[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՈՇԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՔԻՉ ՉԵՆ ՆԱԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մարտունու քաղաքապետ Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ ՙԱԱ՚-ի հարցազրույցը քաղաքապետարանի գործունեության, քաղաքի խնդիրների շուրջ է:

 -Պարոն Խաչատրյան, ե՞րբ եք ընտրվել և ի՞նչ հարցեր է իրավասու լուծել քաղաքապետարանը:

-Ընտրվել եմ 2011 թվականին և հետո կրկին վերընտրվել: Մինչև 2018թ. առկա կոմունալ տնտեսություններն աշխատում էին քաղաքապետարանի ենթակայության տակ, և քաղաքապետարանը, ինչպես կարգն է, վերահսկողության գործառույթներ էր իրականացնում: 2018թ.-ից կոմունալ տնտեսություններն առանձնացվեցին քաղաքապետարանի կազմից և միավորվեցին ՙՎարանդաշին՚ ՓԲԸ-ի հետ, այսինքն` շրջանի սանմաքրման, աղբահանության, կանաչապատման և բարեկարգման ողջ գործառույթները դրվեցին նշված ընկերության վրա: Քաղաքապետարանն ունի 10 հաստիք, բոլոր գործերն էլ կատարվում են Մարտունու շրջվարչակազմի հետ համատեղ: Ինչպես ՙՎարանդաշին՚ ՓԲԸ-ի, այնպես էլ գործող մնացած կառույցների հետ համագործակցում ենք շրջվարչակազմի միջոցով: Քաղաքապետարանի քարտուղարը զբաղվում է մեծածավալ գործունեությամբ. նա քաղաքացիներին տրամադրում է տարբեր տեսակի տեղեկանքներ, արձանագրում  ավագանու նիստերը, շահագրգիռ մարմիններին տրամադրում  համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները և, ըստ պահանջի, այլ փաստաթղթեր: Հարկերի, տուրքերի հավաքագրման գծով զբաղվում է համապատասխան մասնագետը: Ունենք ճարտարապետ, իրավաբան, հողաշինարար, գլխավոր հաշվապահ և քաղաքացիների սոցիալական հարցերով զբաղվող մասնագետ: Ես աշխատում եմ 11 անդամներից բաղկացած ավագանու կազմի հետ: Քաղաքապետարանի վրա է դրված քաղաքի արտաքին լուսավորման հարցը, ինչը շատ բարդ խնդիր է, քանի որ չունենք համապատասխան տեխնիկա: Մասնավորին դիմելով՝ կանգնում ենք մեծ ֆինանսական խնդրի առջև: Եվ, հիմնականում, հարցը լուծվում է տնայնագործական, պրիմիտիվ եղանակով: Քաղաքապետարանն ունի առանձին բյուջե, որի 35 տոկոսը կազմվում է սեփական եկամուտներից, 65-ը` պետության կողմից դոտացիան է:

-Այնուամենայնիվ, Դուք տարիներ շարունակ զբաղվել եք կոմունալ տնտեսությունների հարցերով և, անշուշտ, այժմ էլ տեղեկացված եք դրանց աշխատանքների արդյունավետությամբ:

-Աշխատանքներ, իհարկե, կատարվում են, բայց դրանք չեն կարող լինել արդյունավետ, քանի որ անգամ կենտրոնական փողոցները բարեկարգված, ասֆալտապատված չեն, և մաքրության ուղղությամբ կատարած աշխատանքները չեն երևում, փողոցները շատ արագ են կեղտոտվում, հատկապես անձրևոտ եղանակներին: Ունենք աշխատանքային քարտեզ, որտեղ նշված են այն կենտրոնական փողոցները, որոնք հերթականությամբ պետք է այս տարի ասֆալտապատվեն: Այդ աշխատանքները կիրականացնի վերը նշված ՙՎարանդաշին՚ ՓԲԸ-ն: Քաղաքապետարանի որոշմամբ աղբանոցի համար հատկացված է քաղաքից 4 կմ հեռու գտնվող տարածք, որը տարին 2-3 անգամ պարտադիր մաքրվում է: Ուրախությամբ փաստեմ, որ վերջապես լուծված են քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման, ջրահեռացման երկար տարիների խնդիրները, ինչն արվել է շնորհիվ ԱՀ իշխանությունների և ՙՀայաստան՚ հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ: Աշխատանքներն իրականացրել է ոչ տեղական ընկերություն, որը  կատարել է ողջ քաղաքի ջրագծերի համակարգի խողովակների նորացման, նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ: Սակավաջրության դեպքերում օգտվում ենք արտեզյան ջրհորերից: Վերահսկողություն է իրականացվում նաև ոռոգման համակարգի հանդեպ: Սակայն պետք է նշեմ, որ շուրջօրյա ջրամատակարարման համակարգի անցկացման ժամանակ տեղի ունեցած հողաքանդման աշխատանքներն ավելի են նպաստել ճանապարհների անմխիթար վիճակին: 

Մարտունու համար մյուս մեծ ձեռքբերումը կոյուղագծերի անցկացումն է, որի աշխատանքներն իրագործվեցին  ջրամատակարարման համակարգի փոփոխման աշխատանքներին զուգահեռ: Ինչ վերաբերում է կանաչապատմանը. 2014-2015թթ. շատ բարենպաստ էին այդ առումով, ինչը կապված էր Երևանի վարչական տարածքի հետ համագործակցության ծրագրի հետ: Մարտունիում առաջին անգամ, շնորհիվ այդ ծրագրի, սիզամարգերում աճեցվել են գեղեցիկ ծաղիկներ: Սակայն կանաչ տարածքների պահպանման հարցում առնչվում ենք մեծ խնդրի հետ. ցավոք, մեր երեխաները (և` ոչ միայն) չունեն կանաչ տարածքների պահպանման մշակույթ, նրանք հաճախ ցուցաբերում են անխնա վերաբերմունք դրանց նկատմամբ: Դա դաստիարակման խնդիր է, որը գաղափարախոսությամբ, անձնական օրինակով վաղ տարիքից ծնողների, մանկավարժների կողմից պետք է քարոզվի, իսկ ավելի շուտ երեխաներին պետք է վստահվի (մեծերի վերահսկողությամբ) ծառ ու ծաղիկների խնամքը: Գուցե պետք է վերականգնվի՞ այն ավանդույթը, երբ դպրոցի օժանդակ տարածքի, հողամասի խնամքը դրված էր մեծ ու փոքր դպրոցականների վրա: Շատ եմ կարևորում այդ մշակույթի դաստիարակումը մեր ժողովրդի մեջ: 

-Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների համագործակցության համաձայնագրի շրջանակներում վերջին տարիներին համագործակցության ծրագրեր են մշակվել նաև Երևանի վարչական տարածքների և Արցախի շրջանների միջև: Ո՞ր վարչական շրջանի հետ եք համագործակցում և ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:

-Մարտունին համագործակցում է Երևանի Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների հետ, հիմնականում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Ի նշանավորումն բարեկամության` Արաբկիր վարչական շրջանի կողմից հիմնադրվել է այգի,  Շենգավիթ շրջանի հետ կա պայմանավորվածություն Մարտունու կենտրոնում երկու տարածքի բարեկարգման ծրագրերի իրականացման վերաբերյալ: Մշակված են նախագծանախահաշվային փաստաթղթերը և, ամենայն հավանականությամբ, օգոստոսին կմեկնարկի նշված ծրագրերից մեկը:

-Տեղեկացված ենք, որ Մարտունին բարեկամության հռչակագիր է ստորագրել Ֆրանսիայի երկու քաղաքների հետ: Զարգանո՞ւմ են այդ կապերը: 

-Մի քանի տարի առաջ Մարտունու հետ բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե Պեն Միրաբո քաղաքի հետ, որի արդյունքում այդ քույր քաղաքի ղեկավարությունը հոգացել է Մարտունու արվեստի դպրոցի որոշ կարիքներ. նրանց դրամական օգնության միջոցով կահավորվել է դպրոցի դահլիճը, ձեռք են բերվել երաժշտական գործիքներ, համակարգիչ: Սակայն կապը չի զարգանում, քանի որ ունենք լեզվական խնդիր, որը մեծ խոչընդոտ է առաջացնում ավելի սերտորեն շփվելու համար: Չկա թարգմանչի հաստիք, որպեսզի կապը լինի մշտական, կատարվի որոշակի հաշվետվություն, առաջարկություններ արվեն, հրավերներ ուղարկվեն նախատեսվող հետաքրքիր միջոցառումների դեպքում: Այսպես, Արցախում սկսվել է զարգանալ էկո-էքստրեմալ տուրիզմը, ինչն աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում, կարելի է նաև դրանով շահագրգռել:

-Ապրիլի սկզբներին Դուք Մարտունու շրջանի կողմից ԱՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում, բարեկամության հռչակագիր եք ստորագրել Բուր-դե-Պեաժ քաղաքի հետ: Ո՞ր ասպարեզում է նախատեսվում կապեր զարգացնել և ի՞նչ առաջխաղացում է սպասվում:

- Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջև վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի հաստատումը: Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Մարտունին և Բուր-դե-Պեաժ քաղաքները պարտավորվում են փոխգործակցություն ծավալել մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում` հիմնված համերաշխության, արժանապատվության և մարդու նկատմամբ հարգանքի վրա: Սակայն վերը նշված խնդիրը, այսինքն` թարգմանչի բացակայությունը, առաջ է բերում շփման անհնարինություն և հավանական ծրագրերի, լավագույն դեպքում, հետաձգում:

-Անցած տարի առաջին անգամ մեծ շուքով Մարտունիում անցկացվեց նռան փառատոն: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում և կունենա՞ շարունակություն:

-Փառատոնը հետապնդում էր երկու նպատակ. խրախուսել նուռ արտադրողներին, ինչպես և առաջացնել հետաքրքրություն զբոսաշրջիկների շրջանում: Իսկ ամենակարևորը՝ տոն պարգևել մարտունեցիներին և մերձակա գյուղաբնակներին և, ինչու չէ, նաև Արցախի մյուս շրջաններին: Փառատոնը նաև սոցիալ-տնտեսական զարգացման խթան կհանդիսանա շրջանի համար: Այն կլինի ամենամյա և տեղի կունենա ամեն տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը:

-Զարգացման ի՞նչ ուղղություններ եք տեսնում Մարտունու համար:

-Անշուշտ, դա նախևառաջ ժամանակակից գյուղատնտեսության ուղին է, որն արմատապես տարբերվում է ավանդական գյուղատնտեսությունից՝ թե՜ ոռոգման արդի համակարգով, թե՜ նոր տեխնիկայի օգտագործմամբ, որն ունի բազում հնարավորություններ, ինչպես և ագրոմիջոցառումների իրականացման ձևերով` սնուցման մեթոդներ, հիվանդությունների դեմ պայքար և այլն: Հեռանկարային է նաև պտղատու այգիների զարգացումը: Կարծում եմ, այս ամենը խթան կհանդիսանա երկրի դինամիկ և համամասնական զարգացման համար:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ