ՔՅՈՒՐԱԹԱՂՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՆ
Քյուրաթաղի համայնքը Հադրութի շրջանի կայացած համայնքներից է:
Այն առանձնանում է համայնքային բուռը կյանքով ու բնակիչների ներքին համախմբվածությամբ: Համայնքում արտագաղթ չկա, երիտասարդները մնում են գյուղում և իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում գյուղը: Այն տեղակայված է Վանեսա սարի ստորոտում, հյուսիս-հարավ մայրուղուց 17 կմ հեռավորության վրա: Գյուղում կա Սուրբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար), որը վերանորոգվել է համագյուղացի բարերարի միջոցներով:
1990 թվականին գյուղում կազմավորվել էր կամավորական ջոկատ, որի հենքի վրա 1992-ին ձևավորվել էր Առաջին պաշտպանական գնդի վաշտերից մեկը: Արցախյան գոյամարտում գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքում առկա է 79 տնտեսություն, բնակչության թիվը` 343 մարդ: Համայնքում բնակչության աճ է գրանցվել` 2017 թվականին ծնվել է 9 երեխա: Մինչև 5 տարեկան մոտ 40 երեխա կա գյուղում: Գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 64 աշակերտներ, նրանց ուսուցմամբ զբաղված են 23 ուսուցիչներ: Ակումբը դարձել է երիտասարդության հավաքատեղի, սակայն այն վերանորոգման կարիք ունի: Բուժական-մանկաբարձական կետն ապահովում է գյուղի բնակչության բուժսպասարկումը: Գյուղը լրիվությամբ էլեկտրիֆիկացված է, ապահովված հեռախոսակապով, հասանելի է համացանցը: Ապահովված է խմելու ջրով, փորվել է արտեզյան ջրհոր, վերակառուցվել է գյուղի ներքին ջրատար ցանցը: Լուծում է ստացել գյուղի բնակչությանը հուզող հարցերից մեկը` կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է գյուղապետարանի աշխատակազմը, բուժական-մանկաբարձական կետը, գրադարանը, համակարգչային սենյակը: Գործում է հանդիսությունների տունը:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Համայնքի ընդհանուր տարածքը 578 հա է, որից 530 հա` գյուղատնտեսական նշանակության հողեր: Վարելահողերը կազմում են 162,21 հա: 2018 թվականի բերքի տակ կատարվել է 90 հա ցորենի ցանքս: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ անասնագլխաքանակի նվազում է գրանցվել: Ենթաշրջանի զարգացման ծրագրով փորվել է արտեզյան ջրհոր բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման նպատակով:
Համայնքն ունի մի շարք չլուծված խնդիրներ: Չնայած գյուղում կառուցվել են բնակելի տներ բազմազավակ և զոհված ազատամարտիկի ընտանիքների համար, բայց և այնպես դեռևս բնակարանի պակասի խնդիր կա: Գյուղի ներքին ջրատար ցանցը, գյուղ մտնող ճանապարհը և գյուղամիջյան փողոցները վերանորոգման կարիք ունեն: Բնակչությունը հավատով է լցված ապագայի հանդեպ և հույսով է, որ, լուծելով այս խնդիրները, համայնքը զարգացում կապրի:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ