիս բոլոր ճարտարապետներն էլ փորձում են հայկական տարր մտցնել, իսկ Երևանում մի քիչ ուրիշ կերպ  են վարվում։ Այնտեղ հին շենքերը  չեն պահպանվել, ստիպված են  նոր մոդել մշակել, այսինքն` հին Երևանի համար առանձին թաղամաս է  նախագծված, այդ նույն քարերով նորն  են կառուցում նոր ոճով, նոր տեսքով։ 

Մեր Թումանյան փողոցի վրա շենքեր կան, որ ճարտարապետական առումով արժեք են ներկայացնում,  բայց ներսից հետազոտելիս   տեսնում ես` մեծ խնդիրներ կան, հարակից կցակառույցներ են երևան եկել, որոնք խաթարում են շենքի ընդհանուր տեսքը, որոշ տեղերում էլ խարխուլ են և  արդեն քանդման ենթակա։ 

 -Ի դեպ, Ձեր գնահատականն այդ անօրեն կցակառույցների մասին, դրանք էլ մի այլ  կարգի  գլխացավանք են։ 

-Այդ խնդիրն արդեն կարգավորվել է, հիմա այլևս չեն կառուցում, կառուցողներն էլ  ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Հանձնաժողովում քննարկելուց, պատասխանատվության ենթարկելուց հետո ուղարկվում է ինքնակամների օրինականացման հանձնաժողով, վերջինս էլ կամ քանդման որոշում է կայացնում, կամ էլ, եթե շինությունը քաղաքաշինության նորմերին  համապատասխանում է, օրինականացվում է։ 

-Ստացվում է, որ այսօր գլխավոր խնդիրը նոր հատակագիծ ունենա՞լն է...

-Այո, անհամբերությամբ սպասում ենք դրա ավարտուն տարբերակին: Իր կենսագրության ընթացքում  Ստեփանակերտն ունեցել է չորս հատակագիծ։ Առաջին գլխավոր հատակագիծը գծել է Ալ. Թամանյանը` 1926 թվականին, այն բավականին լուրջ նախագիծ  է, և  բոլոր մնացածները Թամանյանի նախագծի իրավահաջորդներն են։ 

Երկրորդ փորձն արվել է 1938 թվականին` Ն. Սլոբոտյանիկի, երրորդը՝ 1968 թվականին` Բ. Դադաշյանի կողմից։ Այդ տարիներին Ադրբեջանի նախագծային ինստիտուտում բոլորն  ադրբեջանցիներ էին,  միակ հայ նախագծողը  Դադաշյանն էր։ 

4-րդ փորձը 2000 թվականին  ՙՀայնախագծինն է՚՝ Սերգեյ  Ամիրաղյանի գլխավորությամբ։ Գործն ընթացքի մեջ է, ահագին աշխատանք  կատարված է, հուսով ենք` մոտակա մեկ-երկու  տարիների ընթացքում այն վերջնական տեսքի կբերվի։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ