ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ-ՃԱՄԲԱՐԸ՝ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԻՈՍԻՖՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում` ականավոր գիտնական և մեծ հայրենասեր Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում, հուլիսի 21-ին` ակադեմիկոսի ծննդյան օրը, նրա անունը կրող դպրոցի կանաչապատ, ընդարձակ բակում տեղի ունեցավ բնագիտական դպրոց-ճամբարի հանդիսավոր բացումը:
Ներկա էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հովանու ներքո ամառային դպրոց-ճամբար այստեղ գործում է 2014 թվականից, իսկ տարվա ընթացքում` կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են ենթաշրջանի դպրոցների բնագիտամաթեմատիկական հակումներով երեխաները, որոնց հետ պարապմունքներ են անցկացնում ԱրՊՀ համապատասխան մասնագետները: Ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների հետաքրքրությունը բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ, նրանց տալ մաթեմատիկական և ծրագրավորման բազային գիտելիքներ, ի հայտ բերել հեռանկարային աշակերտներին, ծանոթացնել նրանց արցախցի մեծ գիտնականների հայտնագործություններին և կողմնորոշել դեպի գիտության ուղղությունները:
Ճամբարին մասնակցում են Ծմակահողի կիրակնօրյա դպրոցի աշակերտները և հարզազրույցի արդյունքներով ընտրված` ենթաշրջանի դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներ, ընդհանուրը` 70 հոգի:
Անդրանիկ Իոսիֆյան գիտնականի, գյուտարարի, ճարտարագետի, քաղաքացու, իր բնօրրանին նվիրված մարդու կերպարը հպարտություն է առաջացնում յուրաքանչյուր հայի և առանձնապես` արցախցու մեջ:
Նա ոչ միայն 20-րդ դարի ծնունդ է (ծնվ. 1905թ.), այլև 20-րդ դարը կերտողներից: Հայ ճարտարագետն ու գյուտարարը էլեկտրամեխանիկայի խորհրդային դպրոցի, խորհրդային հրթիռաշինության և տիեզերագնացության նախահայրերից է:
Ա. Իոսիֆյանն իրականացրել է սոցիալիստական առաջին երկրի էլեկտրիֆիկացումը, մասնակցել տիեզերքի նվաճմանը: Ռազմական և տիեզերագնացության գլխավոր կոնստրուկտորներից մեկն էր: Խորհրդային առաջին տիեզերանավերն ամբողջությամբ հագեցած էին Իոսիֆյանի ստեղծած էլեկտրասարքավորումներով: Մասնագետները նրա անունը դասում էին Կուրչատովի, Կորոլյովի և Կելդիշի կողքին: Մեծ գիտնականն ամուր թելերով կապված էր իր ծննդավայրի հետ, ամառները արձակուրդներն անց էր կացնում հայրենի գյուղում, շփվում գյուղացիների հետ, մասնակցում խոտհարքին, խորհուրդներ տալիս, օգնում գյուղին:
Բնական է, որ Ծմակահողում բնագիտական ամառային դպրոց-ճամբարի բացման արարողությունն էլ պետք է սկսվեր հանճարեղ զավակի մասին զրույցով, որն էլ ներկայացրեց Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ճամբարի ստեղծման ջատագով Կարեն Արամյանը: ՙԱնդրանիկ Իոսիֆյանին երախտապարտ լինելու դրսևորումը պիտի լինի Արցախում բնագիտամաթեմատիկական ուղղության զարգացումը: Երեխաներին ճամբար բերելու հիմնական նպատակներից մեկը հենց դա է. նախ` զգան Իոսիֆյանի ոգին, երկրորդ` ընտրեն այնպիսի ուղղություններ, որոնցով լավագույն ապագա ստեղծեն իրենց և մեր երկրի համար՚,- ասաց նա և աշակերտներին մաղթեց միշտ ՙտառապել՚ առաջադեմ գաղափարներով:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը երեխաներին հորդորեց ճանաչել մեր մեծերին և նաև հասկանալ, որ իրենք էլ այդ նույն գեների կրողներն են, և դրանք կարթնանան նրանց մեջ, եթե յուրաքանչյուրն իր առջև դնի նպատակ ու հետևողական աշխատանք տանի գիտելիքների յուրացման ուղղությամբ, ճանաչելի դառնալ ոչ միայն հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում: Նա մաղթեց նրանց բնության այդ հիասքանչ անկյունում հաճելի հանգիստը զուգորդել նոր գիտելքիներով զինվելու հետ և կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտության հարցում:
Շրջանի ղեկավարության անունից մասնակիցներին ողջունեց և ճամբարի ճանաչողական, ուսուցողական, դաստիարակչական առաքելությունը կարևորեց Մարտակերտի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը:
Ճամբարում դասընթացներ են վարում ԵՊՀ ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Ավետիսյանը, ուսանողներ, ֆիզմաթ դպրոցների բարձր դասարանցիներ, մասնագետներ Արցախից:
Ս. Ավետիսյանը` ճամբարի շարժիչ ուժը, ով Ա. Իոսիֆյանի քրոջ աղջիկն է, իր գոհունակությունը հայտնեց մասնակիցների և դասավանդողների խմբերից: ՙԱյս դպրոցի գլխավոր դերը ոչ միայն այն է, որ երեխաների մեջ սեր արթնացնենք դեպի բնագիտամաթեմատիկական առարկաները, այլև այն, որ նրանք հասկանան, թե որ ուղղությամբ պետք է գնան: Շփումներն ուսանողների, Երևանի լավագույն դպրոցների ներկայացուցիչների հետ նրանց հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել՚,-ասաց նա:
Ի դեպ, Վանք գյուղից կիրակնօյա դպրոց և հինգ տարի ճամբար հաճախած այս տարվա շրջանավարտներից մեկն ընդունվել է ԵՊՀ ծրագրավորման բաժին: Տեղեկացանք, որ ճամբարականների մեջ կան հետևորդներ: Ս. Ավետիսյանը շուրջ երկու տասնամյակ հատուկ դասընթացներ է վարում ԱրՊՀ-ում: Արցախում ծրագրավորման գործընթացի հիմնադիր, ԱրՊՀ պրոռեկտոր և այս ճամբարի ակտիվ նախաձեռնող Գեորգի Սահակյանը տեղեկացրեց, որ համալսարանի գիտխորհուրդը որոշում է կայացրել Սվետլանա Ավետիսյանին ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեու մասին` Ծմակահողի կիրակնօրյա դպրոցի և ճամբարի ու համալսարանի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար, և նրան հանձնեց վկայականը:
Ճամբարականներին ծրագիրը մատուցվում է դասախոսությունների, թեմատիկ բանավեճերի, դասընթացների, խաղերի, մրցույթների միջոցով: Նրանց համար կազմակերպվելու են նաև արշավներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր, այցեր թանգարաններ, նախատեսված է մարզամշակութային ժամանց:
Մարդու կյանքը կարճ է, բայց նրա հոգին, միտքը, կատարած գործն անմահ են: Արցախի մեծ զավակ Անդրանիկ Իոսիֆյանի կենդանի հոգին սավառնում է հայրենի եզերքի երկնակամարում` կենսալիցքերով կենարար դաշտ ստեղծելով բարի պտուղների համար:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ