[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այս օրերին Մայր հայրենիքում են Կանադայից և ԱՄՆ-ից ժամանած մոտ 20 երիտասարդներ, ովքեր հուլիսի 14-15-ին այցելեցին Քաշաթաղի շրջան։ Երիտասարդներին ուղեկցում են Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Աբովյանը, Կանադայի  Մոնրեալ քաղաքում գործող կանադահայոց առաջնորդարանի Օտտավայի Ս. Մեսրոպ եկեղեցու հովիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը, ովքեր տարիներ շարունակ պահպանում են Սփյուռք-Մայր հայրենիք կապը և հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների ուղեկցել են հայրենիք։ 

 Յուրաքանչյուր ուղևորության ընթացքում կայանում է այցելություն Արցախ, և առաջին կանգառը մշտապես Բերձորում է լինում։ Հուլիսի 14-ին Սփյուռքի մեր հայրենակիցներն այցելեցին Ծիծեռնավանք, ծանոթացան հայոց հնադարյան սրբավայրին, տեղի բնակչության կենցաղին։ Հաջորդ օրը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Տեր Ավետիս Աբովյանի ձեռամբ և Հայ Առաքելական Եկեղեցու ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի, Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի օժանդակությամբ, սարկավագների, դպիրների օգնությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հոգևորականների խոսքը հնչում էր Ս. Համբարձման եկեղեցու երգչախմբի և սփյուռքահայ երիտասարդների կատարած շարականների, սաղմոսների, հոգևոր տաղերի կատարումների ուղեկցությամբ։ Պատարագին ներկա էին Սփյուռքի մեր հայրենակիցները, բերձորցիներ, հարևան բնակավայրերի բնակիչներ, շրջվարչակազմի, քաղաքապետարանի աշխատակիցներ։ Օտտավայի Ս. Մեսրոպ եկեղեցու հովիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը, ով արդեն 21 տարի է, ինչ Էջմիածնից տեղափոխվել է Կանադա, տեղեկացրեց, որ այժմ Օտտավայում մոտ 2000 հայ է բնակվում։ Անհրաժեշտություն է հատկապես երիտասարդությանը կապել հայրենիքի հետ։ Հայրենիք են այցելել հուլիսի 3-ին՝ 8 երիտասարդի հետ՝ Հայ Առաքելական Եկեղեցու համաշխարհային երիտասարդության միության հավաքներին մասնակցելու ծրագրով։ Հավաքները, որոնց մասնակցել են մոտ 400 սփյուռքահայ երիտասարդներ, կայացել են Ծաղկաձորում և տևել 4 օր։ Այցի երկրորդ նպատակը Կանադայի հայ երիտասարդների առաքելությունն է դեպի Հայաստան։ Այս ծրագիրն իրականացվում է 1993 թվականից, կայանում է յուրաքանչյուր տարի, և կանադահայ երիտասարդները մեկ ամիս մնում են հայրենիքում, փորձում իրենց համեստ ներդրումն ունենալ հայրենիքի կայացման գործում՝  իրականացնելով տարբեր ծրագրեր։ Այս անգամ նախատեսված է նորոգել Վայոց Ձորի մարզի Ս. Սիրանուշ ճամբարի խաղահրապարակը, փոխել շենքի պատուհանները։ Ընթացքում տեղի են ունենում այցելություններ պատմամշակութային վայրեր։ Ավարտելով խոսքը՝ Տեր Վազգեն քահանան կարևորեց հատկապես այցերն Արցախ, հանդիպումները հերոսական ժողովրդի հետ։ Սուրբ պատարագի մատուցումից հետո Տեր Ավետիսը կարևորեց նաև, որ յուրաքանչյուր անհատ իր մեջ կրի Քրիստոսի լույսը։ Նվիրումը, կամքի ուժը, հավատը հզորացնում են մարդուն, առավել ևս` զինվորին։ Հոգևոր հայրը տերունական աղոթքով դիմեց առ Աստված, որ տերը զորավիգ լինի մեր ազգին, Հայոց զինվորին, երկրի կայացման գործով զբաղվողներին։ 

  - Քաշաթաղն արդեն մեզ համար հարազատ տուն է, և յուրաքանչյուր այցի ընթացքում գալու ենք Բերձոր, Ծիծեռնավանք, այլ բնակավայրեր,- ասաց Տեր Ավետիսը։ 

 Սուրբ Պատարագից հետո մեր հայրենակիցնեը մեկնեցին Ստեփանակերտ, այցելեցին Գանձասար, Դադիվանք և Թարթառի հովտով անցան Գեղարքունիքի մարզ։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր