[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության վարչության հետ համատեղ իրականացվեց ՙԱրցախի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություն. զարգացման ուղիները՚ հետազոտական ծրագիրը։

Դրա ամփոփ վերլուծությունը ներկայացվեց հուլիսի 24-ին Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն Հոթելի՚ նիստերի դահլիճում։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, տարբեր ոլորտների նախարարներ, ծրագրի պատասխանատուներ։  Ժողովրդագրական վիճակի և զարգացումների համակարգված ուսումնասիրությունը և զարգացման քաղաքականության լուծումների բացահայտումը ԱՀ¬ում խիստ կարևր հիմնախնդիր է, ինչը կապված է երկրի սոցիալ¬տնտեսական զարգացման կայուն հիմքերի և անվտանգության ապահովման հետ։ Հետազոտության վերաբերյալ ամփոփ վերլուծությունը ներկայացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը և նույն կառույցի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը։ Իրականացված ուսումնասիրությունը նպատակ ուներ բացահայտել ԱՀ ժողովրդագրական վիճակի վրա ազդող մի շարք գործոնների, մասնավորապես՝ բնակչության միգրացիոն տրամադրվածության և ծնելիության հետ կապված խնդիրները։ Հետազոտողներն ուսումնասիրել և վեր են հանել ժողովրդագրական գործոնների փոփոխության պատճառահետևանքային կապերը և ներկայացրել դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։ 

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենը ներկայացրեց ծրագրի մեթոդաբանական մոտեցումները, տեխնիկական մանրամասները։ Հիմնախնդիրների հետ կապված դիտարկվել են բուն ժողովրդագրական ցուցանիշները, դրանց փոխառնչությունները և ժողովրդագրական զարգացման ուղիները։ Ծրագրում կարևոր գործոններ են համարվում ծնելիության հիմնախնդիրը, որը ենթադրում է պետության կողմից իրականացվող ծրագրեր, ինչպես նաև միգրացիայի մեխանիկական շարժը, բնակչության կյանքի որակի բարձրացումը։ Աշխատանքները մեկնարկել են անցյալ տարվանից, ինչի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել երկու գործընկեր կառույցների ներկայացուցիչների միջև, որպեսզի հետազոտությունները ճշգրիտ իրականացվեն։ Նմանատիպ ծրագիր իրականացվել է նաև ՀՀ¬ում։ Հետազոտության պատասխանատուների խոսքով՝ հարցաթերթիկներով հավաքագրված արդյունքները մուտքագրվել են մասնագիտական տեղեկատվական համակարգ։ Նմանատիպ հետազոտական ծրագրեր առաջին անգամ չեն իրականացվում Արցախում։ Աշխատանքները մեկնարկել են երկու նախարարությունների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։ 

Փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը, ներկայացնելով ծրագրի արդյունքները, նշեց, որ հարցումներն իրականացվել են ԱՀ  614 ընտանիքներում և այդ ընտանիքների 2070 չափահաս անդամների շրջանում։ Փորձագիտական հարցումների անցկացման համար ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության վարչությունն ընտրել է արցախցի 50 փորձագետի։ Համատեղ աշխատանքի շնորհիվ լրացված հարցաթերթերը համապատասխանել են պահանջվելիք չափանիշներին և ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ։ Հավաքագրված տվյալները մշակվել և մուտքագրվել են համապատասխան տեղեկատվական-վիճակագրական, վերլուծական ճշգրիտ համակարգերի շնորհիվ։ 

Հետազոտության արդյունքներով ԱՀ բնակչության թվաքանակը, որպես ժողովրդագրական կարևոր ցուցանիշ, 1996-2018թթ. ունեցել է շարունակական աճի միտում 0,8%-ով, որը փոքր-ինչ նվազել է 2012-2013թթ., սակայն այդ աճի միտումը 2015-2018թթ. երկու անգամ` 0,4%-ով, կրճատվել է։ Ժողովրդագրական կարևոր ցուցանիշ է համարվում նաև ամուսնությունների թիվը, որը 2008թ. կտրուկ աճել է հայտնի Մեծ հարսանիքի շնորհիվ։ Դրանից հետո ամուսնությունների ցուցանիշը սահուն կերպով սկսել է նվազել։ 614 հարցվողներն ընտրվել են ԱՀ բոլոր շրջաններից և, բնականաբար, մեծ մասը Ստեփանակերտից էին, որովհետև բնակչության գերակշիռ մասը տեղակայված է մայրաքաղաքում։ Այդ ընտանիքներից  522-ը հարցումների պահին եղել են զբաղված և ունեին հստակ աշխատանք։ Դրանք ինքնուրույն զարգացող ընտանիքներ են, որտեղ  ընդգրկված  3394 անձից 2070-ը չափահաս անդամներ էին։ Ընտանիքները միջինում 5 անդամից էին բաղկացած։ Հետազոտությունների արդյունքներով՝ այդ ընտանիքների միջին եկամուտը կազմել է 236 հազար 899 դրամ։ Նշված ընտանիքների 26,5 %-ն ընդգծել է, որ իրենց ընտանիքի եկամուտը վերջին երեք տարիներին աճել է, 54,3 %-ինը գործնականում չի փոփոխվել, իսկ 15%-ը նշել է, որ իրենց եկամուտներն աստիճանաբար նվազել են։ Ըստ վարչական շրջանների` ամենաբարձր եկամուտ ունեցող ընտանիքները Ստեփանակերտից էին, իսկ ամենացածրը` Քաշաթաղից։ 

Ընտանիքների ծախսերի բաշխվածության սանդղակով պարզվել է, որ նրանց առավելագույն ծախսերն օգտագործվում են սննդի համար, իսկ բնակարանի ձեռքբերման, առողջապահական որոշակի ծախսերի, ճամփորդությունների և այլ խնդիրների համար բավականին քիչ գումար է հատկացվում, և նմանատիպ ծախսեր ընտանիքները ոչ միշտ են կարողանում կատարել։ 

Զուտ ժողովրդագրական ցուցանիշների վրա ազդող գործոններից էին ՀՀ և արտերկիր աշխատանքի մեկնող ընտանիքները։ Հարցվողների հիմնական մասը երկրից հեռանում է աշխատանքի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով։ Միայն 15-16 %-ն է ռազմական իրավիճակի, ապագայի նկատմամբ անվստահության պատճառով լքում հայրենիքը։ Սոցիալական անբավարար պայմանների  հետևանքով ընտանիքների 68 %-ը չի պատրաստվում երեխա ունենալ, իսկ երիտասարդների հիմնական մասը չի շտապում ամուսնանալ բնակարանային խնդիրների և ոչ բարվոք սոցիալական պայմանների պատճառով։ 

Հետազոտությունների ժամանակ անդրադարձել են նաև երեխաների հիմնախնդիրներին, նրանց ներգրավվածությանը մանկապարտեզներում, ուսումնական հաստատություններում, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններին։ Ընդհանուր առմամբ` հարցվողները խիստ գնահատական են տվել պետական աջակցությանը։ Այսպես, 5 միավորով գնահատման սանդղակով պետական աջակցության միջին գնահատականը կազմել է 2,94։ 

ԱՀ ժողովրդագրական ցուցանիշների վիճակագրական վերլուծությունների վերաբերյալ հետազոտողները ներկայացրին մշակված առաջարկությունների փաթեթ՝ ժողովրդագրության զարգացման խնդիրների կոնկրետ լուծումների վերաբերյալ։ 

ԱՀ աշխատանքի, սոցիալական և վերաբնակեցման հարցերի նախարար Ս. Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ իրականացված հերթական հետազոտական ծրագրի համար և հույս հայտնեց, որ նման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։ Բացի դրանից, նախատեսվում է ԱՀ-ում նույնպես ունենալ հետազոտական կենտրոն, որպեսզի տեղում կատարվեն նմանատիպ աշխատանքներ։ ՙԱյս ուսումնասիրությամբ նպատակ ենք ունեցել հասկանալ եղած խնդիրների ճշգրիտ տեղեկատվությունը, որի հիման վրա էլ փորձել գտնել լուծումներ։ Իրականացնում ենք նոր ուսումնասիրություն գյուղաբնակ երիտասարդների հիմնախնդիրների առումով, որը մոտ ժամանակներս կներկայացնենք շրջանների պատասխանատուներին։ Նման հետազոտություններն անհրաժեշտ են, դրանք հնարավորություն են տալիս վերհանել խնդիրների չափերը և ներկայացնել տարբեր ոլորտների ղեկավարներին ու համատեղ քննարկումների արդյունքում փորձել լուծումներ գտնել՚,- վերջում հավելեց Ս. Ավանեսյանը։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ